կարևոր
19000 դիտում, 8 ամիս առաջ - 2024-02-21 12:00
Տնտեսական

ՊԵԿ-ը կնախաձեռնի քննարկումներ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

ՊԵԿ-ը կնախաձեռնի քննարկումներ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ

Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով ՀՀ ռեզիդենտների կողմից ՀՀ սահմաններից դուրս ստացված եկամուտների հարկման թեմայի վերաբերյալ հանրային քննարկումները, անհրաժեշտ է համարում ևս մեկ անգամ տեղեկացնել, որ կոմիտեն, գործող օրենսդրական կարգավորումների փոփոխությունների շուրջ պատրաստ է նախաձեռնել քննարկումներ։ Դրանց արդյունքում հնարավոր է նախատեսվեն գործող կարգավորումներից առանձնահատկություններ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած որոշ տեսակի եկամուտների հարկման մասով: Նման քննարկումներ արդեն վարվում են քաղաքականություն մշակող մարմնի հետ։

ՊԵԿ-ը հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում հարկվող` եկամուտ ստացած ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք, այսինքն  այն քաղաքացիները, որոնք հարկային տարվա ընթացքում 183 օր և ավելի փաստացի գտնվել են Հայաստանի Հանրապետությունում և (կամ) որոնց կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանում, ՀՀ օրենսդրության համաձայն, պարտավոր են հաշվարկել  և վճարել եկամտային հարկ` սահմանված դրույքաչափերով (օրինակ, 2023 թվականի համար եկամտային հարկը կազմում է 20 %): 

Ստացված եկամուտներից հաշվարկված եկամտային հարկի գումարները նվազեցվում են ֆիզիկական անձանց կողմից օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի չափով, ինչը չպետք է գերազանցի Հայաստանի Հանրապետությունում հաշվարկվող եկամտային հարկի գումարները: Այսինքն, եթե ՀՀ ռեզիդենտ քաղաքացին աշխատել է այլ պետությունում, ապա նա ունի օտարերկրյա պետությունում վճարված և ՀՀ-ում գործող եկամտային հարկի դրույքաչափի տարբերության չափով եկամտային հարկի վճարման պարտավորություն: Իսկ, եթե օտարերկրյա պետությունում վճարված եկամտային հարկի դրույքաչափը գերազանցում է ՀՀ-ում գործող  եկամտային հարկի դրույքաչափը, ապա այս դեպքում՝ քաղաքացու համար Հայաստանի Հանրապետությունում վճարման որևէ պարտավորություն չի առաջանում: