Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ մամլո խոսնակ, համատեղության կարգով նաև ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը tert.am-ի հետ հարցազրույցում, մեկնաբանելով հունվարի 18-ին Ազատության հրապարակում պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի դեմ «Դեմ եմ» նախաձեռնության հրավիրած բազմամարդ հանրահավաքին ոչ իշխանական 4 ուժերի միանալու հանգամանքը, նշել է, թե այդ ուժերը ստիպված էին գնալ հանրահավաքին, հակառակ դեպքում` կհայտնվեին քաղաքական գործընթացների լուսանցքում: «Ընդդիմության պասիվության, անգործության արդյունքում ակտիվ քաղաքացիական հասարակությունը միավորվում է ո'չ թե քաղաքական ուժերի, այլ քաղաքացիական հասարակության գլխավորությամբ»,- ասել էր Շարմազանովը:
Անդրադառնալով նույն խնդրին` քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Իսկանդարյանն էլ նշել էր, թե հանրահավաքին այդ ուժերի միանալն ապացուցում է ընդդիմադիր դաշտի դեգրադացման և մարգինալացման խորացումը, նաև ձախակողմյան գաղափարախոսության հիմքի վրա քաղաքացիական բողոքի տեսքով նոր տիպի քաղաքականության առաջացումը:
Այս տրամաբանությամբ մեկնաբանություններն ու գնահատականներն առաջիկայում` կենսաթոշակային կուտակային պարտադիր բաղադրիչի դեմ պայքարի ծավալմանը զուգընթաց, անկասկած ավելի մեծ մասշտաբներ են ընդգրկելու: Դրանք արդեն իսկ ցույց են տալիս, թե այդ շարժման և դրանում ընդդիմադիր քաղաքական դաշտի նորովի ինքնադրսևորմանը հակադարձելու հատկապես ինչպիսի մարտավարություն է որդեգրում իշխանությունը: Թե' Շարմազանովի, թե' Իսկանդարյանի դիտարկումների առանցքը ոչ թե ինքնին նման մարդաշատ հանրահավաքի կազմակերպումն ու այն հնարավոր դարձնելու պատճառահետևանքային կապերն էին, այլ դրանում 4 ուժերի դերակատարությունը, որը կոնկրետ այդ պայքարի շրջանակում երկրորդական նշանակություն ունի: Իրերի դասավորության խեղաթյուրման, երկրորդականն առաջնային դարձնելու` այս սքողված փորձերն ինքնանպատակ չեն: Դրանց խնդիրը քաղաքացիական` ինքնակազմակերպվող ընդվզման շարժումը, որը շեշտված սոցիալական ենթատեքստ ունի, հանիրավի կուսակցականացնելն է կամ, ավելի ճիշտ, այդ պայքարը քաղաքականության հետ պարտադիր ասոցացնելը: Հաշվի առնելով Հայաստանում քաղաքական համակարգի գրեթե կատարյալ հեղինակազրկվածությունը և անապատային վիճակը, որը իշխանության ռազմավարության արգասիքն է, նման ասոցացումը հղի է ընդհանրապես քաղաքացիական-երիտասարդական այդ շարժման հեղինակազրկմամբ ու քաղաքական բանսարկությունների գերին դարձնելու հեռանկարով:
Իրականում այդ 4 քաղաքական ուժերի միջև տեղի է ունենում ոչ թե միավորման մեխանիկական գործընթաց, այլ ընդամենը գործողությունների համաձայնեցման և համակարգման համատեղ փորձի կուտակում: Իսկ դա ոչ միայն ընդհանրապես չի բացառում նրանց միջև գաղափարական, մարտավարական ու արժեքային հակասությունների առկայությունը, այլև ստիպում է հարաբերությունները կառուցել` այդ հակասությունները հաշվի առնելով: Նրանք իրարից ավելին չեն ակնկալում, քան այն, ինչ կարող են տալ: Եվ դա շատ ավելի ազնիվ է, քան եթե խոսքը գնար արհեստական միավորումների ստեղծման և դա բուն քաղաքացիական պահանջատիրության առարկայից ավելի գերադասելու մասին: Ի վերջո, դա շատ ավելի ազնիվ է, քան, քաղաքական բացարձակ մեծամասնություն կազմելով հանդերձ, ինչ-որ մարգինալ կուսակցությունների հետ ֆորմալ կամ ոչ ֆորմալ կոալիցիա կազմելը և պատասխանատվության մի մասը վերջիններիս վրա դնելը` առանց իրավունքները նրանց հետ կիսելու:
Այնպես որ` ՀՀԿ-ն ճիշտ կանի նախ թոթափվի արթուրբաղդասարյանական, արտաշեսգեղամյանական, հայկբաբուխանյանական, խոսրովհարությունյանական արհեստական միավորումների իմիտացիայից, նոր դրանից հետո փորձի նկատել դիմացինների աչքի փուշը: Անգամ անզեն աչքով է տեսանելի, որ ոչ իշխանական ուժերը ոչ թե իրար են միանում, այլ առանձին-առանձին միանում են քաղաքացիական անհնազանդության շարժմանը: Այսինքն` ոչ թե իրենք են գեներացնում կամ առաջնորդում այդ շարժումը, այլ շարժումն ինքն է նրանց գեներացնում և առաջնորդում` ստիպելով նրանց հարցը քաղաքականացնել այնքան, որքան այս պահին ինքն է անհրաժեշտ համարում: Ոչ իշխանական ուժերից յուրաքանչյուրը հրաշալի հասկանում է, որ այս սկզբունքից ցանկացած շեղման փորձ իրենց է խաղից դուրս դնելու: Որևէ մեկը չի բացառում, որ այդ ուժերը կարող են նաև շարժումից իրենց համար խմբակային դիվիդենդներ շահել: Բայց քաղաքականության մեջ դա ոչ միայն ընդունելի է, այլև ինչ-որ տեղ օրինաչափ ու անհրաժեշտ: Խնդիրն այն է, թե այդ դիվիդենդները ձեռք են բերվում հընթա՞ցս քաղաքացիական պայքարի, թե՞ դրա հաշվին: Այսինքն` որքանո՞վ են պայքարին խանգարում կամ նպաստում: Գոնե այս պահին որևէ հիմք չկա կարծելու, թե դա արվում է պայքարի հաշվին: Ավելին` ընդդիմադիր ուժերից շատերն իրենց ներկայիս փոքր պոտենցիալով անգամ չեն էլ կարող հավակնել դրան:
Քաղաքացիական լիովին առողջ ու աննախադեպ այս շարժումը ստիպում է բացարձակապես նոր տիպի քաղաքական համակարգ ստեղծել: Մինչ այսօր քաղաքական օրակարգը ձևավորում էին քաղաքական ուժերը` անկախ նրանից` խոսքը իշխանակա՞ն, թե՞ ընդդիմադիր խաղացողներին էր վերաբերում: Եվ ձևավորում էին բացառապես իրենց շահերի ու հետաքրքրությունների վրա, անտեսելով, արհամարհելով հանրային պահանջմունքները, ինչը հանգեցնում էր հասարակությունից ողջ քաղաքական համակարգի օտարացմանը: Մինչդեռ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ հասարակությունը հստակ բանաձևում է իր պահանջները, ձևավորում է սոցիալ-քաղաքական օրակարգ և ստիպում քաղաքական համակարգին դիրքավորվել դրա նկատմամբ: Այսինքն` վերադարձ է կատարվում հասարակական շահի առանցքի վրա քաղաքական օրակարգ ձևավորելուն, որտեղ հասարակությունը առայժմ` առկա անվստահության պատճառով, առաջնորդման խնդիրը չի ուզում դնել քաղաքական ուժերի վրա: Այս շարժման ամենամեծ վտանգը իշխանության համար գալիս է դրանից: Որովհետև նոր ձևավորվող քաղաքականությունը իշխանությանը զրկում է, քաղաքական դաշտի խաղացողների հետ սեպարատ բանակցությունների, կուլիսային պայմանավորվածությունների մեջ մտնելով, գործընթացները վիժեցնելու, հասարակական շրջանակներին թևաթափ անելու, քավության նոխազներ ու մեղավորներ փնտրելու հնարավորությունից այն պարզ պատճառով, որ մի կողմից դա այլևս որևէ եղանակ չի փոխում, իսկ մյուս կողմից` ուղղակի անհնար է հասարակությանը մեղադրել պահանջներ բանաձևելու և դրանց համար պայքարելու մեջ: Հասարակությունը ինքն է խաղի կանոններ թելադրում, իսկ դա նշանակում է, որ իշխանությունն ստիպված է նրան մոլորեցնելու նոր մեթոդներ մոգոնել: Հարց այն է, թե նրանից ո՞վ ավելի հնարամիտ կգտնվի:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ