|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունն այսօր հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Ժառանգություն» կուսակցությունը մշտապես եղել է քաղաքական եւ քաղաքացիական ուժերի համախմբման ջատագովը՝ հստակ գիտակցելով, որ միայն այդ ճանապարհով է հնարավոր փոխել մեր երկրում ստեղծված ծանր իրավիճակը: Եվ այդ նպատակով էլ մենք դարձանք խորհրդարանական չորս ուժերի համագործակցության նախաձեռնողներից մեկը:
Ու թեեւ մշտապես հայտարարել ենք եւ այժմ էլ գտնում ենք, որ երկրում անհրաժեշտ է համակարգային եւ ամբողջական իշխանափոխություն, սակայն տվյալ քաղաքական իրավիճակում չորս քաղաքական ուժերիս կողմից միասնական համաձայնեցված քաղաքական օրակարգ դարձավ, որպես փուլային եւ մարտավարական քայլ, կառավարության հրաժարականի պահանջը: Վարչապետի՝ իշխանությունների կողմից ակնհայտորեն մինչ այդ չպլանավորված հրաժարականը, արդյունք էր հենց այս միասնության եւ քաղաքացիական կառույցների համատեղ արդյունավետ գործողությունների, որն իր մեջ պարունակում է երկրում վերջապես վիճակ փոխելու իրական ներուժ:
Եւ այժմ օրախնդիր է դարձել ընդդիմադիր ներխորհրդարանական համագործակցության ձեւաչափը վերափոխելու միջկուսակցական միասնական ճակատի, որը կարող է առավել վստահություն ներշնչել չորս քաղաքական ուժերի հետագա համագործակցությանը, ինչպես նաեւ՝ դառնալ համաժողովրդական ընդվզման հերթական շրջափուլ՝ քաղաքական եւ քաղաքացիական ուժերի առավել լայն ընդգրկմամբ:
Այդ իսկ պատճառով, գտնում ենք, որ այժմ առաջնային է դարձել չորս քաղաքական ուժերի օրկարգում մինչ օրս տեղ գտած, սակայն ինչ-ինչ պատճառներով չիրականացված կուսակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում առաջին դեմքերի մակարդակով պայմանավորվածություն ձեռք կբերվի հետագա քայլերի մարտավարության եւ համատեղ պայքարի ռազմավարության վերաբերյալ: Այդ հանդիպումը մենք դիտում ենք խորհրդարանական չորս խմբակցությունների մաս կազմող ուժերի հետագա համագործակցության անհրաժեշտ պայման: