կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-25 13:05
Քաղաքական

Պուտինը թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ

Պուտինը թույլ չի տա Թուրքիային ակտիվանալ

Նոյեմբեր ամիսը հագեցած էր Թուրքիայի արտաքին քաղաքական զարգացումներով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն առանձնացրեց Թուրքիայի երեք կարևոր արտաքին քաղաքական իրողությունները, այն է` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Դավութօղլուի հայտարարությունը հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման մասին, սիրիական ճգնաժամի հետ կապված խնդիրը և Դիարբեքիրում Թուրքիայի վարչապետի ու Հյուսիսային Քրդստանի ղեկավարի հանդիպումը: Այս իրողությունները մատնեցին այն հանգամանքը, որ Թուրքիայում իրականում հասունանում են քննադատություններ` երկրի արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված, որովհետև Թուրքիայի հռչակած` «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը իրեն չարդարացրեց:

 

Անուշ Հովհաննիսյանի խոսքով` Թուրքիան հայտարարում է, որ միայն երեք հարցում է, որ չի կարողացել հաջողությունների հասնել, այն է` Հայաստանի, Կիպրոսի ու Սիրիայի խնդիրը, մնացած հարցերում Թուրքիայի ղեկավարությունը համարում է, որ հաջողել է, բայց փաստերը ցույց են տալիս, որ իրականում Թուրքիայի մերձավորարևելյան քաղաքականությունը իրեն չի արդարացնում, և եթե Թուրքիան արագ և ճկուն ուժերի վերադասավորում չանի, ապա կարելի է ասել, որ այն ձախողված է: Ըստ Անուշ Հովհաննիսյանի` Սիրիայի հարցում այն, ինչ ակնկալում էր Թուրքիան` լինել Ասադի տապալումից հետո առաջին ջութակը, չհաջողվեց, քանի որ դրան խանգարեց Ռուսաստանը` ինչ-ինչ խնդիրների հարցով համաձայնության գալով ԱՄՆ-ի հետ:

 

Դրան գումարվեց քրդական հարցը, որը լուրջ խնդիրներ առաջացրեց Թուրքիայի համար:

 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, թուրքագետը նշեց, որ Թուրքիայի հիմնական թիրախը Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հարցն է, որովհետև որքան այդ ժամանակը մոտենա, Թուրքիան կփորձի ակտիվանալ: Անուշ Հովհաննիսյանի խոսքով` Թուրքիան առկախեց հայ-թուրքական արձանագրությունները, որ կարողանա հետագայում շահարկել այն` Ադրբեջանից զիջումներ կորզելու նպատակով: Թուրքիան այսօր մեծ կախվածություն ունի էներգակիր ծրագրերից, իսկ Ադրբեջանը ակնարկում էր, որ Թուրքիային առայժմ էժան գնով է վաճառում իր էներգակիր ծրագրերը:

 

Խոսելով Սանկտ Պետերբուրգում Պուտին-Էրդողան հանդիպման մասին` թուրքագետը նշեց, որ թեև այդ հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հարցը, բայց, հաշվի առնելով վերջին շրջանում Ռուսաստանի աշխուժացումը հարավկովկասյան տարածաշրջանում, կարելի է ենթադրել, որ աշխարհաքաղաքական զինադադարը Ռուսաստանի ու Թուրքիայի միջև խախտվելու է հօգուտ Ռուսաստանի:

 

«Մասնավորապես` մեր տարածաշրջանում Ռուսաստանն ու Թուրքիան մրցակիցներ են, բայց Պուտինը թույլ չի տալու Թուրքիային ակտիվանալ այս տարածաշրջանում»,- ասաց Անուշ Հովհաննիսյանը` հավելելով, որ Հայաստանի անդամագրումը Մաքսային միությանը լրացուցիչ ամրություն կհաղորդի Հայաստանին Թուրքիայի հետ հարաբերություններում, որովհետև այս պահին Ռուսաստանի ու Հայաստանի շահերը համընկնում են, սակայն ամեն ինչ փոփոխական է, և երաշխիք չկա, որ իրադրությունը ապագայում չի փոխվելու:

 

«Մաքսային Միությանն անդամագրվելով` Հայաստանը կորցնում է իր քաղաքական և դիվանագիտական ինքնուրույնության մի մասը, ահա` ինչու ապագայում կարող է ամեն ինչ փոխվել այնպես, ինչպես ձեռնտու կլինի առաջին հերթին Ռուսաստանին»,- նշեց թուրքագետը: