կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 18:50
Իրավական

Կոստանյանական անկում

Կոստանյանական անկում

Նյուտոնյան խնձոր, դեկարտյան կոորդինատ, ազարյանական խաչ, կոստանյանական անկում… Չէ, չէ, հաստատ լավ եք հիշում, վերջին արտահայտությանը ո'չ պատմության և ո'չ էլ գրականության գրքերում չեք հանդիպել: Այն ընդամենը մի քանի շաբաթվա պատմություն ունի և առաջին անգամ հիշատակվում է այս հոդվածում:

 

«Կոստանյանական անկումը» նշանակում է որևէ բարձր պաշտոնից անցում կատարել մեկ այլ` ավելի ցածր պաշտոնի և, որ ամենակարևորն է, սեփական դիմումի համաձայն: «Կոստանյանական անկում» տերմինը հաջողությամբ կարելի է ընդգրկել իրավաբանական բառարաններում, դատաիրավական ոլորտին առնչվող զեկույցներում, դասախոսություններում և այլուր: Այն լայն կիրառություն կարող է ստանալ, եթե տերմինի գլխավոր բաղադրիչ Կոստանյան ազգանունը կրողը շարունակի նույն ոգով և ջանասիրությամբ վարել իր որդեգրած քաղաքականությունը:

 

Անկեղծ ասած` այս արտահայտությունը մտքումս փայլատակեց, երբ առավոտյան «Հրապարակ» թերթից տեղեկացա, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը նոր` «հյութեղ» նշանակումներ է անելու: Պարզվում է, որ դատախազը մտադիր է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանի քրեական գործերով դատավոր Արմեն Խաչատրյանին նշանակվել Արարատի մարզի դատախազ, իսկ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատավոր Մխիթար Պապոյանին` Կոտայքի նորանշանակ դատախազ Ռշտունու տեղակալ: Ի դեպ, թերթի տեղեկություններով, երկուսն էլ Գևորգ Կոստանյանի կուրսեցիներն են:

 

Նշանակման կարգը հետևյալն է` դատավորները կհայտարարեն, որ ցանկանում են, սեփական դիմումի համաձայն, հեռանալ աշխատանքից, դե դատախազն էլ հո կուրսընկերներին չի մերժի ու, որպես «բարոյական վնասի փոխհատուցում», ի վերջո, մի մարզի դատախազ կնշանակի. Աջափնյակի նախկին դատավոր Վազգեն Ռշտունու օրինակով: Վերջինս նոյեմբերի 1-ին` դատախազի նշանակումից մեկ ամիս անց, իր դիմումի համաձայն` դադարեցրեց դատավորի իր լիազորությունները և օրեր անց նշանակվեց Կոտայքի մարզի դատախազ:

 

Ռշտունուն չճանաչողների մեծ մասի մոտ շրջանառվող առաջին վարկածն այն էր, որ դատախազի պաշտոնում նա ավելի հանգիստ կկարողանա հայտնի եղանակներով գումար «վաստակել», բայց … Այս նշանակումից հետո շատերն արդարացիորեն նկատեցին, որ դրանով դատական համակարգն ակնհայտ տուժեց, իսկ դատախազականը` շահեց, որովհետև նրանք, ովքեր երբևէ ճանաչել են Ռշտունուն, գիտեն, որ նա այն եզակի դատավորներից է, որի համար կաշառք ասվածը խորթ և անընդունելի երևույթ է, ավելին` նրա քննած բազմաթիվ գործեր այսօր և գուցե նաև հետագայում էլ օրինակ կծառայեն իրավաբանական կրթություն ստացող շատ ուսանողների համար: Ի դեպ, Ռշտունին հարուստ և ապահովված ընտանիքից է, ինչն էլ, շատերի կարծիքով, նրա` ազնիվ աշխատելու պատճառն է: Շատերն անգամ զարմանում էին, թե ինչպես է նա դիմանում մեր «արդար» դատական համակարգին:

 

Դատավորի ազատման մյուս վարկածն էլ այն էր, որ դատավորի աշխատանքն անշնորհակալ գործ է, Ռշտունու պարագայում` առավել ևս: Եվ կարծիք կար, որ նա պարզապես հոգնել է այդ անշնորհակալ վերաբերմունիքից և փորձում է այլ կերպ նպաստել դատական համակարգի կայացմանը:

 

Ինչևէ, ամենաիրատեսական և վերջին վարկածն այն է, որ Կոստանյանն ընդամենը իր շուրջը թիմ է հավաքում` լավագույն ընկերների և կադրերի թիմ, ովքեր պետք է օգնեն նրան վերականգնել դատախազության` վաղուց «փտած» համակարգը:

 

Նույն թիմի բաղադրիչը նույն հաջողությամբ կարող է լինել Կենտրոնի դատավոր Մխիթար Պապոյանը: Նա, ի դեպ, yerkir.am-ի տեղեկություններով, նշանակվելու է ոչ թե Կոտայքի մարզի դատախազ, այլ դատավոր: Պապոյանի`Կենտրոնից մարզային դատարան տեղափոխվելու տարբերակը խելքին մոտ է այնքանով, որ նա ստիպված չի լինի միաժամանակ 30-40 քրեական գործ վարել, ինչը, հավատացեք, մեր երկրի «արդար դատավարության» պայմաններում չափազանց բարդ է:

 

Ինչևիցե, արդարադատության ոլորտում անկախության հասնելու գործում դեռ շատ անելիքներ ունենք: Սակայն այդ ճանապարհին հասնելու համար որևէ մեկին պետք չէ դարձնեն ինչ-որ մեկի ձեռքի գործիքը, հակառակ դեպքում` կգործի Գի դը Մոպասանի խոսքի ուժը. «Կյանքը լեռ է, բարձրանում ես դանդաղ, իջնում` արագ»:  

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ