կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-31 17:52
Հասարակություն

Մեկը ձեզնից 45 տարով պարտքով փող ուզի, չե՞ք ասի` դու գի՞ժ ես…

Մեկը ձեզնից 45 տարով պարտքով փող ուզի, չե՞ք ասի` դու գի՞ժ ես…

ԱԺ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ոչ թե զարմացած, այլ ավելի քան զարմացած է կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելու փաստից, որը մեծ վրիպում է համարում, քանի որ դա սխալ որակելը մեղմ կլինի: Ըստ նրա` Հայաստանում ներդրվող համակարգի պես համակարգ աշխարհի ոչ մի երկրում չկա:

 

Բագրատյանը լրագրողներին ներկայացրեց իր դիպուկ դիտարկումները: Ըստ այդմ' մեր կուտակային համակարգը քաղաքացիներից 45 տարով պարտքով փող է ուզում, որովհետեւ ով 18 տարեկան է, մինչեւ 63 տարեկանի հասնի ու թոշակ ստանա, կտեւի 45 տարի:  «Եթե ձեր ընկերուհին ձեզ մոտենա եւ ասի' ինձ 1000 դրամ պարտքով փող տուր, 2-3 կամ 5 տարի հետո կվերադարձնեմ, կասեք' ոչինչ, աղջիկ է, նեղն է, տամ, բայց երբ ձեզ ասեն` ինձ 45 տարով փող տուր, դուք չե՞ք ասի' դու գի՞ժ ես, 45 տարի հետո ես ո՞ւմից հետ ստանամ այդ փողը:  Տնտեսական կյանքը' հորիզոնը, տեսանելի պիտի լինի: Նույնիսկ հիփոթեքային ամենադաժան վարկերը 20 տարով են: Որովհետեւ 20 տարուց հետո տեսանելի չէ: Հիմա պատկերացրեք` հետ գնանք 45 տարի, կլինի 1969 թիվը: Պատկերացրեք' 69 թվին ես ձեզ 300 ռուբլի պարտք եմ տվել, փառք Աստծո, երկուսս էլ կենդանի ենք մնացել, ու 45 տարի հետո եկել եք եւ ուզում եք վերադարձնել: Մեր մեջ վեճ կծագի չէ՞. 1969 թվի 300 ռուբլին այսօրվա փողով ինչքա՞ն գումար է... Եթե տարվա համար ենք վերցնում' կարտոֆիլն արժե 200 դրամ, մեկ տարի հետո դարձավ 220 դրամ' 10 տոկոսով թանկացավ, բայց եթե 45 տարի անընդհատ այսպես 10 տոկոս թանկացնենք, այդ կարտոֆիլն ուրիշ բան է դառնում, շղթայական ռեակցիան վերջնարդյունքի չի բերում, որովհետեւ 69 թվին գոյություն ուներ ապրանքների ուրիշ որակական կազմ' ինտերնետ չկար, մոբիլ հեռախոս չկար: Այսինքն' եթե  300 ռուբլով 69 թվին կարելի էր գնել 150 կիլոգրամ միս, ես ձեզ կարող եմ ասել, դե վերադարձրեք ինձ 150 կիլոգրամ մսով, դուք դա չեք անի, կարող եք բերել մի բջջային հեռախոս ու ասել' այս հեռախոսով բավարարվի'ր: Ես էլ կասեմ' այն ժամանակ այսպիսի հեռախոս չկար, ես ինչպե՞ս համեմատեմ` սա ճիշտ փոխհատուցում, վերադարձ է՞ր, թե՞ ոչ»,- համեմատեց Հրանտ Բագրատյանը' հավելելով, որ այդ պատմությունը խայտառակ պատմություն է:

 

Նրա խոսքերով' կարիք չկա, որ նախագահը գնա աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն ու ասի, թե նրանք լավ բան են անում մարդկանց համար: «Ո'չ, լավ բան չեք անում, եթե լավ բան լիներ, աշխարհում մեկնումեկը կաներ, աշխարհում «ամենախելոքը» մի' եղեք»,- ասաց Բագրատյանը:

 

Այս համակարգը, ըստ նրա, աշխարհում ընդամենը 32 տարվա կյանք ունի, երիտասարդ է եւ, որպես սոցիակական համակարգ, չի կայացել: Որովհետեւ սոցիալական համակարգի կայացումը տրամաբանությամբ չի լինում, այն  սոցիալական կյանքը պետք է ընդունի, բայց այս դեպքում չի ընդունում, քանի որ 45 տարին կյանքի համար անընդունելի չափանիշ է' շահը չի երեւում:

 

«Դա չի կարելի տնտեսական գործարք համարել, եթե շահը չի երեւում: 10, 15, 20 տարում ես կարող եմ շահը տեսնել ու ներդրում անել: 12 տարով վարկ են տալիս, 20 տարվա ամերիկյան արժեթուղթ կա, բայց 45 տարվա ամերիկյան արժեթուղթ չկա»,- օրինակ է բերում պատգամավորը:

 

Որովհետեւ անհնար է 45 տարի սպասել հաշիվներին: Հրանտ Բագրատյանը բերեց Էստոնիայի օրինակը, որտեղ սկզբում նախատեսված էր 20-ից ավելի տարի, բայց անմիջապես կրճատեցին ու դարձրեցին 18 տարի: Լատվիան ու Լիտվան մտցրեցին, հետո հասկացան սրբագրեցին, որ կուտակային բաղադրիչը պարտադիր է մինչեւ 30 տարեկանը, իսկ դրանից հետո' կամավոր: Եվրոպայում պարտադիր բաղադրիչը գործում է 10 տարի եւ այլն:

 

Իսկ այս ուղուց, ըստ Բագրատյանի, նախագահը չի ուզում հետքայլ անել, քանի որ այդ դեպքում արդեն պետք է վարչապետին ազատի պաշտոնից , իսկ այս վարչապետն իրենց շատ ձեռնտու է...