Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2013 թվականին ՎՊ-ի իրականացրած վերահսկողության արդյունքում մի շարք խնդիրներ են հայտնաբերվել ոչ ռեզիդենտ կամ օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների մասնակցությամբ կազմակերպված գնումների ընթացակարգերում: ՎՊ-ն նշում է, որ ակնհայտորեն ավելացել է ոչ ռեզիդենտ ընկերությունների մասնակցության ակտիվությունը պետական գնումներում:
Տվյալ դեպքում ռիսկային է համարվում այն, որ ոչ ռեզիդենտները մրցույթներում ստանում են շահեկան դիրք: Այդ ընկերությունների համար շահեկան է նաև այն, որ, կախված իրենց կազմակերպաիրավական տեսակից, ՀՀ-ում պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները տվյալ գնման դեպքում չեն կարողանում լիարժեք կերպով իրականացնել վերահսկողություն:
ՎՊ-ն նկատել է ոչ ռեզիդենտ ընկերությունների` «արհեստական ճանապարհով» ստեղծման և դրանց առկայության օգտագործման դեպքեր: Մասնավորապես` որևէ մրցույթով հետաքրքրված տեղական ընկերությունը միտումնավոր ստեղծում է որևէ ոչ ռեզիդենտ ընկերություն կամ կապ է հաստատում համանման ընկերության հետ, որպեսզի շահեկան դիրք գրավելու արդյունքում կարողանա հաղթող ճանաչվել մրցույթում և կնքել պայմանագիր: Արդյունքում` որոշ ոչ ռեզիդենտների մասնակցությունը պետական գնումներին դառնում է զուտ ձևական, գումարները փոխանցվում են հանրապետությունից դուրս: Նվազում է նաև վերահսկելիությունը:
ՎՊ-ն մի ուշագրավ օրինակ է նշում' 2012 թվականին տոհմային երինջներ մատակարարելու համար 19.12.2011թ.-ին գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիր է կնքել «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի և Ա/Ձ Սամվել Ամիրխանյան կոնսորցիումի հետ: Ընկերությունը երինջները ձեռք է բերել Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերությունից, որը ստեղծվել է 2012թ. փետրվարի 29-ին' ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ պայմանագիրը կնքելուց և գումարը փոխանցելուց հետո: Դրա հիմնադիրը Էդիկ Ամիրխանյանն է, ով «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ի տնօրեն Ռադիկ Ամիրխանյանի և Չեխիայում գրանցված Ա/Ձ Սամվել Ամիրխանյանի եղբայրն է:
Մատակարարված երինջների մաքսային հայտարարագրերի համաձայն` մեկ երինջի մաքսային արժեքը կազմել է 1 միլիոն 371 հազար 195 դրամ (ընդամենը 287 միլիոն 950.9 հազար դրամ' 210 երինջի համար) այն դեպքում, երբ պայմանագրի արժեքը եղել է 270 միլիոն 900 հազար դրամ: Հետևաբար' կոնսորցիումը, ըստ ներկայացված փաստաթղթերի, իբրև կրել է 17 միլիոն 51 հազար դրամի վնաս: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պայմանագիրը կնքել էր 210 երինջների ձեռքբերման համար, սակայն նախարարության անունով մաքսազերծվել է 230-ը: Agro-Vest Plus s.r.o. չեխական ընկերության հաշիվ-ապրանքագրերով բոլոր 230 երինջների համար, որպես գնորդ, նշված է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, իսկ որպես վճարող' «ԴԱԽԽԱՆ» ՍՊԸ-ն:
Հիշենք մի կարևոր հանգամանք' կառավարության վերջին' ապրիլի 10-ի նիստի ժամանակ նիստը վարող փոխվարչապետի ԺՊ, տարածքային կառավարման նախարարի ԺՊ Արմեն Գևորգյանը բարձրաձայնեց երինջների համար ֆերմերների կողմից վճարումներ կատարել չկարողանալու խնդիրը: Նշվեց, որ ֆերմերները ֆինանսական խնդիրներ ունեն ու չեն կարողացել տարաժամկետ վճարման պայմանագրով նախատեսված վճարումները ժամանակին կատարել, ինչի հետևանքով, ինչպես նշեց գյուղատնտեսության նախարարի ԺՊ Սերգո Կարապետյանը, առաջացել է մոտ 51 միլիոն դրամի խնդիր, և ֆերմերները կա'մ պետք է մորթեն անասունները` մսի վաճառքից ստացված գումարով պարտքը փակելու համար, կա'մ կառավարությունը պետք է միջոցներ ձեռնարկի...
Հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտների 2-րդ ռազմավարության իրականացման դրամաշնորհային ծրագրի շրջանակում հաշվապահական հաշվառման իրավական ակտերի նախագծերի և ձեռնարկի ամբողջական փորձարկման ու հաշվապահական հաշվառման ավտոմատացված համակարգի ներդրման աշխատանքների ձեռքբերման համար «Four Assist Development Consulting Limited» (Կիպրոս) կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր 704.1 հազ. ԱՄՆ դոլար արժեքով, որն ամբողջությամբ (բացառությամբ հարկերի) փոխանցվել է Կիպրոս' ընկերության հաշվին: Կիպրոսյան ընկերությունն, իր հերթին, պայմանագրի կնքման նույն օրը պայմանագրով նախատեսված խորհրդատվական ծառայության մատուցման համար 288.0 հազ. ԱՄՆ դոլար արժեքով ենթամատակարարի պայմանագիր է կնքել ՀՀ-ում գրանցված «Փի- Էյջ -Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի հետ ու պայմանագրով նախատեսված աշխատանքների ողջ ծավալը ենթամատակարարի պայմանագրով իրականացրել է «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ն: