Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
MediaHub-ի տեղեկություններով, Սյունիքի մարզի Տեղ գյուղի այն հատվածում, որտեղ ադրբեջանական զորքը, ըստ ԱԱԾ-ի, 100-300 մետր առաջ էր եկել, այս պահին սահմանագծման աշխատանքներ են իրականացվում։
Ըստ մեր աղբյուրի՝ Տեղ գյուղում իրավիճակը բավականին լարված է։ Ադրբեջանական կողմը փորձում է սպառնալիքների գնով սահմանը գծել ՀՀ ինքնիշխան տարածքի այն հատվածում, որտեղ օրերս առաջ էին եկել։ Իսկ սա նշանակում է, որ Տեղ գյուղին սպասում է Շուռնուխի ճակատագիրը, եթե ՀՀ իշխանությունները թույլ տան։
«Կիրթ ու կառուցողական» Ադրբեջանի նախագահ Ալիեւը դեռեւս այս տարվա հունվարի 10-ին էր սպառնալիքներ հնչեցրել Հայաստանի հասցեին ու հորջորջում, որ «սահմանը կանցնի այնտեղով, որտեղով հարկ կհամարեն», նշելով, թե իր ձեռքի տակ ունի պատմական եւ քարտեզագրական նյութեր։
Ազգային անվտանգության ծառայությունից փորձեցինք պարզել, թե ի՞նչ է կատարվում այս պահին Տեղ գյուղում, արդյո՞ք սահմանազատման աշխատանքներ են իրականացվում, ովքե՞ր են մասնակցում այդ աշխատանքներին, Հայաստան-Ադրբեջան սահմանի հատվածի պահպանությունը ՀՀ սահմանապահ զորքե՞րն են իրականացնում։ Մեր հնչեցրած որեւէ հարցի ԱԱԾ-ից պատասխան չտվեցին, հղում անելով միայն պաշտոնական տեղեկատվությանը, որ վերջին անգամ եղել էր ապրիլի 1-ին։
Ըստ այդ հրապարակման՝ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակն էականորեն բարելավվել է։ Այս հրապարակման մեջ չի հստակեցվում՝ արդյո՞ք ադրբեջանական զորքը դուրս է եկել Հայաստանի տարածքից։ Հիշյալ հայտարարությունից 2 օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ Հայաստան-Արցախ նոր՝ Կոռնիձոր-Տեղ ճանապարհի գործարկումից հետո ադրբեջանական ուժերը այդ հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։
Տեղ գյուղից մոտ մեկ շաբաթ առաջ վերադարձած ԱԺ «Պատվիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը MediaHub-ի հետ զրույցում շեշտում է՝ ինչպես սահմանագծի այդ հատվածում, այնպես էլ մյուս ուղղություններով՝ Կուտականից մինչեւ Ներքին հանդ, Ադրբեջանը վերջին 3 տարվա ընթացքում փորձել է իր համար առավելագույնս բարենպաստ դիրքեր գրավել.
«Մի մասը Հայաստանի իշխանությունների հանցավոր անտարբերության պահմաններում, մի մասն էլ՝ ռազմական գործողությունների միջոցով։ Այս պահին Տեղից Կոռնիձոր հատվածում՝ նոր երթուղու փոփոխություններով պայմանավորված, Ադրբեջանը փորձում է այնպիսի տեղանքում տեղակայվել, որն իր համար ծառայության եւ մարտական խնդիրների լուծման համատեքստում առավելագույնս հնարավորություններ կստեղծի։ Ադրբեջանցիները պատահական չեն եկել, իրենց խնդիրը ինչ-որ ուղղությամբ 100 մետր ավել-պակաս հող ունենալու խնդիրը չի։ Նրանց ցանկությունը կոնկրետ դիրքերն են, որոնք հնարավորություն են տալիս տվյալ ուղղությամբ դիրքային առումով առավելություն ստանալ»,-նշեց նա։
Արդյո՞ք հայկական կողմը կարողացել է Տեղ գյուղից ադրբեջանցիներին հետ մղել, Տիգրան Աբրահամյանը չի կարող ասել.
«Կոնկրետ տեղանքում ադրբեջանական զորքի հնարավոր մխրճման իրական ծավալը հնարավոր կլինի ունենալ այն ժամանակ, երբ Հայաստանում իշխանություն կփոխվի ու համապատասխան քարտեզների օգտագործմամբ հնարավոր կլինի պարզել, թե Ադրբեջանը որքան է մխրճվել ՀՀ սուվերեն տարածք։ Այս պահին այդ գործընթացը իրականացվում է այնպիսի մարմինների կողմից, որոնք հասանելի չեն հասարակությանը, իսկ իշխանության հավաստիացումները, բնականաբար, հանրության շրջանում չեն կարող վստահելի լինել։ Մենք այս ընթացքում տեսել ենք բազմաթիվ դեպքեր, երբ իշխանությունն այլ բան է ներկայացրել, իսկ իրականությունն այլ է եղել»,-ասաց նա։
Ասվածի օրինակ է Տեղ գյուղում կատարվողը, երբ կառավարության նիստում, անդրադառնալով բարձունքներ գրավելու ադրբեջանական կողմի հայտարարություններին, Փաշինյանը պնդեց, թե փոփոխություններ չեն եղել, մինչդեռ ժամեր անց ԱԱԾ-ն հերքեց Փաշինյանին՝ հանրությանը տեղեկացնելով, որ ադրբեջանական ուժերը Տեղ-Կոռնիձոր հատվածի առնվազն 5 կետերում սահմանից 100-ից 300 մետր առաջ են տեղակայվել։
Ովքե՞ր են այս պահին սահմանագծման աշխատանքներ իրականացնում Տեղ-Կոռնիձոր հատվածում. ԱԱԾ-ն այս հարցի պատասխանը նույնպես չի տալիս։ Բացի սահմանապահ զորքի հրամանատարից, արդյո՞ք սահմանագծման եւ սահմանազատման համար ստեղծված հանձնաժողովն իր ողջ կազմով այս պահին Տեղ գյուղում է՝ դրա պատասխանն էլ հանրությունը չունի.
«Սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն համապատասխան հանձնաժողովի միջոցով, այլ բան է, որ Ադրբեջանն այս ընթացքում, իր հավակնություններից, ելնելով փորձել է այն մեխանիկորեն իրականացնել»։
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ասյօրվա դեպքերի մասին ավելի վաղ խոսել էր նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ 2022 թվականի հուլիսին՝ Դիմադրության շարժման օրերին նա ահազանգում էր, որ եթե Բերձորի տարածքներն անցնեն թշնամու վերահսկողության տակ, ապա ադրբեջանական զորքերը կանգնելու են Սյունիքի Տեղ գյուղի սահմանին, որտեղ առաջնագիծ չկա.
«Բոլոր նրանք, ովքեր մտածում են՝ մեր տներին չեն մոտենա, Արցախով կվերջացնենք, սխալվում են, եթե ոտքի չկանգնենք ներքին և արտաքին թշնամուն մեր տնից չվռդենք, թշնամին հասնելու է մինչև Հյուսիսային պողոտա»,- նշել էր Սաղաթելյանը: