Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկիրն ունի մեկ պրոբլեմ` ոչ մի պաշտոնյա չի հայտնվում իր տեղում, որպեսզի իրականացնի իր պաշտոնից պահանջվող գործառույթները: Ոչ մի նախարար, ոչ մի մարզպետ եւ ոչ մի քաղաքապետ, ցավոք, մինչ հիմա չեն հայտնվում այդ պաշտոնում, որպեսզի կարգի բերի իրենց վստահված ոլորտը` լինի դա մարզ, նախարարություն, թե քաղաք. Ավանում այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում իշխանավորները հայտնվում են իրենց պաշտոններին, որպեսզի ապահովեն իշխանությունների վերարտադրվելը: Նույնն էլ, նշեց Հովհաննիսյանը, կատարվել է այնպիսի ընտրովի պաշտոնների հետ, ինչպիսիք են Երեւանի քաղաքապետը կամ ավագանին:
«Ցավոք, Երեւանը, որ մեր հասարակության ամենաըմբոստ, ընդդիմության ամենահակված մասն է, լուրջ պրոբլեմներ առաջացնելով իշխանության համար, հայտնվել է իշխանության հատուկ ուշադրության կենտրոնում: Դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ Երեւանի քաղաքապետին պահեն իրենց ձեռքում: Երեւանցի քաղաքապետը ձեր երկրացի է` ավանցի տղա է, եւ, որպես անհատ, մենք նրա դեմ ոչինչ չունենք, նա նորմալ մարդ է, բայց հայտնվել է մի համակարգի մեջ, որտեղ նրան ոչ ոք չի էլ թողի, եթե անգամ նա ուզի, Երեւանը փրկել այս վիճակից: Որովհետեւ նրա առջեւ դրված հիմնական խնդիրն է ապահովել, որ ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ն բոլորից շատ ձայն հավաքի, ապահովել, որ նախագահական ընտրություններում Հանրապետականի թեկնածուն հաղթի»,- ասաց Վահան Հովհաննիսյանը:
ՀՅԴ-ական պատգամավորը նշեց, որ արդեն ժամանակն է, որ խոսքերից գործի անցնենք ու կարողանանք մաքրել այս երկիրը` սկսելով Երեւանից: Նա մանրամասնեց, որ եթե քաղաքապետը եղավ ընդդիմության ներկայացուցիչ, ուզի թե չուզի լավ է աշխատելու` շատ ավելի լավ է աշխատելու, քան ցանկացած հանրապետական, եթե նույնիսկ այդ հանրապետականը չտեսնված կրթություն ունի եւ շատ լավ մարդկային հատկանիշներ:
«Որովհետեւ նա լինելու է այսօրվա իշխանության ուշադրության կենտրոնում, իշխանությունն ամեն ինչ անելու է, որպեսզի այդ մարդու սխալները բռնի, նրան ինչ-որ ձեւով հեռացնի պաշտոնից, անվստահություն հայտնի կամ ուղղակի խայտառակի` ցույց տալով, թե դուք մեզանից լավը չեք»,- պարզաբանեց Վահան Հովհաննիսյանը` հավելելով, որ այդ դեպքում այն սխալները, որոնք այսօր ամենուր են, սկսած աղբահանությունից, մինչեւ կանաչապատում, այլեւս չեն լինի: