|
Փոխարժեքներ
12 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փարիզում հունվարի 24-ին նախատեսված` Հայաստանի և Ադրբեջանի արտգործախարարների հերթական հանդիպումը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացի շրջանակում կկայանա: Այդ մասին այսօր ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` հավելելով, որ չնայած Ադրբեջանի կողմից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացված դիվերսիոն գործողություններին, որին հերոսաբար զոհ գնաց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններն այլընտրանք չունեն:
Սակայն որքան էլ Նալբանդյանը շեշտի բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը, պարզ է, որ արձանագրված արյունալի դիվերսիոն միջադեպից հետո Փարիզում դրանք չեն կարող ընթանալ խաղաղ կարգավորման սկզբունքների և այն նոր առաջարկությունների շուրջ, որոնք կողմերին ներկայացրել էր ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Հիշեցնենք, որ հենց այդ առաջարկությունները քննարկելու համար նախորդ տարվա նոյեմբերի 19-ին, գրեթե 2 տարվա ընդմիջումից հետո, Վիեննայում հանդիպեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, որից հետո ոչ միայն իրենց արտգործնախարարներին հանձնարարեցին ինտենսիվացնել հանդիպումները, այլև երկկողմանի լավատեսություն հայտնեցին` բանակցային գործընթացում բեկում մտցնելու հնարավորության հետ կապված:
Սահմանային բախումը լիովին ավերեց այդ լավատեսության բոլոր հիմքերը: Հունվարի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե իբր հայկական կողմն ինքն է դիվերսիոն անհաջող օպերացիա իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Որևէ կասկած չկա, որ նման ապատեղեկատվությամբ Ադրբեջանի ՊՆ-ն հիմքեր է ստեղծում` հունվարի 19-ի գիշերը իր նախաձեռնությամբ հայկական դիրքերի ուղությամբ սանձազերծված գործողության հետևանքով ունեցած կորուստները բացահայտելու և արդարացնելու համար: Սակայն, միևնույն ժամանակ, սա միջազգային հանրությանը կամ, ավելի ճիշտ, Մինսկի խմբի համանախագահներին մեսիջ է` ստիպելու կարգավորման սկզբունքների համաձայնեցման խնդիրը, այսինքն` բանակցությունների իրական առարկան մի կողմ դնել` կրկին իրավիճակի լարվածության մեծացում թույլ չտալու խնդրի վրա կենտրոնանալու և կողմերին կենտրոնացնելու համար: Որևէ կասկած չկա, որ Փարիզում արտգործնախարարները հենց այս հարցն են քննարկելու, այսինքն` վերադառնալու են գրեթե այն նույն իրողություններին, որոնք առկա էին բովանդակային բանակցությունների փաստացի բացակայության երկամյա շրջանում:
Այն հանգամանքը, որ Ադրբեջանը, խախտելով բանակցությունների նոր փուլում փոխադարձ զսպվածություն ցուցաբերելու և պատերազմական հռետորաբանությունից հրաժարվելու շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, դիմում է նման սադրանքների, ցույց է տալիս, որ Բաքուն վերանայել է ամերիկյան առաջարկությունների վերաբերյալ իր նախնական դրական վերաբերմունքը և փորձում է պարզապես կասեցնել գործընթացի զարգացումներն այդ ուղղությամբ: Դրանով Բաքուն նաև հստակ ցույց է տալիս, որ բավարարված չէ ստատուս քվոն առայժմ պահպանելու` միջնորդների և միջազգային հանրության ներկայիս դիրքորոշումից և փորձում է, ատամ ցույց տալով, ստիպել նրան վերանայել այդ մոտեցումը:
Սրանք, սակայն, զուտ մարտավարական հնարքներ են: Իրականում Ադրբեջանը Հայաստանի հետ ԼՂ հարցում բանակցելու մտադրություն չունի: Բաքուն որոշել է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով և ինտենսիվորեն պատրաստվում է դրան: Հունվարի 21-ին Գյանջայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դարձյալ հայտարարելով, թե ներկայիս Հայաստանը գտնվում է ադրբեջանական պատմական հողերի վրա, բառացիորեն ասել է հետևյալը. «Տարածքային ամբողջականության վերականգնման հարցը անպայման լուծվելու է: Թող ոչ ոք դրանում չկասկածի: Առաջին փուլում պետք է վերադարձվեն օկուպացված բոլոր տարածքները: Ադրբեջանցիներն ապրելու են Լեռնային Ղարաբաղում, հետո նաև բոլոր մնացած տարածքներում: Մենք վերադառնալու ենք մեր պատմական բոլոր տարածքները: Թող դա իմանան և' երիտասարդները, և' երեխաները: Մենք պետք է ապրենք այդ գաղափարով»: Ըստ էության` Ադրբեջանի նախագահը ոչ միայն Լեռնային Ղարաբաղը և Հայաստանն ուզուրպացնելու կոնկրետ պատգամ է հղում ներկայիս և ապագա սերունդներին, այլև դա դարձնում է կոնկրետ իդեա-ֆիքս: Նման հեռահար, ստրատեգիական խնդիր դնող առաջնորդը պարզապես չի կարող մտածել և գործել ԼՂ հարցում անգամ փոքրիկ զիջման գնալու տրամաբանությամբ: Միակ խնդիրը, որն այսօր խանգարում է Ալիևին դիմել լայնամասշտաբ գործողությունների, ժամանակի, տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական իրողությունների անհամատեղելիությունն է նման արկածախնդրության հետ: Պարբերական դարձած նման դիվերսիոն գործողություններով Ալիևը իրականում փորձում է ստուգել ոչ միայն հայկական զինված ուժերի մարտունակությունը, այլև շոշափել պատերազմ սկսելու առումով միջազգային հանրության իրական տրամադրվածությունն ու հնարավոր հակազդեցության չափը: Ալիևը ակնհայտորեն ընտրել է բանակցությունների միջոցով խաղալու, միջազգային հանրության աչքերին թոզ փչելու և հարձակման անցնելու համար ճիշտ պահը որսալու մարտավարություն:
Սա հայկական կողմի համար ինքնանպատակ է դարձնում բանակցություններն ընդհանրապես: Եթե նախկինում խոսքը գնում էր գոնե «բանակցություններ` պատերազմից խուսափելու համար» սխեմայի մասին, ապա Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գրեթե անդադար գնդակոծությունները, ավելի ու ավելի հաճախակի և ավելի կազմակերպված բնույթ ստացող դիվերսիոն գործողություններն արդեն հուշում են, որ գործ ունենք Ադրբեջանից պարտադրվող` «բանակցություններ` դանդաղ պատերազմին զուգահեռ» սխեմայի հետ: Իսկ այդի պարագայում ուղղակի ինքնախաբեություն է բանակցություններով պատերազմը կանխելուն կամ հետաձգելուն հավատալը, առհասարակ փոխզիջումների մասին մտածելը, այդ տրամաբանությամբ դիվանագիտություն բանեցնելը: Բանակցություններն Ադրբեջանի համար վերածվել են պատերազմի նախապատրաստության ծխածածկույթի, Հայաստանի համար դեռ շարունակում են մնալ որպես ինքնահանգստացման, ինչ-որ իմաստով իրականությունից փախչելու միջոց` մի կողմից ուշացնելով համազգային մոբիլիզացիան, իսկ մյուս կողմից` նպաստելով սեփական անվտանգությունը սնամեջ բանակցությունների և Ռուսաստանից Ադրբեջանի վախենալու վարկածի վրա կառուցելուն:
Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ