Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի առաջին ռեզիդենտ դեսպան Էյձի Տագուչիին:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է Ճապոնիայի դեսպանին դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք: Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանում եւ Ճապոնիայում դիվանագիտական ներկայացուցչությունների առկայությունը նոր թափ կհաղորդի երկկողմ բարեկամական կապերի եւ փոխշահավետ համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ քաղաքական երկխոսության ընթացքից եւ անհրաժեշտ համարել ջանքերի գործադրումը նաեւ առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման եւ առկա ներուժի լիարժեք իրացման ուղղությամբ: Այս համատեքստում վարչապետը կարեւորել է երկու երկրների գործարար շրջանակների միջեւ հանդիպումների եւ գործարար համաժողովների կազմակերպումը, ինչը հնարավորություն կտա նախանշել համագործակցության նոր ուղղություններ եւ կյանքի կոչել համատեղ նոր ծրագրեր:
Դեսպան Տագուչին շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կներդնի առավելագույն ջանքերը՝ արդյունավետ գործընկերությունը ընդլայնելու եւ խորացնելու, ինչպես նաեւ երկկողմ կապերը սերտացնելու նպատակով: Դեսպանի համոզմամբ, Ճապոնիայի ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչության առկայությունը մեր երկրում շրջադարձային կարող է լինել հայ-ճապոնական տնտեսական հարաբերությունների աշխուժացման ու զարգացման համար: Էյձի Տագուչին եւս կարեւորել է հայ եւ ճապոնացի գործարարների միջեւ կապերի սերտացումը եւ բիզնես ֆորումների անցկացումը:
Անդրադառնալով հայ-ճապոնական փոխգործակցության զարգացման հեռանկարներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, էներգետիկայի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացման եւ ընդլայնման շուրջ: Վարչապետը նաեւ գոհունակություն է հայտնել միջազգային ասպարեզում երկու երկրների միջեւ առկա համագործակցության ընթացքից եւ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ մեր երկրին տրամադրվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության համար: