Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 23-ին Ռումինիայի Առաջնորդարանի սրահում, թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան-Մուրատյանի պատվավոր նախագահությամբ, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի եւ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Իրինա Մանուկյանի ներկայությամբ, կազմավորվեց Ռումինիայի Հայ Դատի հանձնախումբը. տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:
Սրբազան հայրը շեշտեց մեր ազգային հիմնահարցերի համար պայքարող նվիրյալների անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Ռումինիայում Հայ Դատի հանձնախմբի առկայության կարեւորությունը։ Նա հայտնեց իր անվերապահ աջակցությունն ու հանձնախմբի կողքին լինելու պատրաստակամությունը:
Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը գոհունակությամբ նշեց, որ Հայ Դատի հանձնախմբերի ցանցին նոր կարեւոր մասնիկ է միանում։ Նա հանգամանորեն ներկայացրեց մեր ազգային հիմնահարցերի էությունն ու մարտահրավերները, ինչպես նաեւ կատարվելիք աշխատանքների առաջնահերթություններն ու կիրարկվող մարտավարությունը: Գասպար Կարապետյանը նաեւ անդրադարձավ Ռումինիայի ներկայությանը Եվրախորհրդարանում եւ այլ համաեվրոպական կազմակերպություններում` բացատրելով հայկական հարցերի նկատմամբ դրանց դիրքորոշումները:
Ապա, կարծիքների փոխանակումից հետո, կազմվեցին կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործունեության նախնական ծրագրեր: Ռումինիայի նորաստեղծ Հայ Դատի հանձնախումբը պետք է ջանա Ռումինիայի հանրային կարծիքն ու քաղաքական ղեկավարությանն ավելի հաղորդ դարձնել մեր ժողովրդի արդար պահանջներին, նաեւ պետք է սերտ հարաբերություններ հաստատի ՀՀ դեսպանության եւ ռումինահայ համայնքի հետ` համատեղ ջանքերով նշված նպատակներին հասնելու համար: Առանձնահատուկ աշխատանք է տարվելու հայ երիտասարդության դաստիարակության ուղղությամբ, որպեսզի ունենանք հայկական հարցերին տիրապետող պայքարունակ երիտասարդություն: