կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-12 14:40
Քաղաքական

Ալիևը փորձում է «բաևիկի» դերում հանդես գալ և ցույց տալ, թե շատ ուժեղ տղա է. Միհրան Հակոբյան

Ալիևը  փորձում է «բաևիկի» դերում հանդես գալ և ցույց տալ, թե շատ ուժեղ տղա է. Միհրան Հակոբյան

ՀՀԿ-ական պատգամավոր, քաղաքագետ Միհրան Հակոբյանի կարծիքով` Ադրբեջանում այսօր մեկնարկած զորավարժությունները, որին մասնակցում է 25 հազար զինծառայող և մեծ թվով ռազմատեխնիկա, աննախադեպ չէ` քանակի առումով: Yerkir.am-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ Ադրբեջանը դրանից ավելի մեծ զորավաժություններ էլ է արել: «Սակայն Ադրբեջանի ցանկացած զորավավարժություն մեզ համար վտանգավոր է, որովհետև մենք գործ ունենք մի պետության հետ, որը ցանկացած պահի այդ զորավարժությունը կարող է վերածել ներխուժման փորձի»,- ասաց նա:

Հակոբյանը միևնույն ժամանակ նշեց, որ երբ նրանք զորավարժություն են անցկացնում, այդ հատվածներում մեր զինված ուժերը միշտ բերվում են տագնապի` համար մեկ վիճակի:

Անդրադառնալով ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը խախտել է ԵԱՀԿ-ի առջև ստանձնած պարտավորությունները` երկրում իրականացվող զորավարժությունների մասին չտեղեկացնելով անդամ երկրներին, պատգամավորն ասաց. «Ադրբեջանը շատ վաղուց թքած ունի ԵԱՀԿ-ի բանաձևերի և ԵԱՀԿ-ում ստանձնած պարտավորությունների վրա»:

Նրա խոսքով` Ադրբեջանը շատ վաղուց անթաքույց կերպով խախտել է Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին կոնվենցիայում նշված քվոտաների քանակը և դրա համար ոչ մի պատասխանատվություն չի կրել: «Քանի որ Ադրբեջանը հասկանում է, որ դրա համար պատասխանատվություն չի կրելու, անգամ չի էլ տեղեկացնում որևիցե մեկին, որ զորավարժություն է անելու: Մենք գործ ունենք մի պետության հետ, որի ղեկավարությունը կարծում է` կարող է միջազգային իրավունքի, միջազգային հարաբերությունների դեմ քայլեր ձեռնարկել և մնալ անպատիժ»,- ասաց Հակոբյանը:

Պատգամավորն այդ անպատժելիությամբ էլ բացատրում է այն հանգամանքը, որ Ադրբեջանի ախորժակն ամեն անգամ մեծանում է: «Ամեն անգամ երբ ներվում են, նորից երես են առնում, մեկ քայլ ավելի առաջ են գնում իրենց գործողություններում»,- ասաց նա:

Զորավարժությունների անցկացումը պատգամավորը պայմանավորեց նաև առաջիկա նախագահական ընտրություններով: «Ադրբեջանում նախընտրական իրավիճակ է. Իլհամ Ալիևը հերթական անգամ փորձում է «բաևիկի» դերում հանդես գալ և ցույց տալ իր հասարակությանը, որ շատ ուժեղ տղա է և կարող է զորավարժություններ անել, երբ ցանկանա, ինչ քանակով ցանկանա և ոչ մեկին այդ մասին կարող է տեղյակ չպահել: Իհարկե, քարոզարշավի մաս է կազմում, և դա բնական է Ադրբեջանի նման պետությունների համար, որտեղ իշխանության մեջ մնալու և ամրապնդվելու համար բանակն օգտագործվում է որպես կարևորագույն գործիք` շահերը առաջ տանելու, քարոզչական նպատակներով օգտագործելու համար»,- նշեց նա:

Ըստ Հակոբյանի` հայկական կողմն էլ պետք է իր հետևություններն անի: «Ես համոզված եմ, որ մեր ռազմա-քաղաքական ղեկավարությունն ուշադիր հետևում է նրանց զորավարժություններին: Դա նաև հնարավորություն է մեզ համար, որպեսզի ուսումնասիրենք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Դրականն այն է, որ մենք կարող ենք հետևել` որ դրվագներում են նրանք ուժեղ, որտեղ` թույլ, ինչ են փորձում շտկել, և համապատասխան հետևություններ անել արդեն մեզ համար, մեր ռազմավարությունը ճշգրտելու համար»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը 6 ամսով առաջ է գցել Ադրբեջանում նախագահական ընտրությունները, դրանք կկայանան ապրիլի 11-ին:

Իսկ  լայնածավալ զորավարժություններն Ադրբեջանում անցկացվում են մարտի 12-17-ը: Զորավարժություններին մասնակցում է 25 000 զինծառայող: