կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-15 15:18
Տնտեսական

«Տնտեսական հեղափոխության» փուչիկը պայթեց, նմանատիպ փուչիկներ էլի են պայթելու, եթե դեմը չառնենք. Թ. Ավետիսյան․ Tert.am

«Տնտեսական հեղափոխության» փուչիկը պայթեց, նմանատիպ փուչիկներ էլի են պայթելու, եթե դեմը չառնենք. Թ. Ավետիսյան․ Tert.am

Տեսնելով, որ դրամի փոխարժեքի տատանումների պրոցեսներն ավելի երկարաժամկետ են և դուրս են գալիս կառավարելիությունից, Կենտրոնական բանկը կիրառել է կոշտ գործիք՝ բարձրացնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա բերելու է փողի թանկացման, իսկ փողի թանկացումն ինչ է, եթե ոչ, առաջին հերթին, տնտեսական աճը ապախթանող գործոն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը:

Նա նշեց՝ ԿԲ-ն ավելի բարձր տոկոսով է ռեսուրսներ տալու բանկերին, իսկ վերջիններս, բնականաբար, տնտեսության վարկավորումը թանկացնելու են:

«Այսօր մենք ունենք էլ ավելի շատ ռեսուրսների կարիք, և, ի վերջո, այդ ռեսուրսներն են, որ պետք է ներդրվեն, որ հակազդենք աննախադեպ տնտեսական անկմանը: Այսինքն՝ որոշակիորեն լուծելով արժույթային շուկայի խնդիրը՝ հիմա խնդիր են առաջացնում ռեսուրսների հասանելիության առումով: Փողը թանկանում է, ինչը տնտեսական աճի լրացուցիչ ապախթան է: Մենք, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ հատվածում ճնշում ենք մեր տնտեսական աճը, ինչն էլ նշանակում է աշխատատեղերի փակում, շրջանառության կրճատում, հարկային մուտքերի նվազում»,-ասաց նա՝ նշելով, թե ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը կարող է ունենալ միայն կարճաժամկետ արդյունք:

 

Տնտեսագետն ընդգծեց՝ արժույթի տատանումների պատճառների և հետևանքների մասին խոսել են շատ առաջ, սակայն ապարդյուն: «Դեռ մոտ 20 օր առաջ ինքս ասել եմ, որ թեև ԿԲ-ն, իշխանական պատգամավորները հանգստացնում էին հայտարարություններով, թե  իրավիճակը կայուն է, սակայն պատկերն այլ էր: Ասում էին՝ որևէ էական խնդիր չկա, կառավարելի է, խիստ կարճաժամկետ է: Իրավիճակը ոչ համարժեք ներկայացնելով՝ էլի փորձում էին քաղաքական դիվիդնետներ շահել: Այդ փորձերն ի սկզբանե ձախողված էին, որովհետև իրենք ստում էին»,-նշեց Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այժմ էլ բացասական հետևանքները տեսանելի են և շարունակական՝ առաջին անհրաժեշտության պարագաների գներն էականորեն թանկացել են, և այդ թանկացումը շարունակվում է ամենօրյա ռեժիմով:

«Մինչև պատերազմն ու այսօր արդեն իսկ միջին փոխարժեքի 10 տոկոս արժեզրկում է առկա, ինչն էական է: 1.5 ամսում մարդը կորցնում է իր դրամի 10 տոկոսը, քանի որ դրամը 10 տոկոսով արժեզրկվում է, իսկ ավանդի ամենաբարձր տոկոսադրույքը արդեն իսկ 10 տոկոս է: Այսինքն՝ 1 տարվա սպասվող եկամուտը, որ պետք է ստանար ավանդից, արդեն իսկ կորցրել է 1.5 ամսվա հետևանքով: Մարդիկ իրենց խնայողությունները, այդ թվում՝ ավանդները փոխարինելու են ավելի կայուն արժույթով: Նույնը վերաբերում է իրավաբանական անձանց»,-նկատեց Ավետիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ նախևառաջ տուժելի է քաղաքացիների առավել անապահով շերտը. «Ո՛չ թոշակները, ո՛չ նպաստներն այս ընթացքում չեն բարձրացել, ապրանքային զամբյուղը առնվազն 10 տոկոսով թանկացել է, սա բերելու է աղքատության ավելացման»,-նշեց նա:

Ըստ Ավետիսյանի՝ խնդրահարույց է այն հանգամանքը, որ այն գործոնները, որոնք տանում են դրամի արժեզրկման, այժմ էլ կան ու օրեցօր խորանում են՝ դրամական փոխանցումները մեր երկիր կրճատվում են, ՀՆԱ-ն շարունակում է անկումը, արտահանումը կրճատվում է, նաև արդեն իսկ վրա է հասել և ապագայում ավելի կսաստկանա բնակչության, տնտեսվարողների բացասական սպասումը, ինչը բերելու է դոլարի նկատմամբ լրացուցիչ պահանջարկի:

«Լուծումն այն է, որ այս ապաշնորհները, որոնք առաջնորդվում են բացառապես նեղ կուսակցական շահերով, մեծ խնդիրներ են առաջացնում մեր ապագայի համար, գողանում են մեր ապագա նյութական բարեկեցության հիմքը՝ անորոշություններն ու խնդիրները տեղափոխելով ապագա: 2.5 տարվա պոպուլիզմը՝ տնտեսական հեղափոխություն կոչվածը, աղքատությունը վերացնելու խոստումը ի սկզբանե ձախողված էին, այդ փուչիկը պետք է մի օր պայթեր, և պայթեց, և դեռ նմանատիպ փուչիկներ էլի են պայթելու, եթե դեմը չառնենք»,-ասաց Թադևոս Ավետիսյանը: