Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ես կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը»,- ասել է Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նոյեմբերի 27-ին Վիլնյուսի համալսարանում կարդացած դասախոսության ժամանակ:
Վարդան Օսկանյանն այս օրերին Լիտվայի խորհրդարանի փոխնախագահի հրավերով Վիլնյուսում է, որտեղ մասնակցում է տարբեր գիտաժողովների և միջոցառումների: Այս մասին տեղեկացնում է civilnet.am-ը:
«Հայաստանի հյուսիսային ընտրությունը և Եվրոպական Միության հետ հետագա հարաբերությունները» թեմայով Վարդան Օսկանյանի դասախոսությունից հատված ներկայացված է Վարդան Օսկանյանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
«Առաջիկա երկու օրերին աշխարհի ուշադրության կիզակետում Վիլնյուսն է լինելու. ոչ թե այն պատճառով, թե ինչ է տեղի ունենալու այնտեղ, այլ այն, թե ինչ տեղի չի ունենալու: Գագաթաժողովի հիմնական իրադարձությունը պետք է լիներ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը Ուկրաինայի հետ և նախաստորագրումը Մոլդովայի, Վրաստանի ու Հայաստանի հետ: Այսօր մենք գիտենք, որ Ուկրաինան չի ստորագրի, իսկ Հայաստանը չի նախաստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Սրանից երեք հարց է ծագում․
1. ի՞նչ է պատահել,
2. ի՞նչ է սա նշանակում,
3. ի՞նչ է սպասվում:
Առաջին հարցի վերաբերյալ ես չեմ կարող խոսել Ուկրաինայի փոխարեն, չեմ կարող խոսել նաև իմ երկրի կառավարության փոխարեն: Ես միայն կարող եմ ենթադրություններ անել, բայց չեմ անի: Թեև ենթադրությունները Հայաստանում բազմաթիվ են՝ աբսուրդից մինչև հնարավոր վարկածներ, ճնշումից և պարտադրանքից մինչև ազատ ընտրություն կամ սխալ որոշում: Չնայած ենթադրություններ չեմ անում, սակայն կասեմ, թե որը կլիներ իմ նախապատվությունը:
Ես կցանկանայի, որ Հայաստանը նախաստորագրեր Ասոցացման համաձայնագիրը՝ միաժամանակ շարունակելով օգտվել Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ գոյություն ունեցող ազատ առևտրի համաձայնագրից։ Ես կուզենայի, որ Հայաստանը Եվրասիական միությունում ունենար դիտորդի կարգավիճակ՝ առանց վտանգելու ռազմավարական իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Որպես նախկին արտգործնախարար՝ ես կարող եմ ասել, որ այդ սցենարը հնարավոր էր:
Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, թե ինչ է սա նշանակում, ապա դրան երեք տարբեր հարթություններում է պետք պատասխանել: Առաջինը գլոբալ հարթությունն է: Արդյոք սա Ռուսաստանի և Արևմուտքի հեռահար աշխարհաքաղաքական մրցապայքա՞ր է: Արդյոք սա երկրորդ սառը պատերազմի մեթոդներ ու մտածողությո՞ւն է:
Ես հակված եմ հավատալ, որ այդպես չէ: Այս ամենի միջով մենք անցանք ՆԱՏՕ-ի ընդլայնման ժամանակ և դիմակայեցինք այդ փոթորկին: Ինտերնետի և բաց ու արագ հաղորդակցության մեր օրերում իսկապես շատ դժվար կլինի վերադառնալ Երկրորդ աշխարհամարտից հետո եղած իրադրությանը:
Իմ հիմնական մտահոգությունը սրա տարածաշրջանային հետևանքներն են. արդյոք սա կխորացնի՞ բաժանումներն ու հատվածականացումը մեր տարածաշրջանում՝ Կովկասում՝ հաշվի առնելով այն փաստը, որ Վրաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը հավելյալ պատճառներ ունեն իրարից տարբերվելու և տարբեր իրադրություններում գտնվելու համար:
Իմ մտահոգությունն առավելապես հայ-վրացական հարաբերություններն են, որտեղ ընդհանուր միակ տեսլականը՝ եվրոպական ինտեգրացիան, կարծես հօդս է ցնդում:
Երրորդ հարթությունը որոշման ներքին հետևանքներն են Հայաստանի բնակչության համար: Այդ հարթությունում մեզ՝ հայերիս, Հայաստանի հանրության համար անհրաժեշտ է իմանալ, թե արդյոք նախագահի որոշումը արժեքահե՞նք որոշում էր, թե՞ այն միայն բխում էր տնտեսական և անվտանգության նկատառումներից:
Ես հուսով եմ, որ դա արժեքահենք որոշում չէր, որովհետև դա կարող է բացասական խոր հետևանքներ թողնել Հայաստանի վրա:
Վերջին՝ «ի՞նչ է սպասվում» հարցադրման վերաբերյալ կարող եմ ասել, որ հաշվի առնելով արժեքների մասին իմ մտահոգությունները՝ ես կարծում եմ, որ Եվրոպական Միությունն այժմ պետք է լինի ավելի զգոն, ավելի ներգրավված և էլ ավելի հաստատակամ ու Հայաստանի իշխանություններին «մեղավոր զգացնելով»՝ փորձի հնարավորություն տալ ապացուցելու, որ եվրոպական արժեքների որդեգրման և իրականացման առումով նրանք շարունակելու են խորացնել ժողովրդավարական գործընթացները»: