կարևոր
4390 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-06 13:45
Հասարակություն

Արցախցիների բնակարանային խնդրին ՀՀ կառավարությունը պատշաճ լուծում չի տալիս․ ահազանգ

«Արցախցիների բնակարանային խնդիրների լուծման հարցով ներառական քննարկումներ չեն եղել ՀՀ կառավարության կողմից»,-այսօր, ասուլիսի ժամանակ հայտարարեց «Արցախի ժողովրդի շահերի ու իրավունքների պաշտպանության միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը:

Նրա խոսքով՝միայն մեկ անգամ Արցախից 10-ից ավելի ներկայացուցիչների հրավիրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ հանդիպման, որտեղ ներկայացվել են բնակարանային խնդրի լուծման ընդհանուր սկզբունքները:

«Արցախի գրեթե բոլոր ներկայացուցիչները տարաձայնություններ են հայտնել տարբեր կետերի վերաբերյալ, այդ թվում գումարի չափի մասով: Իրենց հիմնավորումն այն էր, որ 2023-ին անշարժ գույքի երկրորդային շուկայում կադաստրում գրանցված առուվաճառքի մեկ քմ-ի միջին գինը 200 հազար դրամից ավելին չէ: Եվ իրենք հաշվել են, որ մեկ անձի համար 15 քմ մակերեսը բավարար է: 200 հազարը բազմապատկել են 15-ով և ստացել 3 մլն դրամ: Մենք բացատրել ենք, որ դա իրականում չի արտացոլում երկրորդային շուկայում գների իրական պատկերը: Ընդ որում, իրենք նշել են՝ բացի Երեւանից, Ծաղկաձորից, Դիլիջանից, Աբովյանից, մնացած համայնքներում այդ գինն է գործում»,-ասաց Արտակ  Բեգլարյանը:

«Հստակ միտում կա, որ մարդիկ կադաստրում գործարքներ անելիս ցածր գին են նշում՝ հնարավոր հարկային պարտավորություններից խուսափելու համար. մենք ուղղակի առաջարկել ենք՝ ուսումնասիրել շուկան, ասել ենք՝ մտեք առցանց հարթակներ, և նայեք գինը այլ համայնքներում: Ես ուսումնասիրել եմ, միջին գինը մարզային համայնքներում, ոչ սահմանամերձ, Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու, մեկ քմ-ի գինը 320-500 հազար դրամ է: Այսինքն, նախ, կառավարությունը հաշվի չի առել շուկայական գները, նաև հաշվի չեն առել Արցախի ներկայացուցիչների կարծիքը»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։