կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-24 15:44
Իրավական

Փաստաբանների աղմուկը գերարձագանք է. Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

Փաստաբանների աղմուկը գերարձագանք է. Արդարադատության ակադեմիայի ռեկտոր

Չի բացառվում, որ ինչ-որ «իքս» փուլում փաստաբանների ուսուցումն իրականացվի Արդարադատության ակադեմիայում. օրեր առաջ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի այս խոսքերը փաստաբանական համայնքի վրդովմունքն են առաջացրել:

 

Թե արդյո՞ք հավանական է, որ իսկապես մի օր Փաստաբանական դպրոցը կներառվի ակադեմիայի կազմում, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը Yerkir.am-ի հետ զրույցում պատասխանեց, որ ներկայումս այդ հարցն արդիական չէ, քանի որ ակադեմիան դեռևս կայացման խնդիր ունի, իսկ փաստաբանների կողմից բարձրացված աղմուկը գնահատեց «գերարձագանք»:

 

«Ես ինձ  իրավունք չեմ վերապահում այս մասին առհասարակ խոսելու, քանի դեռ ակադեմիան կայացած կառույց չէ: Ես եմ այսօր  պատասխանատու ակադեմիան կայացած  կառույց դարձնելու համար:  Եթե մենք պատկերացնենք, որ ակադեմիան կայացած կառույց է` իրավաբանական հանրության կողմից ընդունված, այդ ժամանակ կարող է այլ իրավիճակ լինել, և, ինչու չէ, ես էլ չեմ բացառում, որ հնարավոր է փաստաբաններն իրենք ցանկություն ունենան ներգրավվելու ակադեմիայի կազմում»,- ասաց նա:

 

Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե փաստաբանների անկախությունը կվտանգվի, եթե ակադեմիայում կսկսեն ուսանել և վերապատրաստվել, Ռուբեն Մելիքյանը ասաց. «Ես փաստաբանների  անկախության հարցով ամենամեծ մասնագետը չեմ այս երկրում, բայց մի բան կարող եմ ասել` եթե կադրերը ընտրում են հենց փաստաբանները, և եթե ուսուցման ծրագրերը հաստատվում են հենց փաստաբանների գերակշիռ մասնակցությամբ, ապա միանաշանակ  չէ, որ մենք անկախության խնդիր ունենք»:

 

Նա հավելեց, որ ակադեմիան որևէ առնչություն չունի իր ունկնդիրներին ընտրելու հետ, իսկ ուսումնական ծրագրերը հաստատվում են, համապատասխանաբար, դատախազության ու դատական խորհրդի ներկայացուցիչների ու նախարարի կողմից: «Եթե նույն ընթացակարգը լինի փաստաբանների համար, և եթե ընտրություն անողը շարունակում են մնալ փաստաբանները, ապա կա՞ անկախության խնդիր: Ես հետևություններ չեմ անում, հետևություններ թող անի ընթերցողը»,- ասաց Մելիքյանը:

 

Հաճախ առաջ է քաշվում նաև այն մոտեցումը, թե ակադեմիայում միասին սովորելիս հավանական է, որ ապագա դատախազներն ու դատավորները մտերմանան, ինչը կարող է խնդիր լինել արդար դատավարության համար: Սրա վերաբերյալ Ռ. Մելիքյանն ասաց, որ իսկապես այդ գործոնը կարող է դեր ունենալ, սակայն դրա դերը չպետք է գերագնահատել: Հավանական է, որ իրավաբանական ֆակուլտետում սովորելիս էլ մարդիկ կընկերանան, մեկը փաստաբան կդառնա, մյուսը` դատավոր, երրորդը` դատախազ:  

 

«Էնպես չի, որ մարդիկ ակադեմիայում են սկսում իրար ճանաչել: Ես կարող եմ ասել, որ այս մարդկանց (ունկնդիրների) մեծամասնության հետ ես ինքս նախկինում առնչվել եմ` կա'մ եղել են իմ ուսանողները, կա'մ գործընկերներ ենք եղել: Այնքան  փոքր է իրավաբանական հանրությունը, միասին շփվելու շատ առիթներ կան»,- ասաց նա:

 

Վերջում Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը նշեց, որ Փաստաբանական դպրոցի հետ գործընկեր կառույցներ են, լավ հարաբերություններ ունեն և ի շահ երկրի արդարադատության առաջընթացի, պատրաստ են համագործակցել: