կարևոր
3853 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-10 17:32
Աշխարհ

Ճապոնիան լրացուցիչ օգնություն կուղարկի երկրաշարժից տուժած Թուրքիա և Սիրիա

Ճապոնիան լրացուցիչ օգնություն կուղարկի երկրաշարժից տուժած Թուրքիա և Սիրիա

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին այսօր Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ երկրի իշխանությունները լրացուցիչ օգնություն կուղարկեն Թուրքիային և Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման համար։ Այդ մասին հայտնում Է ТАСС գործակալությունը:

«Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում այս բնական աղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին, - ասել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ - Օգնության շրջանակներում այսօր մենք հինգ բժիշկ-մասնագետներ ուղարկեցինք Թուրքիա՝ գնահատելու տեղի բնակչության անհետաձգելի կարիքները։ Նրանցից հետո երկիր կժամանի մի քանի տասնյակ բժիշկներից բաղկացած խումբը:

Բացի դրանից, մենք որոշել ենք Սիրիայի իշխանություններին փոխանցել մարդասիրական օգնության խմբաքանակ, որը կներառի քնապարկեր, տաք ծածկոցներ և վրաններ»: Այս պահին Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի գավառում գործում է 73 ճապոնացի փրկարարներից բաղկացած ջոկատը։ Ճապոնիայից ժամանած խումբն այդ շրջանում զբաղվում Է անհայտ կորածների որոնումներով։ Փետրվարի 6-ին 7,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշի նահանգում։ Ստորգետնյա ցնցումները, որոնց հաջորդել են հարյուրավոր հետցնցումներ, զգացվել են երկրի 10 նահանգներում և հարևան պետություններում։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում զոհվել է 18 342 մարդ, վիրավորվել՝ 74 342-ը: Սիրիայում տարերքի հիմնական հարվածն ընդունել են Հալեպի, Լաթաքիայի, Տարտուսի և Համայի նահանգները, որոնք գտնվում են երկրի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Սիրիայի Արաբական Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ հանրապետությունում երկրաշարժի զոհ է դարձել 1347 մարդ, տուժածների թիվը գերազանցել է 2200-ը: Սիրիայի՝ ապստամբների վերահսկողության տակ գտնվող շրջաններում զոհերի թիվն առնվազն 2030 է: