կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-06 18:56
Առանց Կատեգորիա

Ինչ է Սերժ Սարգսյանը ապացուցում` Զաքարյանին վերանշանակելով

Ինչ է Սերժ Սարգսյանը ապացուցում` Զաքարյանին վերանշանակելով

Արդեն հայտնի է, որ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում  դարձյալ առաջադրել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր նոյեմբերի 5-ին: Որևէ կասկած չկա, որ Ազգային ժողովը հաստատելու է նրա թեկնածությունը: Այնպես որ` այս խնդիրը կարելի է վերջնականապես լուծված համարել:

 

Զաքարյանի վերանշանակումը տեղի է ունենում վարվող կադրային քաղաքականության տրամաբանությանը և ոգուն լիովին համապատասխան, այսինքն` առանց որևէ տրամաբանության: Խնդիրը Իշխան Զաքարյանի անձը չէ, այլ այն հարց, թե ո՞րն է նրա թեկնածությունը կրկին առաջադրելու` Սերժ Սարգսյանի մոտիվացիան: Ընդամենը ամիսներ առաջ պետական միջոցների ծախսման արդյունավետության խնդրի շրջանակներում հրավիրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանն այնպիսի քննադատության ենթարկեց նույն Իշխան Զաքարյանին, որ թվում էր, թե վերջինս հենց խորհրդակցության ժամանակ պետք է հրաժարականի հայտարարություն աներ: Հիշեցնենք, որ այդ խորհրդակցությունը հաջորդել էր Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի 2012թ. գործունեության հաշվետվության ներկայացմանը, որի ժամանակ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, թե պետական բյուջեից մոտ 700 մլրդ դրամ է մսխվել քաղաքաշինության ոլորտում, որը ՎՊ նախագահի և վարչապետի միջև իսկական հեռակա պատերազմի տեղիք էր տվել: Արդյունքում` Սերժ Սարգսյանն անձամբ ստիպված եղավ միջամտել այդ վեճին, կառավարությանը հերթական անգամ առնել իր պաշտպանության տակ: Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այդ նյութերն ուղարկեց գլխավոր դատախազություն, որին Սերժ Սարգսյանը նույն խորհրդակցության ժամանակ ուղղակի հրահանգեց անհիմն որակել ԱԺ-ում Զաքարյանի արած հայտարարությունները: Եվ ահա այդքանից հետո նախագահը կրկին նույն պաշտոնին առաջադրում է այն մարդուն, ում, ըստ էության, մեղադրում էր ավելորդ քաղաքական խաղերի մեջ մտնելու, ամբիցիոզ վարքագիծ դրսևորելու և կառավարության գործունեությանն իր իրավասություններից դուրս գնահատականներ տալու մեջ:

 

Հետաքրքրական է իմանալ` ինչ է այս ընթացքում փոխվել, որը նման քաղաքական որոշման պատճառ է դարձել. Իշխան Զաքարյա՞նն է ուրիշ մարդ դարձել, թե՞ Սերժ Սարգսյանի վերաբերմունքն է նրա նկատմամբ փոխվել: Մեծ հաշվով` Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահին անուղղակի մեղադրում էր ստախոսության մեջ: Եվ եթե այս տեսանկյունիցի ենք մոտենում հարցին, ստացվում է, որ կա'մ Սերժ Սարգսյանն է սկսել հավատալ բյուջեի մսխման մասին` Զաքարյանի պնդումներին, կա'մ էլ Զաքարյանն է դարձել հլու «ճշմարտախոս», ով հասկացել է, թե որ սահմանագիծը չպետք է անցնել` անձամբ Սերժ Սարգսյանի շահերի դաշտում չհայտնվելու համար: Հավանաբար` նախագահը համարել է, որ Իշխան Զաքարյանը սերտել է իր տված դասը: Իսկ դասը սերտած աշակերտը միշտ ավելի նախընտրելի է, քան նորեկ ինչ-որ մեկը, ում անհրաժեշտ կլինի ամեն ինչ սովորեցնել զրոյից:

 

Նախագահն իր այս որոշմամբ թերևս, խրախուսում է Իշխան Զաքարյանին ճիշտ այն կերպ, ինչպես դասղեկն է չարաճճի աշակերտի վարքը գնահատում գերազանց, նշանակում ավագ` նրան խրախուսելու և վերահսկելի դարձնելու համար: Նման ֆիգուրը գուցե հիմա Սերժ Սարգսյանին ավելի ձեռնտու է ոչ միայն այն պատճառով, որ իր գործում արդեն բավականաչափ հմտություններ է ձեռք բերել, այլ որովհետև հենց նման ֆիգուրի միջոցով կարող է կառավարությանը հակակշիռ ստեղծել ու մշտապես վերջինիս պահել զգոնության ու զգուշավորության դաշտում:

 

Բայց ամենակարևոր ուղերձը, որը, թերևս, իր այս որոշմամբ թե' իշխանության տարբեր շերտերին ու թևերին, թե' հասարակությանը հղում է Սերժ Սարգսյանը, այն է, որ իրավիճակի տերն ամբողջությամբ ինքն է, չի գտնվում որևէ թևի, շրջանակի ազդեցության տակ, անում է բացառապես այն, ինչն ինքն է ճիշտ համարում, հետևաբար` սխալ են երկրում անիշխանության մասին պնդումները: Սա ինչ-որ իմաստով իր մենիշխանությունը հաստատելու կամ ապացուցելու յուրօրինակ եղանակ է, որը, սակայն, անցնում է թե' սեփական կուսակցության, թե' հասարակական շահի վրայով: Ընդամենը 3-4 օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, թե կուսակցության գործադիր մարմնի` ուրբաթ օրը կայացած նիստում ՎՊ նախագահի թեկնածության հարցը չի քննարկվել: Այսինքն` Սերժ Սարգսյանը հարկ չի համարել իր այդ որոշումն անգամ սեփական թիմի հետ քննարկել, էլ ուր մնաց` հասարակությանը ներկայացներ դրա պատճառաբանությունները: Նման վերաբերմունքով նա հերթական անգամ ապացուցում է, որ իր համար հանրային կարծիքը` որպես կառավարման վրա ազդող գործոն, ոչ մի արժեք չունի, որ կարող է կատարել քայլեր` առանց որևէ մեկին դրա համար հաշվետու լինելու և առանց որևէ մեկին դրա պատճառահետևանքային կապերը մեկնաբանելու: Նրա փոխարեն, իհարկե, դա կփորձի անել ԱԺ քաղաքական մեծամասնությունը ՎՊ նախագահի թեկնածությունը խորհրդարանում քննարկելու ժամանակ: Բայց քանի որ մեծամասնությունն ինքն էլ չգիտի պատճառները, նվաստացուցիչ անլուրջ վիճակների մեջ է հայտնվում: Այլ հարց է, որ նման նվաստացումները մեծամասնությանն առանձնապես չեն ցավեցնում` հաստացող կաշին չի թողնում:

 

Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ