Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կառուցվելիք գեղասահքի նոր դպրոցի հիմնարկեքի արարողությանը:
Նոր հեծանվահրապարակի հարևանությամբ կառուցվելիք դպրոցի հիմնարկեքին մասնակցել է նաև գեղասահքի օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, ՌԴ հասարակական, պետական գործիչ, պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան, ով իր անմիջական մասնակցությունն է ունեցել դպրոցի ստեղծման ծրագրին և պատրաստակամություն է հայտնել այն շահագործման հանձնելուց հետո հնարավորինս աջակցել գեղասահքի զարգացմանը Հայաստանում:
Դպրոցը կկառուցվի Մոսկվայի «ՄոնԱրխ» ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն, հայազգի գործարար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով և կնվիրաբերվի Երևան քաղաքին: Արարողությանը ներկա է եղել ռուսաստանյան շինարարական այդ ընկերության ղեկավար Ս. Համբարձումյանը ևս: Շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար: Այն կմեկնարկի ս.թ. հունիսին և պատասխանատուների հավաստմամբ, կավարտվի սեղմ ժամկետում՝ 2015թ.: Դպրոցը կունենա 500 նստատեղով սահադաշտ և օժանդակ կառույցներ:
Հանրապետության Նախագահն այնուհետև այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող «Գրանդ Տոբակո» և «Գրանդ Քենդի» ընկերություններ: Նախագահը շրջել է արտադրամասերում, ծանոթացել հայրենական արտադրության առաջատարներից մեկը համարվող այդ ընկերության կողմից կատարված ներդրումներին ու գործարանի արտադրական հզորությունների մեծացման, ժամանակակից սարքավորումներով նոր արտադրամասերի գործարկման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքներին:
Սերժ Սարգսյանին ներկայացրել են, որ «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերությունները շարունակում են հաջողությամբ իրականացնել բոլոր նախանշված ծրագրերը` hավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի կողմից ձևավորված գործարար ավանդույթներին, ինչի մասին են վկայում 2014թ. առաջին հինգ ամիսներին գրանցված տնտեսական ցուցանիշները: Պատասխանատուների հավաստմամբ, պլանավորված է աճի նույն տեմպերը պահպանել ամբողջ տարվա ընթացքում:
«Գրանդ Տոբակոյում», ըստ ընկերության ղեկավարության, 2014թ. ընթացքում պլանավորված նոր հոսքագծերի ձեռքբերման հետ կապված կստեղծվի մոտ 100-130 նոր աշխատատեղ: Հոլդինգի մյուս ընկերությունում՝ «Գրանդ Քենդիում» Հանրապետության Նախագահին տեղեկացրել են, որ ընկերության կողմից արտադրվող 410 ապրանքատեսականին մինչև տարեվերջ կհամալրվի առնվազն 15-ով:
«Գրանդ Քենդիում» աշխատատեղերի թիվը ներկայումս 3 100 է, որն ընկերության ղեկավարությունը ծրագրում է մինչև տարեվերջ ավելացնել ևս 150-ով: Ընդհանուր առմամբ, «Գրանդ Հոլդինգում» ներկայումս աշխատում է շուրջ 6 500 մարդ: Շրջայցի ավարտին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել «Գրանդ Հոլդինգի» ղեկավար անձնակազմի հետ:
Հանրապետության Նախագահը ողջունել է ընկերության զարգացման ուղղությամբ շարունակաբար իրականացվող քայլերն ու հաջողություններ մաղթել «Գրանդ Հոլդինգին»: