Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իշխանությունը եւ բանկերը Հայաստանում հեղափոխություն են հասունացնում: Ընկերս բանկից տոկոսով փող է վերցրել: Այսինքն`, վարկ: Ու սկսել է կանոնավոր վերադարձնել վարկը: Երբ փորձել է նորից տոկոսով գումար վերցնել, բանկի աշխատակիցը հակադարձել է՝ դու վաղուց պիտի «մեռած» լինեիր: Այսինքն` բիզնեսդ պիտի ձախողած լինեիր: Ու հրաժարվում է նոր վարկ տալ: Որովհետեւ այս անգամ հաստատ «կմեռնի», բանկը կասկած չունի: Բանկի աշխատակիցը գիտի՝ Հայաստանում բիզնես միշտ տակ է տալիս, իսկ ինքը շահում է վարկ վերցրածի անշարժ գույքով: Հայտնի բան է, որ փողը ազգություն չունի անկախ նրանից՝ անունը դոլար է, մանաթ, դինար, շեկել, թե՝ դրամ: Բանկը անկեղծ է ՀՀ քաղաքացու հետ: Ինքը ասում է՝ ես քեզ փող չեմ տալիս, որ դու ոտքի կանգնես, ես քեզ փող եմ տալիս, որպեսզի դու կործանվես: Որովհետեւ հենց կործանվեցիր, ինչ ունես-չունես, իմն է դառնալու: Փայլակ Հայրապետյանի դեպքը դասական օրինակն է:
Աշխարհի բոլոր բանկերի տրամաբանությունը մարդակործան է: Հենց ամերիկյան բանկերը փորձեցին մի քիչ մարդակենտրոն լինել, տնտեսությունը քանդվեց, տեղի ունեցավ համաշխարհային ճգնաժամը: Մեր վարչապետւ դա յուրացրել է, նա հասկացնում է, որ ամբողջ Հայաստանը տանուլ կտա, միայն թե որեւէ բանկ չփլվի: Որովհետեւ,- դա է վարչապետի տրամաբանությունը,- բանկերով կարելի է երկիր կառուցել, բայց հողով՝ ոչ: Հողը միայն գերեզմանոցներին կարող է պետք գալ: Ի վերջո, ինչպե՞ս է փողը կուտակվում հանցագործների ձեռքը: Շատ պարզ: Այն ոչ ոք բանկերից չի գողանում, կառավարությունների օգնությամբ գողանում է ժողովրդից: Երբ ամբողջ փողը հայտնվում է ինչ-որ մեկի ձեռքը, նա դառնում է անպատժելի: Իսկ անպատժելիությունը բոլոր հանցագործությունների ստնտուն է:
Հիմա հասկանալի՞ է, թե ուր է տանում Հայաստանը այս իշխանությունը: Եվ ինչից են փախչում մարդիկ: Նրանք փախչում են անիրավված Հայրենիքի կործանման վկան լինելու հեռանկարից: Նրանք հասկացել են, որ ինքնուրույն ոչինչ անել չեն կարող: Հասկացել են, որ դուրսն էլ չի օգնի: Ու փախչում են: Որովհետեւ գերադասում են անիրավված լինել ոչ հայրենակիցների ձեռքով: Գնում են ստրկանալու այնտեղ, որտեղ իրենց ստրկացնողին պահանջներ չեն ունենա: Իսկ ինչպե՞ս այս ամենին պիտի հակադարձի մնացողը, որն այլեւս ոչինչ չունի եւ փախչելու տեղ էլ չունի: Պարզ է՝ հեղափոխությամբ:
1917-ին դեռ վարկ հասկացությունը չկար, կապիտալիստները յուրովի էին սնանկացնում մարդկանց, ում ձեռքին փող կար: Արդյունքում ժողովուրդն սկսեց սոցիալիզմ մուրալ: Հիմա բանկերը Հայաստանում «կումունիստական» շարժում են հասունացնում, իսկ «կոմունիստները» ձեռքերը ծալած, նստած են: Հայաստանում հեղափոխությունը միայն բանկերով չի մոտենում: Կոռուպցիան նույնպես հեղափոխության հիմնական «վառելիքներից» է: Ֆիդել Կաստրոն իշխանության եկավ Ֆուլխենսիո Բատիստայի ծայրահեղ կոռումպացված իշխանությունը տապալելու ճանապարհով: Իրանի շահը գահից վռնդվեց դարձյալ ծայրահեղ կոռումպացված իշխանության պատճառով: Բիրմայում խունտան իշխանության եկավ «կոռուպցիայի» շնորհիվ: Նույնը տեղի ունեցավ Հունաստանում: Այսինքն` կոռուպցիան այնքան է զզվեցնում ժողովրդին, որ նա պատրաստ է անգամ «Սատանային» հանդուրժել իշխանության գլխին, միայն թե նախկին կոռումպացվածները ռադները քաշեն: Կոմունիստական Ռուսաստանը բոլոր այս կոռումպացված իշխանություններից հետո ձեւավորված կառավարման «զարդն» է: Ընդ որում` կոռումպացված եւ հարստահարող իշխանության վատն այն է, որ այն իր հետեւեից բերում է վրիժառու, ոչ թե ինտելեկտուալ ուժեր:
Թվարկված բոլոր երկրներում էլ իշխանության եկան վրիժառուները: Թվարկվածներին կարելի է գումարել Աուգուստո Պինոչետին Չիլիում եւ Մուհամեդ Մուրսիի իշխանությունը Եգիպտոսում: Հայաստանում վրիժառուների հեղափոխությունն անխուսափելի է հենց այն պատճառով, որ ժողովուրդը դեռեւս իշխանություն չի փոխել: Բոլոր այն երկրներում, որտեղ ժողովուրդն ինքն է իշխանությունը փոխել, վրիժառուներ չեն եղել: Կոռումպացվածները պատասխան են տվել դատարաններում, սակայն ոչ սեփական մահվան գնով:
Եվրոպայում վաղուց հեղափոխություններ չեն լինում, որովհետեւ կոռումպացվածության ամենափոքրիկ դրսեւորումը անմիջապես մտնում է դատարան: Հիմա գլխավոր հարցն այն է, թե արդյո՞ք մնացողների թիվը կարող է գերազանցել հարստահարողների թվին: Եթե ոչ, եկեք պարզապես հետեւենք Հայաստանի Հանրապետություն կոչվող շենքի փլուզմանը, որովհետեւ այլեւս ոչինչ անել հնարավոր չէ:
Սեյրան Հանոյան