|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Կենտրոնական բանկ. տեղեկանում ենք ՀՀ նախագահի կայքից:
Նոր ձևավորվելիք կառավարության վերաբերյալ հարցին նախագահը պատասխանել է. «Նոր կառավարության մասին, իհարկե, ես դեռ կխոսեմ: Բայց կարծում եմ, որ նոր կառավարությունը պետք է կարողանա ապահովել տնտեսական աճ, բարեփոխումների շարունակականություն, նոր կառավարությունը պետք է կարողանա վերականգնել մեր քաղաքացիների վստահությունը բարեփոխումների և իր գործունեության նկատմամբ: Սրանք այն նվազագույն խնդիրներն են, որ նոր կառավարությունը պետք է կարողանա լուծել: Ես կարծում եմ, որ կառավարությունում էական փոփոխություններ են լինելու: Անհրաժեշտություն կա, որպեսզի նաև նոր աչքով նայվի եղած խնդիրներին, ոլորտներին:
Ուզում եմ մեկ անգամ ևս ավելացնել՝ իրոք, վարչապետի հրաժարականը հրաժարական էր, այլ ոչ թե պարտադրանք: Երբ երեկ մենք մեր կուսակցությունում քննարկում էինք, և ես ասացի, որ վարչապետը մարտի 3-ին է ինձ հրաժարականի մտադրություն ներկայացրել, դա մենք չենք արել նրա համար, որպեսզի ասենք՝ տեսեք` մենք ինչ-որ քաղաքական ուժերի ճնշման տակ չենք այս բանն արել: Մենք, ուղղակի, մեր գործընկերներին, մեր հանրությանը զուտ ցանկանում ենք ասել, որ սա է եղել իրավիճակը: Վեցը տարին երկար ժամանակահատված է վարչապետի համար:
Ամենածանր, ամենատաժանակիր, միգուցե ճիշտ բառ չեմ ասում, բայց ամենաանշնորհակալ, կոնկրետ ժամանակահատվածի համար եմ ասում, աշխատանքն է: Ես շատ քիչ եմ աշխատել այդ պաշտոնում, բայց դա էլ բավարար է եղել, որպեսզի ծանրությունն զգամ: Այդպիսին է մեր իրավիճակը, ցավոք: Բայց կարծում եմ, որ մի քսան տարի հետո արդեն շատ ավելի հեշտ է լինելու շատ աշխատանքներ կատարելը»,- ասել է Սերժ Սարգսյանը: