Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Դեմ եմ պարտադիրին» շարժման անդամ Գևորգ Գորգիսյանը դրական է գնահատում նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` սեղմ ժամկետներում նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։ Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե այդ օրենսդրական նախաձեռնությունն ընդունվի, ապա դա հնարավորություն կտա գործատուներին չփոխանցելու գանձումներ ու չտուգանվելու:
«Այսօրվա մեր բողոքի ակցիայի ժամանակ մենք խոսելու ենք նաև այդ հանձնարարականի մասին: Ինչևէ, մենք շատ ադեկվատ մարդիկ ենք, և եթե խնդիրը փոքր քայլերով լուծվելու է, մենք միայն ուրախ ենք: Փաստորեն, հնարավոր է ի կատար ածվեն ՍԴ այն որոշումները, որոնք ի սկզբանե պետք է ի կատար ածվեին»,- ասաց Գևորգ Գորգիսյանը` հավելելով, որ ՍԴ-ն մինչև սեպտեմբերի 30-ը ժամանակ տվել է նրա համար, որ կառավարությունն ու ԱԺ-ն կատարեն համապատասխան փոփոխություններ նոր օրենքում, ուստի տույժերի հաշվարկի կասեցումը առաջին քայլն է, որպեսզի քաղաքացին կարողանա իր կամաարտահայտումն անել, և եթե չի ուզում վճարը փոխանցել, չփոխանցի:
Գևորգ Գորգիսյանը հույս ունի, որ տույժերի հաշվարկի կասեցումից հետո երկրորդ քայլը պետք է լինի այն, որ մարդկանց վերադարձվեն մինչ այժմ գանձված գումարները, որովհետև այդ գումարները արդեն նպատակային չեն ու չեն ծառայելու մարդկանց բարեկեցիկ ապագային:
Մինչ այժմ անհստակություններն այնքան շատ են եղել, կուտակային օրենքի հետ կապված, որ Գևորգ Գորգիսյանը վերապահումով է ուրախանում` վարչապետի հանձնարարականի հետ կապված: Նրա համար անսպասելի չէր Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը, որովհետև, Գ.Գորգիսյանի խոսքով, վերջերս Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր գործատուների հետ, լսել նրանց մտահոգությունները, ուստի ենթադրվում էր, որ, այդ մտահոգություններին ի պատասխան, ինչ-որ բան պետք է արվի, մանավանդ, որ «Դեմ եմ պարտադիրին» շարժումը ցույց է տվել, որ ոչ մի կերպ չի նահանջելու:
Հարցին` ի՞նչ իրավիճակ է առաջանալու, եթե ԱԺ-ն ընդունի Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի հիման վրա մշակված օրենքի նախագիծը, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց, որ սպասելու են նոր օրենքին, որը հայտնի չէ, թե ինչ բացեր է ունենալու: