Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հաշվի առնելով իր շահերը' Ռուսաստանը երբեք ԼՂ հարցը չի լուծի այնպես, ինչպես կուզենք մենք. լրագրողներին այսօր ասաց ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը:
Նա հիշեցրեց 1988 թվականի շարժումը, որը ճնշվում էր ռուսական տանկերով ու զորքով հենց Երեւանի կենտրոնում, հիշեցրեց «Կոլցո» օպերացիայի մասին, հիշեցրեց, որ 1992 թվականին ԼՂՀ-ի մոտ 52 տոկոսը հայտնվեց Ադրբեջանի վերահսկողության ներքո` հենց ռուսական 23-րդ դիվիզիայի շնորհիվ եւ այլն: Բանախոսը նշեց, որ պատմության մեջ Ռուսաստանը երբեք չի հարգել Հայաստանի ինքնիշխանությունը, ունի իր նեոկայսերական ծրագրերը, որոնց համատեքստում էլ լուծում է իր հարցերը:
«Ռուսաստանն այսօր ունի խնդիր` առաջինը` չլուծել Ղարաբաղի հարցը, չկարգավորել հակամարտությունը եւ երկրորդ` հակամարտության գոտում զորք տեղակայել` իբր խաղաղապահների: Թե ռուսները երբ են խաղաղապահ եղել...»,- ասաց Դավիթ Շահնազարյանը:
Ըստ բանախոսի` Հայաստանի ինքնիշխանությունը, հետեւաբար` նաեւ պետականությունը վերացնելով, որը կլինի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեպքում, ստեղծվում է նաեւ սպառնալիք ԼՂՀ-ի համար, վերանում է ԼՂՀ անկախության միակ երաշխավորը` Հայաստանը:
Պուտինն էլ, ըստ Դավիթ Շահնազարյանի, պատրաստվում է հաջորդ ամիս այցելել ոչ թե սուվերեն երկիր, այլ ռուսական ռազմակայան եւ դրա հարակից տարածքներ... Ու եթե ՌԴ նախագահի այցը աշխատանքային է, ապա, ըստ նրա, թող Պուտինին դիմավորի ոչ թե ՀՀ նախագահը, այլ փոխվարչապետը, ինչպես դա եղավ Պուտինի' Ադրբեջան այցելության ժամանակ: