Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հրանուշ Խառատյանի նամակը Տարոն Մարգարյանին
Հարգելի պարոն Տարոն Մարգարյան
Ամանորյա տոներին ընդառաջ մի խումբ քաղաքացիներ քննարկել են Ամանորի տոնի հանրային մասնակցության մեջ խաղարկային տարրեր մտցնելու մի սցենար, որի իրականացման համար Ձեր և քաղապետարանի օգնության կարիքն են զգում: Գաղափարը կայանում է հետևյալում. Երևանի կենտրոնում գտնվող մի տոնածառ հատկացնել քաղաքացիներին՝ թույլ տալով, որ այն «զարդարեն» ցանկացող բոլոր քաղաքացիները: «Զարդարել» բառը գուցե լավագույնս չի արտահայտում գաղափարի իմաստը, քանի որ նպատակը ոչ թե պարզ զարդարելն է, այլև «տոնածառ» երևույթը մեր ժողովրդի ավանդական ամանորյա մշակույթի մեջ «տեղավորելը»: Հայոց ավանդական ամանորյա մշակույթի կարևոր բաղկացուցիչներից մեկը Ամանորի՝ որպես հնի ու նորի սահմանագծի տոնին անցնող, վերջացող տարվա հետ ամեն անցանակալի բան անցյալում թողնելու և ցանկալին, դրականը սկսվող տարվա հետ կյանքում «ապահովելու» ծիսականացված գործողություններն էին: Դրանք տարբեր են /բարեմաղթանք, դուրս նետում, խաղարկուն գործողություններ և այլն/:
Այս ավանդույթը կարող է հանրային մասնակցութան ձև ապահովել, նպաստելով նաև ամանորյա տոնահանդեսի խմբային հուզականության դրսևորումներին, ինչը տոնի կարևոր հասարակական գործառույթներից մեկն է: Իսկ դրա իրականացման ձև կարող է լինել մեկ ընդհանուր «քաղաքացիական տոնածառը», որը «լցվում է» անհատ քաղաքացիների գրավոր արտահայտված ցանկություններով: Քաղաքացիներից կամեցողները երկուական «ցանկություն» են գրում և կախում տոնածառից, մեկը՝ «մերժող», մյուսը՝ «ակնկալվող»: «Ցանկությունները» կարող են ձևավորվել թղթի վրա, կավի, փայտի փորագրության, կտորի վրա ասեղնագործելով, այլ ձևորեով, որոնք կարող են խնվել ստեղխագործ մարդկանց ուղեղներում: Կարելի է վստահ լինել, որ նախաձեռնությունը ի թիվս այլոց կնպաստի նաև քաղաքացիների ստեղծագործական ջգտումների կիրառական իրականացմանը: Տոնի ավարտից հետո «քաղաքացիական տոնածառի» ցանկությունների զարդարանքը կարելի է հանձնել Երևան քաղաքի թանգարանին և հնարավորություն տալ մշակութաբաններին, հասարակագետներին, ազգագրագեներին՝ ուսումնասիրել դրանց բովանդակությունն ու արտաքին ձևավորումը: Եթե գաղափարը քննություն բռնի, կարելի է նույնիսկ ամանորյա արխիվ ստեղծել՝ ըստ տարեթվերի /Ամանոր-20113-14, 2014-15 և այլն/: Այս գաղափարին Երևանի քաղաքապետարանի դրական վերաբերմունքը ֆինանսական ծախսեր չի պահանջի, փոխարենը կարող է հանրային ընդհանրության լիցք հաղորդել արդեն ձևավորված ամանորյա տոնահանդեսին: Ենթադրում եմ, որ այդ կարգի տոնածառի տեղադրման լավագույն վայր կլինի անցուդարձի բանուկ մասում, դիցուք՝ Կարապի լճի շրջակայքում, որպեսզի «տոնածառին հասնելու» հատուկ ջանքերի անհրաժեշտություն չառաջանա: Սկզբունքորեն բուն «տոնածառին» կարող է փոխարինել նաև որևէ թեթև կառուցվախք, սակայն հաշվի առնելով, որ այն կարող է լրացուցիչ ծախսեր առաջացնել, կարելի է սահմանափակվել նաև պարզ ծառով: Իսկ գաղափարի իրականացման ընթացքը ցույց կտա հետագայում դրա զարգացումների հնարավորությունները:
Հարգանքով՝ Հրանուշ Խառատյան, ազգագրագետ