կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-11 16:46
Սպորտ

Սպորտի նախարարության խաղաղասիրական կոչերը

Սպորտի նախարարության խաղաղասիրական կոչերը

Արդեն տեղեկացրել ենք, որ Թբիլիսիում կարատեի մրցումների ժամանակ ադրբեջանցի մարզիկները հարձակվել են հայ կարատեիստների վրա: Տեղեկությունը տարածվեց ադրբեջանական կայքերում` համապատասխան տեսանյութով:

 

Yerkir.am-ի հետ զրույցում տեղեկությունը չէր հերքել Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը: Նշենք, որ այս հրապարակումից հետո ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձում են պարզել կատարվածի մանրամասները:


«Անհրաժեշտության դեպքում կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ՝ ընդուպ մինչև որակազրկում և արգելք` մասնակցելու միջազգային մրցաշարերին, ինչպես դա եղավ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում հնչած` Հայաստանի պետական օրհներգի ընթացքում կքանստած ադրբեջանցի մարզիկի նկատմամբ: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ հայկական կողմի գնահատականն ու վերջնական հայտարարությունը կլինեն միմիայն մեր պատվիրակության և վերոհիշյալ կազմակերպությունների հետ քննարկումն ավարտելուց հետո»,- ասված էր նախարարության մամուլի քարտուղարի հաղորդագրության մեջ:

 

Եվ ահա արդեն այսօր պարզվում է` նախարարությունը բացահայտել է կատարվածի մանրամասները: Այսպես` ըստ նախարարութան հետաքննության` վեճը եղել է ոչ թե Հայաստանի հավաքականի, այլ ջավախահայ և ադրբեջանցի մարզիկների միջեւ:


«Կատարվածի կապակցությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պահանջով առաջիկայում կազմակերպիչների կողմից կտարածվի պաշտոնական հաղորդագրություն»,- ասված է հաղորդագրության մեջ: Վերջում նախարարությունը հանդես է եկել խաղաղասիրական կոչով. «Մինչ այդ, հաշվի առնելով հայ - ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը, կոչ եմ անում լրատվամիջոցների իմ գործընկերներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և խուսափել ամեն ինչից անհարկի աղմուկ բարձրացնելուց»:


Հիշեցնենք, որ երբ սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում աշխարհի գավաթը նվաճած Աշոտ Դանիելյանի պարգևատրության արարողության ժամանակ` Հայաստանի օրհենրգը հնչելու պահին, 3-րդ տեղը գրաված ադրբեջանցի մարզիկը կքանստել էր, Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը, մեղմ ասած, արդարացրել էր ադրբեջանցուն. «Խի, պիտի աչոտ տա՞Հնարավոր է` այդ պահին ադրբեջանցու փորը ցավել է: Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում: Մենք չենք կարող ինչ-որ մեկից պահանջել, որ սիրեն մեզ: Միջազգային սպորտում մենք պետք է զիջումների գնանք և հասնենք փոխադարձ հարգանքի»:

 

Ինչպես երեւում է սպորտի նախարարությունը` եթե ոչ զիջելու, ապա ամեն ինչին թեթեւ աչքով նայելու եւ «հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունը» մատի փաթաթան դարձնելու ու լրատվամիջոցներին դասեր տալու գործելաոճով է աշխատում: