կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-29 17:36
Սպորտ

ՀՀ սպորտի նախարարության աշխատանքային այցերը շարունակվում են

ՀՀ սպորտի նախարարության աշխատանքային այցերը շարունակվում են

Այսօր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ այցելեցին նախարարության ենթակայության մի շարք մարզադպրոցներ: Դրանք էին` Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական, Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի, Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցները. այդ մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի նախրարության կայքը:

 

Փոխնախարարն ու նախարարության աշխատակիցները տեղում ծանոթացան մարզադպրոցների հիմնախնդիրներին: Պարոն Մնացականյանը մարզական կրթօջախներում մանրամասն ուսումնասիրեց մարզադահլիճների, մարզագույքի, լողասենյակների, բուժկետերի, սանհանգույցների վիճակը: Առանձնակի քննեց ջեռուցման ու օդափոխության հարցը, մատնանշեց նաև այն բացերը, որ կարող էին չնչին ծախսերով տեղում վերացնել, բայց չէին արել:

 

Եթե շենքային պայմանները բարվոք էին Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական,  Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի մանկապատանեկան մարզադպրոցներում, ուր հիմնական խնդիրները օդափոխությունն ու ջեռուցումն էր, ապա նույնը չէր կարելի ասել Ջրվեժի մենապայքարային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցի մասին, որն ընդամենը 7 տարեկան է: Վերջինիս վիճակը շատ ավելի հեռու էր անմխիթար բառով բնորոշելուց: Գործող մեծ մարզադահլիճը, ուր պարապում էին պատանի մարզիկները  (նրանց մի մասնարդեն հասցրել էր նվաճումներ գրանցել), ջեռուցվում էր գազի 2 վառարանով, իսկ պատուհանները փակել էին, ավելի ճիշտ` կարկատել էին ինչով կարողացել էին: Փոխնախարարն հատուկ ընդհատեց մարզումները, որպեսզի մոտիկից ծանոթանար 17-ամյա ազատ ոճի ըմբշամարտիկ, Եվրոպայի 2012թ.չեմպիոն Արման Խաչիկյանի, 18-ամյա հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արթուր Սիմոնյանի հետ:

 

Ջրվեժի մարզադպրոցի տնօրեն Իվան Սիմոնյանն ու մարզիչ Արմեն Շահվերդյանը խոսեցին նաև ֆինանսական դժվարությունների մասին, որոնց բացակայությունն անհնարին է դարձնում միջազգային մրցույթներին իրենց մասնակցությունը:  

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Նազարեթ Մնացականյանը մարզադպրոցների տնօրեններին հանձնարարեց, որպեսզի առկա խնդիրները լուծելու համար անհրաժեշտ ծախսերի հաշվարկներն անեն առաջիկա 2-3 օրը եւ գրավոր ներկայացնեն նախարարություն: