Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության այսօրվա նիստը վարող` ՀՀ տարածքային կառավարման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար, փոխվարչապետի ԺՊ Արմեն Գևորգյանը դիմեց արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանին և խնդրեց անհրաժեշտ մեկնաբանություններ ներկայացնել «Պարտադիր կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ ՍԴ ընդունած որոշման որոշ իրավական դրույթների մասին` նշելով, որ առաջացել են տարընթերցումներ, ու շատերը չեն կողմնորոշվում, թե ինչպես պետք է վարվել:
Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ, հաշվի առնելով ՍԴ-ի կողմից ապրիլի 2-ին կայացված որոշումից հետո ստեղծված իրավիճակի բարդությունը, երբ տեղ են գտնում տարբեր իրարամերժ մոտեցումներ ու մեկնաբանություններ' կապված ՍԴ որոշման, հարկ է համարվում կառավարության միասնական իրավական դիրքորոշումը ներկայացնել այդ հարցի առնչությամբ:
«Մի քանի կարևոր հարցադրումներ կամ խնդիրներ կան, որոնց ցանկանում ենք անդրադառնալ: Առաջինը' ՍԴ-ն Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչել օրենքի 8 իրավադրույթներ, իսկ 7 դրույթներ ճանաչվել են Սահմանադրությանը համապատասխանող' որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման սահմաններում»,- նշեց նա' պարզաբանելով, որ, միևնույն ժամանակ, որոշման եզրափակիչ մասի համաձայն, իրավական անվտանգությունը չխաթարելու նկատառումներով անվավեր ճանաչված իրավադրույթների ուժը կորցնելու ժամկետ է սահմանվել սույն թվականի սեպտեմբերի 30-ը, ինչը նշանակում է, որ այդ դրույթները մինչև այդ ամսաթիվը պահպանում են իրենց իրավաբանական ուժը, այսինքն' գործում են:
Իսկ ՍԴ որոշմամբ սահմանված գումարների վերահաշվարկի պահանջը, շարունակեց պարզաբանել փոխնախարարը, մինչև սեպտեմբերի 30-ը կատարված և կատարվելիք կուտակային վճարներին է վերաբերում:
Հաջորդ հարցը` ըստ ՍԴ օրենքի, հնարավոր է միայն 3 դեպք, երբ ՍԴ-ն կարող է իր որոշմանը տալ հետադարձ ուժ' քրեական օրենսգրքի, վարչական պատասխանատվության վերաբերյալ օրենսգրքի հակասահմանադրականության հարցի դեպքում, կամ երբ ՍԴ-ն իր որոշմանը տալիս է հետադարձ ուժ:
«Սակայն տվյալ պարագայում ՍԴ-ն ոչ միայն նման քայլի չի դիմել, այսինքն' հետադարձ ուժ չի հաղորդել այս որոշմանը, այլև անվավեր ճանաչված նորմատիվ ակտի համապատասխան դրույթների ուժը կորցնելու ժամկետը հետաձգել է, ինչը նշանակում է, որ վիճարկվող դրույթները մինչև սեպտեմբերի 30-ը համարվում են Սահմանադրությանը համապատասխանող»,- ընդգծեց Եղիշե Կիրակոսյանը:
Երրորդ կարևոր հանգամանքը` ՍԴ որոշումից, ըստ նրա, միանշանակ հետևում է, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ շարունակում է գործել օրենքի 5-րդ հոդվածը, ինչը նշանակում է, որ այդ ընթացքում պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված վարձու աշխատողները, նոտարներն ու անհատ ձեռնարկատերերը: Այսինքն' այս մարդիկ պարտավոր են մինչև սեպտեմբերի 30-ը կատարել պարտադիր կուտակային վճար:
Եղիշե Կիրաիոսյանը հայտարարեց, որ մինչև սեպտեմբերի 30-ը ամբողջությամբ գործում է նաև օրենքի 76-րդ հոդվածը:
«Այսպիսով' այս հստակության հետ կապված, կարծում եմ, մտացածին և այնքան էլ տեղին չեն անհարկի մոտեցումները, և կարծում ենք, որ սա կողմնորոշիչ կլինի կառավարության համար' միասնական, հստակ իրավական դիրքորոշում ունենալու ՍԴ որոշման բովանդակության վերաբերյալ»,- ասաց նա:
Այնուհետև Արմեն Գևորգյանը նշեց, որ պետք է այս դիրքորոշումը գրավոր տեսքով ուղարկել բոլոր պետական գերատեսչություններին: