Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արեն Վաթյանի «Կավե մարդը» դեբյուտային ֆիլմի երևանյան պրեմիերայից մոտ մեկ տարի է անցել, բայց ֆիլմն արդեն հասցրել է միջազգային պատվավոր կինոփառատոներում հաջողություններ գրանցել: ՅՈՒՆԵՍԿՕ-ին առընթեր «UNICA» միջազգային կինոփառատոնից վերջին անգամ 1988-ին էր Հայաստանը մրցանակով տուն վերադարձել, եւ երկար տարիների դադարը «խախտեց» «Կավե մարդը» ֆիլմը' արժանանալով ոսկե մեդալի, իսկ գլխավոր դերակատար Կարեն Ջանգիրովը ստացավ «Տղամարդու լավագույն դեր» մրցանակը: Սակայն սա ֆիլմի հաղթարշավի սկիզբն էր' Սկանդինավյան երկրների միջազգային փառատոնում ֆիլմը ստացել է առաջին մրցանակ, իսկ Լոս Անջելեսում կայացած «NOFI» ուսանողական և ոչ կոմերցիոն ֆիլմերի համաշխարհային փառատոնում ՝ պատվավոր դիպլոմ: Օրեր առաջ էլ ֆիլմը, մասնակցելով Բեռլինի «Nachbarn bei Freunden» միջազգային փառատոնին, արժանացել է Գրան պրիի:
Yerkir.am-ի զրուցակիցն է դերասան, կինոռեժիսոր Արեն Վաթյանը:
-Սկսնակ ռեժիսորի համար դաշտում կայանալու ի՞նչ առավելություններ կան:
-Շատ քիչ հնարավորություններ կան, ունենք-չունենք' Հայաստանի ազգային կինոկենտրոնն է' միակ պետական կառույցը, որն աջակցում է քեզ: Բայց այնպես չէ, որ նրանց աջակցության շնորհիվ լուծվում են բոլոր խնդիրները, օրինակ` ես չտեղավորվեցի նրանց տված գումարի մեջ, կողքից էլ գումար ներդրվեց' չհաշված այն հանգամանքը, որ մի քիչ սցենարը ձևափոխեցի' բյուջեին համապատասխան: Դու պետք է քո քայլերը հաշվարկես' ըստ քո բյուջեի, քանի որ երբ մտածում են' այ, եթե այսքան ռեսուրսներ ունենայի' նման բան կիրականացնեի, ու տրվում են չեղածին, արդյունքը դառնում է տնազ: Ո՞վ է ասում, որ քիչ ռեսուրսներով չես կարող լավ ֆիլմ նկարել: Այո, դժվար է սուղ բյուջեով կոմերցիոն ֆիլմ նկարել: Ի դեպ, ես ինքս էլ ցանկություն էի հայտնել, թե կուզեի կոմերցիոն ֆիլմ նկարել, քանի որ հետաքրքիր է' որքանո՞վ կկարողանամ արդարացնել ինձ այս ճյուղում:
-Ֆիլմարտադրությամբ հնարավո՞ր է Հայաստանում գումար վաստակել, կոմերցիոն ֆիլմ կոչվածն ինչո՞ւ է գրեթե բացակայում դաշտից:
-Դե, այնպես չէ, որ իսպառ բացակայում է: Օրինակ` «Շարմ» հոլդինգը տարվա մեջ գոնե մեկ կոմերցիոն ֆիլմ է նկարում: Կարծում եմ' լավ է, պետք չէ անընդհատ ասել, թե դա կինո չէ, արվեստ չէ: Այդ մարդիկ չեն էլ հետապնդել վեհ գաղափարներ, նրանք իրենց առջև խնդիր են դրել' լայն զանգվածների համար զվարճացնող ֆիլմ նկարել և դա արել են պատշաճ մակարդակի: Ֆիլմում ծախսված գումարը հետ բերել, դեռ մի բան էլ շահույթ ստանալ' շատ դժվար է, քանի որ մեր ֆիլմերի հիմնական սպառողը ներքին շուկան է, իսկ այն շատ փոքր է: Ավելի ճիշտ կլիներ իրականացնել մի նախագիծ, որը հետաքրքիր կլիներ նաև դրսի հանդիսատեսին, ինչպես մենք ենք նայում օտարազգի ռեժիսորների ֆիլմերը: Մենք շատ ենք շեշտն ազգայինի վրա դնում, մեր հումորը, դրաման շատ ազգային են:
-Իսկ ի՞նչ կասես կինո դիտելու կուլտուրայի մասին, Հայաստանում, կարծես, այնքան էլ կինո դիտելու մշակույթ չի ձևավորվում:
-Այո, և դա գալիս է երկրի ընդհանուր վիճակից' հոգսերն ու առօրյան այնքան են մարդկանց խեղդում, որ նույնիսկ 1500-2000 դրամը մարդիկ նախընտրում են չվատնել և սպասել' մինչև ֆիլմը համացանցում կհայտնվի: Բացի դրանից` ընդամենը մեկ-երկու կինոթատրոն ունենք, էլ չասեմ արտագաղթի աճող տեմպի մասին. նույն հանդիսատեսն է, չէ՞, արտագաղթում: Մենք նաև մասնագետների պակաս ունենք, այսինքն' այնպես չէ, որ ընդհանրապես չկան, բայց պրոֆեսիոնալները շատ քիչ են: Կինոն կոլեկտիվ արվեստ է' տարբեր օղակներից բաղկացած, և եթե օղակներից մեկը թերանում է, անմիջապես զգացվում է:
-Բայց պետք է, չէ՞, ինչ-որ քայլ անել, ինչի՞ց է պետք սկսել:
-Վերցնել մի լավ գործ ու փորձել այն նկարահանել, հավաքել լավ ֆիլմ, անհրաժեշտության դեպքում' մասնագետներ հրավիրել դրսից: Ոչ թե, ինչպես մեզ մոտ է ընդունված, վերցնել մի գործ և տարիների ընթացքում կուտակվածը, քանի դեռ ձեռքում հնարավորություն կա, խցկել ֆիլմի մեջ: Վերջին տարիներին նկարահանված ֆիլմերի մեջ, որպես կայացած ֆիլմ, ֆիլմ, որը հասավ իր նպատակին, ես կառանձնացնեի «Poker.am»-ը և «Հոբելյանական հաճախորդը»:
Կարինե Հարությունյան