Փոխարժեքներ
27 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանի կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վաեզին հայտարարել է, թե նախապատրաստվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պաշտոնական այցը Թեհրան: Իսկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, ըստ որի` իրանական կողմն, իր հերթին, աշխատանքներ է տանում Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի պաշտոնական այցը Ադրբեջան կազմակերպելու ուղղությամբ:
Անկախ նրանից՝ խոսքը նախագահների երկկողմ այցելությունների՞ մասին է, թե՞ ոչ, այս նախապատրաստությունները վկայում են թե\' Բաքվի և թե\' Թեհրանի շահագրգռությունը հարաբերությունների վերաիմաստավորման հարցում: Սա պայմանավորված է երկու գործոնով:
Նախ՝ հայտնի է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները զգալիորեն կնճռոտվել էին Ադրբեջանում իսլամիստների նկատմամբ վերջին ամիսներին սկսված հալածանքների պատճառով: Բաքվից 30 կմ հեռու գտնվող Նարդարան գյուղում, որն Ադրբեջանում համարում են Իրանի հովանավորությամբ գործող իսլամական ծայրահեղականության «էքսկլավ», արդեն երկրորդ ամիսն է՝ չեն դադարում մասսայական ձերբակալությունները: Իսլամիստների դեմ գրեթե ողջ երկրով մեկ սկսված հալածանքներն առաջացրել են Իրանի բուռն հակազդեցությունը՝ հանգեցնելով միջպետական քաղաքական լուրջ խնդիրների: Իր ներքին գործերին Իրանի միջամտելու այս միտումների մեջ տեսնելով Ադրբեջանում իսլամիստական հեղափոխություն իրականացնելու հավակնություններ՝ Բաքուն իր անվտանգությունն ապահովելու նպատակով լրջորեն քննարկում է Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ ստեղծված հակաահաբեկչական, իսկ իրականում` հակաիրանական կոալիցիային միանալու հնարավորությունը: Չի բացառվում, որ նախագահների մակարդակով փոխայցերի քաղաքական օրակարգի հիմնական հարցը հենց սա է լինելու:
Երկրորդ գործոնը Իրանի նկատմամբ արևմտյան երկրների տնտեսական սանկցիաները հաջորդ տարվանից չեղարկվելուց հետո բացվող տնտեսական, կոմունիկացիոն հեռանկարներն են: Մի կողմից` Իրանը ցանկանում է հենց այսօրվանից ապահովել կայուն առևտրատնտեսական հաղորդակցուղիներ՝ միջազգային, հատկապես` արևմտյան շուկաներ դուրս գալու համար, իսկ Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի այդ հաղորդակցուղիներն անցնեն հենց իր տարածքով՝ հավակնելով վերածվել տարածաշրջանային առևտատրանսպորտային առանցքի՝ հաբի: Դեկտեմբերի 21-ին Թեհրանում կայացել է իրանա-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Բաքուն Թեհրանին առաջարկել է օգտվել Հյուսիս-հարավ երկաթուղային միջանցքից, տրանսպորտային ենթակառուցվածքներից՝ իրանական ապրանքները Ռուսաստանի և Սև ծովով եվրոպական երկրների շուկաներ հասցնելու համար: Այդ մագիստրալի թողունակությունը նախնական շրջանում կազմում է 5-6 մլն տոննա, հետագայում այն կարող հասցվել մինչև 15-20 մլն տոննայի: Դեռևս 2009թ. Իրանն ու Ադրբեջանը սկսել են իրենց երկաթուղային ենթակառուցվածքները միացնելուն ուղղված՝ ստրատեգիական հսկայական նշանակություն ունեցող Կազվին-Ռեշտ-Աստարա երկաթգծային նոր հանգույցի կառուցման աշխատանքները, որոնք ավարտվել են մոտ 80-90 տոկոսով: Եթե այս հանգույցը գործարկվի, Ադրբեջանը «կյուրացնի» նաև չինական Մետաքսի մեծ ճանապարհի մի կարևոր բաղադրիչ ևս՝ տնտեսապես անիմաստ և անիրագործելի դարձնելով չափազանց թանկարժեք Իրան-Հայաստան երկաթգծի շինարարությունը:
Փաստացի ստեղծվել է մի իրավիճակ, երբ տարածաշրջանի բոլոր երկրները փորձում են օգտվել Իրանի վերահաս տնտեսական և քաղաքական «վերազարթոնքից», մինչդեռ Հայաստանը ննջում է: Վերջին շրջանում իրանական ուղղությամբ մեծ ակտիվություն է դրսևում նաև Վրաստանը՝ հանձին փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Քալաձեի: Նա փորձում է Իրանին շահագրգռել Հայաստանի տարածքով գազ մատակարարելիս Վրաստանը իրանական գազի տարանցման միջանցք դարձնել: Այս նախաձեռնություններում Թբիլիսիին խանգարում է Բաքուն, որը ոչ միայն փորձում է Վրաստանին պահել իր «գազային» մենաշնորհի դաշտում, այլև Հայաստանին մեկուսացնել տարածաշրջանային բոլոր հնարավոր նախագծերից:
Իրանի հետաքրքրությունը Ադրբեջանի նկատմամբ մեծ է այն պարզ պատճառով, որ Հայաստանից արդեն սպասելիքներ չունի: Միակ ոլորտը, որտեղ Հայաստանը, քիչ թե շատ ինքնուրույնություն ցուցաբերելով, փորձում է զարգացնել Իրանի հետ, էլեկտրաէներգետիկ համակարգն է, որին ուղղված հեռանկարային նախագծեր են արվում: Բայց դրա քաղաքական էֆեկտը փոքր է՝ Ադրբեջանի առաջարկած մասշտաբների համեմատ:
Երևանը չի կարողանում ներդրողներ գտնել մոտ 4 մլրդ դոլար արժողությամբ Իրան-Հայաստան երկաթգծի հայաստանյան մասի շինարարությունն սկսելու համար: Իսկ Իրանը Վրաստանին կապելուն կոչված` ստրատեգիական նշանակության Հյուսիս-հարավ ամտոմայրուղու՝ 2009թ. մեկնարկած շինարարությունը կավարտվի լավագույն դեպքում միայն 2020թ.: Մինչդեռ սկզբում կառավարությունը հավաստիացնում էր, թե այն շահագործման կհանձնվի արդեն 2017-ին: Հայաստանը քննարկել անգամ չի ցանկանում իրանական գազի համար տրանզիտային երկիր դառնալու թեման՝ չնայած նրան, որ Թեհրանը բազմաթիվ ազդակներ է հղել, որ նախապատվությունը տալու է Հայաստանին, եթե վերջինս ընդառաջ գնալու բավականաչափ կամք դրսևորի: Կասկած լինել չի կարող, որ եթե այս ուղղությամբ առաջիկայում որևէ քայլ չարվի, Իրանը միջոցներ է ձեռնարկելու իր գազը, որպես ռուսական գազի այլընտրանք, կա\'մ Ադրբեջանի, կա\'մ Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ ուղղելու համար:
Այլևս փաստ է, որ ՀԱՊԿ-ն չի կարող Հայաստանի համար նվտանգության «հովանոցի» դեր կատարել: Անվտանգության նոր համակարգի ձևավորման հրամայական ունեցող Հայաստանի համար Իրանի հետ քաղաքական և, ինչու ոչ, ռազմաքաղաքական հարաբերությունների զարգացումը թվում է՝ այլընտրանք չունի: Բայց այս հարցում ևս Հայաստանը շտապել չի ցանկանում: Եթե Իրանի նախագահ Ռոհանին իսկապես որոշել է առաջիկայում այցելել Ադրբեջան, ապա դա լինելու է 2014թ. հետո նրա երկրորդ պաշտոնական այցն այդ երկիր: Մինչդեռ` նա այդ պաշտոնը ստանձնելուց ի վեր ոչ մի անգամ Հայաստան չի այցելել: Ավելին` երբ այս տարի հոկտեմբերի կեսերին կայացավ ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի այցը Հայաստան, պարզ դարձավ, որ դրանով պարզապես օրակարգից հանվում է Երևան Ռոհանիի այցի թեման: Ստացվում է, որ Թեհրանը Հայաստանի հետ հարաբերվում է վարչապետի, իսկ Ադրբեջանի հետ՝ նախագահի մակարդակով: Միջպետական հարաբերություններում մանրուքներ չկան: Չնայած կարևորը այցերի բովանդակությունն է, բայց նման արարողակարգային մանրամասները պարզորոշ ցույց են տալիս այդ կապերի իրական որակն ու մակարդակը: Եվ սա է, ահա, Հայաստան-Իրան տնտեսա-քաղաքական հարաբերությունների իրական որակը:
Գևորգ Դարբինյան