Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Հայկական ժամանակ»-ին հայտնի է դարձել, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դատի տալ «Ժողովուրդ» օրաթերթին եւ նրանից մեծ գումար պահանջել: Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել է վարչապետին պատկանող մի քանի բիզնեսների մասին, ինչն էլ ցանկանում է հերքել Տիգրան Սարգսյանը` դատական կարգով:
Yerkir.am-ի հետ զրույցում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանը նշեց, որ վարչապետի կողմից դեռևս դատական հայց չեն ստացել, դեռևս տեղյակ չեն վարչապետի մտադրություններից: «Բայց որ նա իր ուշադրությունը բևեռել է մեր թերթի վրա, դա անզեն աչքով նկատելի է»,- նշեց թերթի խմբագիրը:
Նրա խոսքով` արդեն երկրորդ օրն է` թերթի խմբագրությունը վարչապետի մամուլի խոսնակի կողմից հերքումներ տպագրելու տեքստեր է ստանում, խոսքն այն հոդվածների մասին է, որոնցում արդեն իսկ կա կառավարության ներկայացուցչի հերքումը, այսինքն` նյութը ներկայացված է երկու կողմից: Եվ, չնայած այդ հանգամանքին, Թագուհի Թովմասյանի խոսքով, վարչապետը շարունակում է փաստաթղթեր ուղարկել և պահանջել կրկին հերքել իրենց կողմից արդեն իսկ հերքված լուրերը:
«Մենք, բնականաբար, չենք պատրաստվում դա անել: Թող վարչապետը դիմի դատարան, մենք դատարանում նրա ներկայացուցիչներին մանրակրկիտ կբացատրենք մամուլի մասին օրենքը, և որ «Ժողովուրդ» օրաթերթին չի կարելի վախեցնել»,- ասաց «Ժողովուրդ»-ի խմբագիրը:
Նա հավելեց, որ «Ժողովուրդ» թերթը վարչապետի գործունեությանը միշտ խորքային է անդրադարձել և ամենօրյա հրապարակումներում հիշեցրել, թե որքան է վատացել երկրի վիճակը, և ինչ գործունեություն է ծավալել վարչապետն այդ ընթացքում: Ըստ խմբագրի` չի կարող մի երկրում աղքատությունն այդքան խորանալ, իսկ վարչապետի հարստությունը, դրան հակառակ, ամեն տարի կուտակվել: Ահա` ինչու, չկարողանալով իր գործունեությունը դրական լույսի ներքո ներկայացնել, վարչապետն անցել է մամուլի նկատմամբ ճնշումներին: «Վարչապետը երեւի մտածում է, որ այն լրագրողները, որոնք իրեն չեն ենթարկվում, նրանց հարցերը պետք է կամաց-կամաց լուծի: Այնպես որ` վարչապետի նետած ձեռնոցն ընդունված է «Ժողովուրդ»-ի կողմից, նրա մոտ ոչինչ չի ստացվի»,- վստահեցրեց Թագուհի Թովմասյանը: