կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-12-14 12:06
Իրավական

ՄԻՊ-ը Քոչարյանի հետ առանձնազրույցի արդյունքում գրություններ ու հարցումներ է նախապատրաստել բարձրացված հարցերի շուրջ

ՄԻՊ-ը Քոչարյանի հետ առանձնազրույցի արդյունքում գրություններ ու հարցումներ է նախապատրաստել բարձրացված հարցերի շուրջ

Կալանավորման հաջորդ օրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

«Քննարկել ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությանն առնչվող բոլոր հարցերը: Համապատասխան գրություններ ու հարցումներ ենք նախապատրաստել այն  հարցերի շուրջ, որոնք բարձրացվել են ինձ հետ առանձնազրույցի ընթացքում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ-ը:

Իսկ թե կոնկրետ ինչից է բողոքել Ռոբերտ Քոչարյանը, Թաթոյանը նշեց, որ այս պահին չի կարող բարձրաձայնել, որովհետև քննարկման ընթացակարգեր են գնում: «Ես պարտականություն ունեմ նաև երաշխավորելու առանձնազրույցի գաղտնիությունը: Կապի մեջ ենք նաև փաստաբանների հետ»,- նշեց նա:

Թաթոյանն ասաց, որ ցանկանում է մեկ կարևոր բան ընդգծել` ՄԻՊ-ի համար որևէ նշանակություն չունի այն հանցանքը, որի կատարման մեջ մարդը մեղադրվում է, այն հասարակական ընկալումները, որ նրա հետ կան և այլն: «Ես պարտավոր եմ կատարել իմ գործառույթը, ոչ թե աշխատեմ ինչ-որ մեկին դուր գալու համար»,- շեշտեց նա:

Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ միայն մեկ բան կարող է հրապարակել` «ՔԿՀ ծառայողների վերաբերմունքի հետ կապված դժգոհություն չի ներկայացվել, ներկայացվել են հարցեր, որոնք վերաբերում են տարբեր խնդիրների, և ՄԻՊ գրությունները վերաբերելու են դրանց»:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը: Օգոստոսի 13-ին, սակայն, Վերաքննիչ դատարանը վերացրել էր առաջին ատյանի այդ որոշումը՝ Սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության հիմքով: Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու համար Վճռաբեկ ատյան էին դիմել թե՛ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները, թե՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ Դեկտեմբերի 7-ին  առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչ դատարանը թողեց անփոփոխ, իսկ փաստաբանների բողոքները մերժեց: 

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: