կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-06 17:44
Առանց Կատեգորիա

ԼՂ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի

ԼՂ բանակցությունները դարձյալ մտնում են փակուղի

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուարլիքը (ԱՄՆ), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկն այսօր համատեղ հաղորդագրություն են տարածել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում Ադրբեջան և Հայաստան կատարած իրենց վերջին այցի վերաբերյալ:

 

Հաղորդագրության մեջ նրանք նշում են, որ առաջիկա շաբաթների ընթացքում բանակցող կողմերի հետ շարունակելու են քննարկումները նախագահների մակադակով նոր հանդիպում կազմակերպելու վերաբերյալ` հիմք ընդունելով այս մասին նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունը: Համանախագահները նաև նշել են, թե կողմերն իրենց մտադրությունն են հայտնել հրադադարի ռեժիմը շփման գծում Սոչիում փետրվարի 7-ից 21-ն անցկացվող ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում պահպանելու և իրավիճակի հետագա լարումից խուսափելու վերաբերյալ:

 

Այս հայտարարությամբ համանախագահները, փաստորեն, արձանագրել են իրենց այցի և առաքելության այս փուլի կատարյալ ձախողումը: Նրանց հիմնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման հարցը վերջնականապես լուծելն էր և ժամկետների հստակեցումը: Բայց այն հանգամանքը, որ նրանք հայտարարում են նախագահների հանդիպման հարցը առաջիկա շաբաթներին կողմերի հետ քննարկելու մասին, պարզորոշ ցույց է տալիս, որ կողմերից այդ առումով համաձայնություն չեն ստացել: Թե կողմերից որն է դրա պատասխանատուն, համանախագահները չեն նշում:

 

Բաքվից Երևան այցելելուց առաջ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի արած այն հայտարարությունը, թե համանախագահները նոր առաջարկություններ են ներկայացնելու Հայաստանին և որ դրա նկատմամբ վերջինիս կառուցողական արձագանքից է կախված` բանակցություններն ընթացք կունենան, թե ոչ, թույլ է տալիս ենթադրելու, որ խոչընդոտը հարուցվել է Բաքվի կողմից` օգտագործելով նոր առաջարկություններով իրավիճակը խճճելու մարտավարությունը:

 

Այնուամենայնիվ, պարզ է արդեն, որ առաջիկայում նախագահների նոր հանդիպում չի լինելու և համանախագահներն առավելագույնը կարող են հասնել արտգործնախարարների մակարդակով բանակցությունները շարունակելուն: Իսկ այս իրողությունը ցույց է տալիս, որ բանակցային գործընթացն աստիճանաբար վերադառնում է պատային այն դրությանը, որում գտնվում էր մինչև նախորդ տարվա կեսերին ԱՄՆ-ի կողմից ակտիվացմանն ուղղված նախաձեռնողականության ցուցաբերումը: Դրա մասին վկայում է ևս մեկ փաստ:

 

Համանախագահներն իրենց հաղորդագրությամբ փաստում են, որ չափազանց դժվար, եթե չասենք անհնար է դարձել այլևս վերահսկել հրադադարի ռեժիմի պահպանումը: Իրավիճակն այնպիսի ծայրահեղության է հասել, երբ ձեռքբերում է համարվում ընդհուպ նախագահների մակարդակով ընդամենը 15 օր` Սոչիի օլիմպիադայի ընթացքում, հրարդադարը պահպանելու` նախագահներից ստացած հավաստիացումը, որի մասին նրանք հարկ են համարել նշելու իրենց համատեղ հայտարարության մեջ: Սա, իրոք, աննախադեպ է այն առումով, որ առ այսօր հրադադարի ռեժիմը բոլոր պարագաներում, փաստացի անժամկետ, պահպանելու պատրաստակամություն էր հայտնվում, թեկուզև թե համանախագահները, թե կողմերը հստակ գիտեին, որ դա ձևական բնութ է կրում:

 

Հիմա, փաստորեն, կողմերը, ավելի ճիշտ Ադրբեջանը, հրադադարի ռեժիմը խախտելու հնարավորության մասին խոսում կամ ակնարկում է բացահայտ` հենց համանախագահներին: Իսկ ինչու Ադրբեջանը, որովհետև ստատուս քվոն փոխելու պահանջը ձևակերպում է հենց Բաքուն է հայտարարում, և որովհետև ստատուս քվոյի փոփոխությունը ոչ մի կերպ Հայաստանի շահերից չի բխում: Բայց դրա վտանգավորությունը ոչ թե ավելի բաց տեքստով խոսելն է, այլ դրան համանախագահների հանդուրժողական վերաբերմունքը: Կարծես թե վերջններս համակերպվում են Ադրբեջանի կողմից պարտադրվող «հոսող պատերազմ` բանակցություններին զուգահեռ» իրավիճակին, ինչն ուղղակիորեն հանգեցնելու է դրա նկատմամբ նաև միջազգային հանրության լռությանը: Ողջ հարցն այն է, թե պաշտոնական Երևանը, ի վերջո, հրապարակավ կհայտնի՞ իր սկզբունքային դժգոհությունը համանախագահների այս վերաբերմունքի կապակցությամբ, թե՞ ոչ:

 

Գևորգ Դարբինյան