կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-11 19:15
Հասարակություն

«Նյու Յորքերի» անորակ ջինսե տաբատն ու «ֆռռացնող» վարիչը

«Նյու Յորքերի» անորակ ջինսե տաբատն ու «ֆռռացնող» վարիչը

Հյուսիսային պողոտայում գտնվող «Նյու Յորքեր» խանութում հագուստի, կոշիկների եւ այլ պարագաների գները, իհարկե, չես համեմատի, օրինակ, մի քանի մետր այն կողմ գտնվող էլիտար խանութների գների հետ: Երբ գնում ես, օրինակ, 15 կամ 20 հազար դրամանոց ջինսե տաբատ, հասկանում ես, որ այն չի կարող ունենալ այն որակը, ինչ, ասենք, 30 հազար կամ ավելի դրամանոցը: Համեմատաբար էժան ապրանք գնելիս, իհարկե, գիտակցում ես, որ այն ավելի կարճ կծառայի քեզ, քան իսկապես որակյալ ապրանքը: Բայց խոստովանենք, որ չես կարող գնել ջինսե տաբատ եւ այն հագնել ընդամենը 3 օր,  որ չորրորդ օրն այն պարզապես մաս-մաս լինի:

 

Այդպիսի դեպք եղել է  «Նյու Յորքեր»-ից գնված  ջինսե տաբատի պարագայում, եւ զավեշտալին այն է, որ խանութի մենեջերն ընդունել է, որ տաբատն իրենցից է գնված, որ այն անորակ է, որ այն պատռվել է հենց անորակ լինելու պատճառով: Բայց, միեւնույն է, չեն փոխել, քանի որ չկա կտրոն: Դե եկ ու բացատրիր, որ միամիտ հաճախորդը չէր կարող պատկերացնել, որ ջինսե տաբատը իրեն կծառայեր ընդամենը երեք օր: Սակայն, իհարկե, ընդունում են` «մեր ապրանքն է, անորակ է, բայց չենք փոխում, եւ վերջ»:

 

Ուշագրավ է, որ մայրաքաղաքի հենց սրտում գտնվող խանութում չգիտեն շփվել մարդկանց, անգամ` լրագրողների հետ: Մի քանի պարզաբանումներ տալու` մեր պահանջները հունից հանել են խանութի վարիչ ներկայացած Դավիթին: Նա նախ հիստերիայի մեջ է ընկել` իմանալով, որ տրվող հարցերը անձնական հետաքրքրասիրություն բավարարելու համար չեն, որ եթե լրագրողն իրեն հարց է տալիս, ուրեմն կա'մ պետք է պատասխանի, կա'մ հրաժարվի պատասխանից:

 

«Դուք ժեկ չեք զանգել, որ իմ ասածները ֆռցնեք, ես ձեր ասածները նենց կֆռացնեմ ձեր վրա, որ դուք չեք էլ պատկերացնի»,- մեր թղթակցին այսօր հայտարարել է նա: Երիտասարդը պարզվում է նեղսրել է, որ մենք չենք զգուշացրել` ուշադրությո'ւն, Ձեր պատասխանները ձայնագրվում են: Իսկ որ անորակ հագուստ են «նաղդում» մարդկանց վրա, հատկապես` երիտասարդների, ոչինչ ասել չեն կարող: Խանութի երիտասարդ վարիչն այսօր վստահ ձայնով միայն մի բան է հայտարարել. «Տուգանք չունենք եւ չենք էլ կարող ունենալ, որովհետեւ մեզ մոտ ամեն ինչը ՀՀ օրենսդրությամբ կատարված ա եւ նախապատրաստված»:

 

Թագուհի Մելքոնյան