կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-01 14:12
Քաղաքական

Ոչ իշխանական 4 ուժերն Ազատության հրապարակում եռօրյա հանրահավաք կանցկացնեն

Ոչ իշխանական 4 ուժերն Ազատության հրապարակում եռօրյա հանրահավաք կանցկացնեն

Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական չորս ուժերի հերթական քննարկումն ԱԺ-ում: Քննարկմանը մասնակցում էին ԱԺ ՀՅԴ խմբակցությունից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը, ԲՀԿ խմբակցությունից՝ Ստեփան Մարգարյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:

 

Լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ քննարկվել են հետևյալ որոշումները` կառավարությանն անվստահություն հայտնելու` ապրիլի 28-ի որոշման նախագծի մանրամասները և նոր կառավարության առաջնահերթ գործողությունների փաթեթը, որը վերջնականապես կհստակեցվի հաջորդ շաբաթվա ընթացքում: Քննարկվել է նաև հրապարակային միջոցառումների ծրագիրը:

 

«Ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում նախատեսված է համատեղ շուրջօրյա հանրահավաք: Կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը պետք է կայանա ոչ շուտ, քան 48 ժամը և ոչ ուշ` քան 72 ժամը, այդպես է նախատեսված ըստ Սահմանադրության: Այսինքն` քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 30-ին»,- ասաց պատգամավորը:

 

Նրա խոսքով` ապրիլի 28-30-ը տեղի կունենան հանրահավաքներ` ի պաշտպանություն այդ պահանջի: Մինչ այդ մարզերում տեղի կունենան իրազեկման միջոցառումներ: Այդ բոլոր միջոցառումները իրականացնելու նպատակով ստեղծվել է երկու հանձնախումբ` կազմակերպչական և քարոզչական:

 

«Ապրիլի 28-ից հետո որևէ համաձայնություն չունենք, թե ինչ ենք անելու համատեղ: Ըստ ստեղծված իրավիճակի` կգնահատենք արդյունքները և կքննարկենք մեր անելիքները: Մնացած կուսակցությունները ազատ են իրենց հայտարարություններում ու անելիքնեում, ես խոսում եմ համատեղ համաձայնեցված որոշումների մասին»,- ասաց Արմեն Ռուստամյանը: