կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-08 16:57
Տնտեսական

Պետական գնումներում հաղթած ընկերությունը պետք է հայտարարագրի իրական սեփականատիրոջը

 Պետական գնումներում հաղթած ընկերությունը պետք է հայտարարագրի իրական սեփականատիրոջը

Այսօր ԱԺ նիստում ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնում էր «Գնումների մասին» օրենքի նախագիծը, որը մեկ քայլ առաջ է թափանցիկության, հաշվետվողականության կիրառման, ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ: Վարդան Արամյանը խոսեց փոխկապակցված գնումների մասին` ասելով, որ դրա հետ կապված կարգավորումներ կան, եթե, օրինակ, գնումների հանձնաժողովի անձին փոխկապակցված անձը մասնակցում է գնումներին, ապա գնումների հանձնաժողովի անդամը պարտավոր է դրա մասին հայտարարել ու ինքնաբացարկ հայտնել: Գնումների գործընթացում հաղթող ընկերությունը պարտավոր է հայտարարել իրական սեփականատիրոջ մասին:

«Այնպես չէ, որ չինովնիկին փոխկապակցված անձինք ընդհանրապես չեն կարող մասնակցել պետական  գնումներին, այլ պետք է բարձրացնել է հրապարակայնությունն ու թափանցիկությունը` հնարավորինս նվազեցնելով չարաշահումների ռիսկը»,- ասաց Արամյանը:

Նախարարը կարևորեց, որ պետական գնումների պրոցեսում պետք է իրական մրցակցություն լինի, ոչ թե` ստվերային պայմանավորվածություններով ու կոռուպցիոն ռիսկերով, գները լինեն ադեկվատ, որովհետև կներդրվեն անհրաժեշտ գործիքներ:

ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը դիտարկում ուներ, որ ապրանքի ու ծառայության ցածր գնով հաղթած ընկերությունը պետք է որակ ապահովի, բայց դա կասկածելի է: Պատգամավորը հարցրեց` կա՞ն սողանցքեր օրենքում:

Նախարարը պատասխանեց, որ եթե իմանային սողանցքերի մասին, ապա այնպիսի նախագիծ կմշակեին, որ դրանք չլինեին: Նա չկիսեց այն տեսակետը, որ եթե գինը ցածր է, ուրեմն այն անորակ է: