կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-18 14:37
Քաղաքական

Սերժ Սարգսյանը գերի՞ է

Սերժ Սարգսյանը գերի՞ է

Հանրապետության երեք նախագահները, ովքեր այս հանգրվանի պատասխանատուներն են, պետք է արենայից դուրս մղվեն: Այս մասին լրագրողներին ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նրա համոզմամբ` առաջին նախագահը կարող էր 2008-2011 թվականներին փոխել իրավիճակը, դաս քաղել իր սխալներից, բայց չարեց, որովհետև կա'մ չցանկացավ, կա'մ էլ չկարողացավ:

 

Ըստ Մակեյանի` Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նույնպես պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց չարագործությունների համար, սակայն երկիրը հասել է այն վիճակին, որ բոլորը մտածում են, թե առանց այդ անձանց Հայաստանում ոչինչ չի լուծվում: Մակեյանը համոզված է, որ երեք նախագահների գործոնը առաջիկա քաղաքական գործընթացներից պետք է բացառել, իսկ կառավարությունը պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի գազային ավանտյուրայի համար:

 

Պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին, թե ինչպե՞ս պետք է կամավոր իրենց պաշտոնը լքեն իշխանություն ու հարստություն կուտակած բարձր պաշտոնյաները, նա նշեց, որ, բնականաբար, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շուրջը ձևավորվել են մեծ ռեսուրսներ, նրանք կամովին իրենց իշխանությունը չեն զիջի, ուստի նրանց պետք է պարտադրել:

 

«Իրենց մեջ վախ կա, որ կարող են կորցնել իրենց իշխանությունը, դրա ապացույցը գազի թանկացած գնի վերաբերյալ աղմուկը թաքցնելն էր, պարտքը թաքցնելն էր»,- ասաց Պետրոս Մակեյանը` հավելելով, որ գուցե Սերժ Սարգսյանն էլ է ուզում երկրի վիճակը փոխել, սակայն ստեղծված կապանքների մեջ գերի է: Հետևաբար, եթե չի կարողանում այդ կապանքներից դուրս գալ, ուրեմն պետք է հեռանա, որ երկիրն ազատագրվի ու փորձի ապրել: «Եթե ուզում եք իմանալ` ինչպես են իշխանությունները գողացել, լսեք հենց իրենց. հիմա էլ նոր ձև է, ասում են, որ երկրում թալան կա, բայց ասում են, թե ուզում են շտկել: Ու բոլորս տեսնում ենք, որ այդ շտկելու արդյունքում ոմանք դառնում են օլիգարխներ»,- ասաց Պետրոս Մակեյանը:

 

Նրա խոսքով` նախագահի աշխատավարձը բոլորին հայտնի է, բայց նախագահները հարստանում են: Ըստ Պ. Մակեյանի` Սերժ Սարգսյանի եղբայրը Սաշիկ Սարգսյանը աշխարհի ամենաթանկ քաղաքներից մեկում` Գլենդելում, ներդրումներ է անում` աղքատ երկրից գումարներ ու միջոցներ տանելով: «Քոչարյանը Երևան էր եկել կարմիր «Զապորոժեց»-ով, բայց հիմա նայեք, միլիարդատեր է, ինչի՞ հաշվին, ի՞ր աշխատավարձի: Նրա տղան միլիարդատեր է, ինչի՞ հաշվին»,- ասաց Պետրոս Մակեյանը: