Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սաբերատուր-Սեւան», «Executive travel» ու «Եվրոպա» հյուրանոց` սրանք ընկերություններ են, որոնք խորացրել ու խորացնում են հայ-ֆրանսիական հարաբերությունները. լրագրողներին այսօր ներկայացրեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ ու լիազոր դեսպան Անրի Ռենոն:
«40 տարի առաջ երկու գործարարներ` Լեւոն Բաղդասարյանն ու Վարուժան Սարգսյանը, նախաձեռնեցին «Սաբերատուր» տուրիստական գործակալությունը, որը պետք է նպաստեր հայ-ֆրանսիական հարաբերությունների ջերմացմանը»,- նշեց դեսպանը` ներկայացնելով ֆրանսիական կապիտալով ընկերությունների հիմնադիրներին:
Այսօր լրանում են «Սաբերատուր-Սեւան» տուրիստական ընկերության 25 եւ «Executive Travel» ընկերության ու «Եվրոպա» հյուրանոցի 10-ամյակները: Այդ կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանատանը ասուլիսով հանդես եկան պարոն դեսպանն ու ընկերությունների երկու հիմնադիրները:
«Բարեկամական ոգով տոգորված երկու այրեր միավորվեցին ու արդյունքում ունեցանք այսպիսի ձեռնարկ` «Սաբերատուր-Սեւանը», ու սկսեցին զբոսաշրջիկների բերել Հայաստան»,- ասաց Անրի Ռենոն ու շարունակեց, որ նրանք չբավարարվեցին ձեռք բերվածով` միայն Հայաստան զբոսաշրջիկներ բերելով, ու որպեսզի այդ զբոսաշրջիկները Հայաստանում նորմալ օթեւան ունենային, նախաձեռնեցին նաեւ «Եվրոպա» հյուրանոցի կառուցումը Երեւանում:
Բայց սա էլ բավական չեղավ, նշեց դեսպանը, ու այս երկու մեծապատիվ պարոնայք մտածեցին մարդկանց Հայաստանից Ֆրանսիա եւ Ֆրանսիայից Հայաստան տեղափոխելու մասին էլ, ու սրա արդյունքում էլ ստեղծվեց «Executive Travel» ընկերությունը, որը դարձավ «Air-France» եւ KLM միջազգային հեղինակավոր ավիաընկերությունների ներկայացուցիչը Հայաստանում:
Դեսպան Անրի Ռենոն նշեց, որ այս ընկերությունները էական նշանակություն ունեն հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար, ինչպես նաեւ երկու երկրների տնտեսական հարաբերություննների լավագույն օրինակներից են: Ընդ որում` հատկապես «Սաբերատուր -Սեւան» ընկերությունը Հայաստանում հիմնվեց երկրի համար շատ դժվար մի ժամանակաշրջանում:
«Խորհրդային միությունում տուրիստական գործունեությամբ զբաղվում էր միայն «Ինտուրիստ» կազմակերպությունը: Այն էլ միայն տուրիստներին բերում էր խիստ որոշակի քաղաքներ, ու խիստ որոշակի տարածքից չէր թողնում, որ նրանք անցնեին: Սակայն «պերեստորկայի» ժամանակներում, երբ արդեն վիճակը փոքր-ինչ փոխվել էր, մենք որոշեցինք նույնպես տուրիստներ բերել Հայաստան եւ 1988 թվականին սկսեցինք մեր գործը»,- ներկայացրեց ընկերությունների հիմնադիր-նախագահ Լեւոն Բաղդասարյանը:
Նա պատմեց այն բոլոր դժվարությունների մասին, որ այդ ժամանակ կային Հայաստանում, որոնք էլ, բնականաբար, ազդում էին իրենց գործի վրա' երկրաշարժի հետեւանքներ, պատերազմ եւ այլն: Երկիրը քանդվել էր, ենթակառուցվածքները քայքայվում էին, եվրոպական չափանիշներին բավարարող աշխատակազմի խնդիր կար եւ այլն, եւ այլն: Բայց, օրինակ, «Եվրոպա» հյուրանոցի համար, գործարարները կազմակերպեցին համապատասխան մասնագետների դասընթացներ ու հյուրանոցում սկսեցին մատուցել իսկական եվրոպական չափանիշներին համապատասխանող ծառայություններ:
Դեսպան Անրի Ռենոն ներկաներին ուրախ լուր հայտնեց` տեղեկացնելով, որ այս տարի միջազգային հեղինակավոր «Trip advisor» կազմակերպությունը «Եվրոպա» հյուրանոցին որակավորման սերտիֆիկատ է շնորհել. հյուրանոցը կազմակերպության 10 բալանոց սանդղակով արժանացել է 8,3 միավորի, որը Լեւոն Բաղդասարյանը բավական լավ արդյունք համարեց, բայց նշեց` այնպես պետք է աշխատեն, որ ավելի բարելավեն իրենց արդյունքները: