կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-23 14:36
Հասարակություն

Բաքվի քարոզչական փուչիկը պայթեց

Բաքվի քարոզչական փուչիկը պայթեց

Թեեւ տարիներ շարունակ Բաքուն զարգացնում էր ռազմական գերազանցություն ունենալու մասին քարոզչական առասպելը, սակայն անկախության 20-ամյակին նվիրված մեր զորահանդեսը ցույց տվեց, որ դա ընդամենը քարոզչական պատրանք էր, փուչիկ, որը պայթեց, եւ այսօր ակնհայտ է, որ ուժերի հարաբերակցության մեջ որեւէ մեկը` առավել եւս Ադրբեջանը, շեշտակի գերազանցություն չունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:

 

Բաքվի անհաջող փորձերը` վարկաբեկել շքերթը, նրա բնորոշմամբ` ոչ այլ ինչ են, եթե ոչ մակերեսային վիրավորանքներով հագեցած անհիմն ռեպլիկներ, որտեղ որեւէ փաստարկված վերլուծություն չկա:

 

«Լրահոսում հայտնվել է մի քաղաքագետի կարծիք, ով, փորձելով հիմնավորել, որ մեր զորահանդեսը վատն էր, համեմատություն է անցկացնում 2006-ի զորահանդեսի հետ ու ասում, որ 2011-ի շքերթին 200 զինծառայողով ավելի քիչ մարդ է մասնակցել: Եթե ադրբեջանական մտքի թռիչքը այսպիսին է, եթե նրանց ամենահզոր արգումենտը սա է, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ իրարանցում է ադրբեջանական պաշտոնական քարոզչության պատասխանատուների մոտ»,- նշեց Ջամալյանը:

 

Նրա խոսքով` այս պարագայում մենք գործ ունենք տիպիկ թուրքական մտածողության հետ` «ինչքան շատ, այնքան ուժեղ», եւ բերելով այդ դասական ու պատմության մեջ իրեն սպառած տեսակետը` ադրբեջանական քարոզչամեքենան ուղղակի չնկատելու է տալիս այն զինատեսակները, որոնք ռազմական հավասարակշռություն են ստեղծում: