Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2014-04-04 15:53
Քաղաքական

Չորս ոչ իշխանական ուժերն ավարտել են հանդիպումը

Չորս ոչ իշխանական ուժերն ավարտել են հանդիպումը

Այսօր ԱԺ-ում կայացավ ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի հանդիպումը: Լրագրողների հետ զրույցում ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նշեց, որ չորս ուժերը նախատեսել էին այդ հանդիպումը, սակայն վարչապետի հրաժարականի վերաբերյալ քննարկումը դարձավ օրակարգային առաջնային հարց:

 

«Մենք արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականը հիմնականում և ըստ էության արդյունք էր չորս ոչ իշխանական ուժերի գործունեության, և եթե նկատի ունենանք, որ առաջիկայում նախատեսված էին հանրահավաքներ Գյումրիում, Վանաձորում և եռօրյա հանրահավաքներ Երևանում, ապա պարզ է, որ իրավիճակ պետք է փոխվեր»,- ասաց նա՝ հավելելով, որ չորս քաղաքական ուժերը հստակ շարունակելու են իրենց համատեղ գործողությունները:

 

Ըստ Հակոբյանի` բնականաբար, առաջացել է նոր քաղաքական իրավիճակ, և չորս ուժերը ձևավորելու են միասնական օրակարգ:

 

Նա նշեց, որ առաջիկայում ոչ իշխանական չորս ուժերը հանդես են գալու համատեղ հայտարարությամբ, որը վերաբերելու է կուտակային օրենքի վերաբերյալ ՍԴ որոշմանը հաջորդող իրավիճակին: «Բնականաբար, կառավարության հրաժարականի հարցը օրակարգից դուրս է եկել, բայց համատեղ միջոցառումների հարցը դեռ օրակարգում է, և առաջիկայում կհստակեցվի ամեն ինչ»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ ավելի օպերատիվ ռեժիմով կսկսեն հանդիպել ոչ իշխանական չորս ուժերը՝ՙ հանդիպումներն ավելի ռիթմիկ դարձնելով:

 

Հարցին` արդյո՞ք քննարկվել է նախագահի հրաժարականի ու վարչապետի միասնական թեկնածուի հարցը, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ չի քննարկվել ո'չ նախագահի հրաժարականի, ո'չ էլ վարչապետի թեկնածուի հարց: Նրա խոսքով` ամենակարևորն այն է, որ իշխող կուսակցությունն ընդունի չորս քաղաքական ուժերի` ապագա կառավարության գործունեության հայեցակարգը: