կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-11 12:39
Իրավական

Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին

Դատախազությունը զգուշացնում է «Դեմ եմ»-ին

Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ ուղղված «Դեմ եմ» շարժման մասնակիցներին, որում ասված է. «Ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: 2014 թվականի ապրիլի 9-ին, «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցների  նստացույցի հետեւանքով, տեւական ժամանակով փակվել էր Երեւան քաղաքի Նալբանդյան փողոցը, ինչի արդյունքում կաթվածահար էր եղել Նալբանդյան  եւ հարակից փողոցների երթեւեկությունը:

 

ՀՀ գլխավոր դատախազությունը հիշեցնում է, որ ճանապարհ փակելը եւ երթեւեկությանը խոչընդոտելը առաջ են բերում քրեական եւ վարչական պատասխանատվություն: Կրկնվելու դեպքում կազմակերպիչների եւ մասնակիցների նկատմամբ կիրառվելու են օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ:

 

ՀՀ գլխավոր դատախազությունն  ընդգծում է, որ հավաքներ եւ երթեր անցկացնելու քաղաքացիների իրավունքի իրացումը չպետք է զուգորդվի հասարակական կարգի եւ այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների կոպիտ եւ միտումնավոր խախտումներով: Առավել եւս անթույլատրելի է, երբ հասարակական կարգի կոպիտ խախտումը եւ այլոց իրավունքների ոտնահարումը ինքնին դառնում է բողոքի ակցիայի հիմնական նպատակը:

 

ՀՀ օրենսդրությունը ցանկացած բողոքի ակցիայի կամ հավաքի մասնակիցներին եւ կազմակերպիչներին ընձեռում է բավարար հնարավորություններ՝ կազմակերպելու իրենց հավաքներ անցկացնելու սահմանադրական իրավունքների իրացումը առանց հասարակական կարգը կոպիտ խախտելու եւ այլոց սահմանադրական իրավունքները սահմանափակելու»: