կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-21 14:23
Հասարակություն

Փուչիկը պայթեց. քաղաքացիները բորբոքված են

Փուչիկը պայթեց. քաղաքացիները բորբոքված են

Այսօր կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարների» նախաձեռնության անդամները: Նրանք կոչ էին անում կառավարությանն օրենքի նախագիծը հետ կանչել ԱԺ-ից, քանի որ այն մի շարք դրույթներ է պարունակում, որոնք պարզապես կնպաստեն իրենց սոցիալական վիճակի վատթարացմանն ու արտագաղթի ցուցանիշի աճին:

 

Yerkir.am-ի հետ զրույցում մի խումբ ծրագրավորողներ նշեցին, որ իրենք դեռևս պատրաստ չեն իրենց աշխատավարձի 5 %-ը կուտակելուն, քանի որ իրենց աշխատավարձերն առանց այդ էլ ցածր են: Ծրագրավորողների մտահոգության մասին տեղեկացրեցինք  ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանին:

 

Նա նշեց, որ համոզված է, որ ակցիայի մասնակիցների 90 տոկոսն օրենքը չի ընթերցել, և որ նրանց հիմնավորումներն անհեթեթություն են: Ակցիայի մասնակիցները պահանջեցին Ղազարյանից`  վար իջնել և պատասխաել իրենց հարցերին, սակայն նա ասաց, որ պատրաստ չէ, և որ միայն գրավոր կարող է պատասխանել:

 

Բազմաթիվ վանկարկումներից հետո կառավարության ներկայացուցիչն, ի վերջո, իջավ, սակայն,  անպատասխան թողնելով քաղաքացիների հարցերը, վերցրեց նրանց կողմից ներկայացված դիմումը և հեռացավ:

 

Մասնակիցները Ղազարյանի հետևից բացականչեցին` «ամոթ»:

 

Ի դեպ, մասնակիցներն իրենց հետ փուչիկներ էին բերել, որոնք փչեցին, վրան գրելով «10 տոկոս», ու օդ բաց թողեցին։ «Այս համակարգը նման է փուչիկի, որն, ի վերջո, պայթելու է»,- ասացին նրանք ու մի քանիսը պայթեցրին։

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: