կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-13 06:35
Առանց Կատեգորիա

Ի՞նչ էր մեկումես ժամ խոսում Նալբանդյանը Դավութօղլուի հետ

Ի՞նչ էր մեկումես ժամ խոսում Նալբանդյանը Դավութօղլուի հետ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղուն հայտարարում էր, թե Երևան է այցելում Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման անկեղծ նպատակներով: Սակայն նա դեռ չէր հասցրել առանձնազրույց ունենալ Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ, երբ Ստամբուլում լույս տեսնո «Ակօս» հայկական պարբերականից տեղեկատվություն ստացվեց, թե Թուրքական պատմագիտական ընկերությունը թուրքական համալսարաններից պահանջել է այն ուսանողների, ասպիրանտների անունները, աշխատանքների վերնագրերը և կոնտակտները, ովքեր ուսոմնասիրություններ են կատարում Հայկական հարցի վերաբերյալ` սպառնալով կրթաթոշակներից զրկել բոլոր նրանց, ովքեր դարասկզբին կատարված իրադարձությունները կփորձեն որպես Ցեղասպանություն ներկայացնել:

 

2009թ. հայ-թուրքական երկու արձանագրությունները ստորագրելուց առաջ և հետո պաշտոնական Անկարան հայտարարում էր, թե այդ տարիներին տեղի ունեցածը միայն պատմաբանների, այսինքն` գիտական ոլորտի խնդիրն է: Ավելին` սույն գաղափարը, որը, ըստ էության Ցեղասպանության արդիականությունը և դրա ճանաչման քաղաքական նշանակությունը նսեմացնելու և պատմության «աղբարկղը» նետելուն ուղղված քայլ է, ընկած է նաև հայ-թուրքական արձանագրությունների հիմքում` այդ փաստերն ոսւումնասիրելու նպատակով պատմաբաններից կազմված հանձնաժողով ստեղծելու տեսքով: Թուրքական պատմագիտական ընկերության այս նախաձեռնությունը, սակայն, ցույց է տալիս, որ անգամ դրան Անկարան պատրաստ չէ: Պատմագիտության տոտալ վերահսկողությունը, որը չեզոքացնում է իրական գիտության ամենակարևոր սկզբունքը` անաչառությունը, ավելորդ անգամ պատռում է թուրքական քաղաքականության և դիվանագիտության դիմակը և Հայոց ցեղասպանությունը պատմական բանավեճի հավերժ թեմա դարձնելու անթաքույց նպատակները:

 

Այս իրողությունը երանգավորում է ՍԾՏՀԿ արտգործնախարարների գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների դռնփակ երկկողմ հանդիպումը: Ի՞նչ էր Նալբանդյանը քննարկում Դավուօղլուի հետ` Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, երբ սեփական պատմագրության նման գրաքննությամբ Թուրքիան պարզորոշ հասկացնում է իր իրական նպատակները: Պաշտոնական Երևանը շարունակում է Թուրքիայի հետ իր հարաբերությունների հեռանկարը պայմանավորել 2009-ին ստորագրված և երկու երկրների խորհրդարաններում վավերացման սպասող զույգ արձանագրություններով: Դավութօղլուի այցի նախօրեին ՀՀ արգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, թե Թուրքիան կարող է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը նպաստել ` առանց որևէ նախապայմանի վավերացնելով և կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Իսկ երբ Դավութօղլուն արդեն Երևանում էր, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը շտապեց շեշտել, թե` «Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումը հստակ է. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց որևիցե նախապայմանների: Ուստի թուրքական կողմի փորձերը` կապակցել դա այլ հարցերի հետ, նախապայմաններ առաջ քաշել, ապարդյուն են և անիմաստ»։

 

Իսկ համաշխարհային հանրության դիրքորոշումը հերթական անգամ այսօր բանաձևել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին: Նա, հայտարարելով, թե ԱՄՆ-ը ողջունում է Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան և հուսով է, որ դա Երևանի և Անկարայի միջև երկխոսության հնարավորություն կտա, ասել էր. «Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային և Հայաստանին վավերացնել արձանագրությունները և իրականացնել սահմանների բացմանն ուղղված իրական քայլեր»:  Փաստորեն, հենց դրա հետ է համահունչ Հայաստանի դիրքորոշումը:

 

Արձանագրությունների վավերացման խնդիրն օրակարգում պահելու պարագայում Երևանը չի կարող խուսափել դրանք նմանատիպ հանդիպումների ժամանակ քննարկելուց, և ամենայն հավանականությամբ հենց դա է եղել Դավութօղլու-Նալբանդյան մեկուկես ժամանոց բանակցությունների առանցքը:

 

Ինքնին արդեն նման հանդիպումը ցույց է տալիս, որ Երևանի համար այս պահին ամենակարևորը ոչ այնքան արձանագրություններից թեկուզ աստիճանաբար հրաժարվելն է, որքան դրանց հենքի վրա միջազգային հանրության մոտ հարաբերությունների կարգավորման մեջ շահագրգռված լինելու տպավորություն թողնելը:

 

Նախագահը հրաժարվեց ընդունել Դավութօղլուին, և այդ մասով Անկարայի պլանները տապալվեցին: Այն փաստը, որ Դավութօղլուն որոշեց ասուլիս տալ միայն թուրք լրագրողների համար, ցույց է տալիս, որ նա նաև չստացավ նախատեսած ուղերձները հղելու բավարար դաշտ կամ ամբիոն: Սակայն սա դեռևս ոչինչ չի ասում այն մասին, թե արդյո՞ք Անկարայի և Երևանի միջև սեպարատ, կուլիսային բանակցություններ չեն վարվում: Արդեն իսկ այն փաստը, որ արտգործնախարարների հանդիպումը շուրջ մեկուկես ժամ է տևել, ցույց է տալիս, որ կողմերն ունեցել են քննարկելու շատ կոնկրետ օրակարգ: Դրանով Երևանը հասկացրեց, որ չի բավարարվելու Դավութօղլուի զուտ պրոտոկոլային ընդունելությամբ, իսկ դա, որ տեսանկյունից էլ նայես, նշանակում է քննարկել այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջադրում է թե' հարաբերությունների կարգավորման և թե' արձանագրությունների վավերացման համար: Այսքանով արդեն Նալբանդյանը հակասում է ինքն իրեն և այդքանով մեծացնում հայ-թուրքական երկրորդ գիշերային դիվանագիտական ռաունդի առկայության շուրջ եղած կասկածները:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ