Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հայաշատ Քեսաբ քաղաքից վերջերս վերադարձած պատգամավորներից Էդմոն Մարուքյանը և ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը, լրագրողների հետ զրույցում ներկայացնելով Լաթաքիայում ապաստանած քեսաբահայերի վիճակը, նշեցին, որ նրանք այժմ ֆինանսական օգնության և գյուղտեխնիկայի կարիք ունեն: Նրանց խոսքով` շուտով կլինի հայտարարություն, կբացվի հիմնադրամ, կկազմակերպվի դրամահավաք` քեսաբահայերին օգնելու նպատակով: Քեսաբահայերին օգնություն տրամադրելու սցենարները շատ են, մնում է, որ դրանք քննարկվեն ու վերջնական տեսք ստանան:
Թևան Պողոսյանը, խոսելով սիրիական իշանությունների հետ հանդիպման մասին, նշեց, որ սիրիական իշխանությունները, իմանալով հայ պատգամավորական խմբի այցի մասին, ցանկություն են հայտնել հանդիպելու: «Նրանց հետ չհանդիպելը սխալ կլիներ, եթե կար հանդիպման ցանկություն իրենց կողմից: Պետք էր գնալ, բարևել, մենք էլ մեր խնդիրը պետք է փորձեինք լուծել, դա մեր մտահոգությունն էր մեր հայրենակիցների վիճակի վերաբերյալ, նրանց թալանված գույքի վերաբերյալ, կա՞ն արդյոք հիմնադրամներ, որոնք կփոխհատուցեն մեր հայրենակիցների կրած նյութական վնասները և այլն»,- ասաց նա: Պողոսյանի խոսքով` Սիրիայի իշխանությունները հայ պատգամավորներին ասել են, որ իրենք որևէ տարանջատում չեն դնում Սիրիայի բնակիչների միջև և սիրիահայերին դիտարկում են որպես սեփական երկրի լիարժեք քաղաքացիներ:
«Լաթաքիան Ասադի պապական տարածքն է, բնականաբար, անձնական պատվի հարց է, թե ինչպես պետք է այն ազատագրել, որովհետև եթե Քեսաբը հետ չվերցնեն, ապա հաջորդ հարվածը լինելու է Լաթաքիան»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ հայերի ցանկություննն այն է, որ Սիրիայում հակամարտող կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, պատերազմական գործողությունները դադարեն, իսկ սիրիահայերն անցնեն իրենց բնականոն կյանքին:
«Մինչ պատերազմը Սիրիան եղել է ինքնաբավ երկիր, այն քիչ երկրներից, որը չի ունեցել պետական պարտք, և այնտեղ մեր հայրենակիցներն ունեին զարգանալու տեղ: Մենք կարող ենք մոբիլիզացնել մեր ուժերը` սիրիահայությանն օգնելու համար, բացի այդ` Հայաստանը պետք է իր ձայնը բարձրացնի միջազգային կազմակերպություններում և այտեղից օգնություն տրամադրի քեսաբահայերին»,- ասաց Թևան Պողոսյանը:
Էդմոն Մարուքյանի համոզմամբ` Սիրիան քանդվում է, եւ եթե տոտալ քաոս հաստատվի, ու Ասադի ռեժիմը տապալվի, ապա հայերն այնտեղ չեն կապրի: Պատգամավորը նշեց, որ Քեսաբում իրավիճակի մասին բարձրաձայնելն ու հնչեղություն ապահովելն իր զսպող դերն է ունեցել, և Սիրիայի զինյալները դրա հետեւանքով է, որ ավելի զսպված են գործել: