Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն Հռոմի պապ Ֆրանցիսկոսին Ադրբեջան է հրավիրել: Հրավերը փոխանցվել է Վատիկանի մշակույթի նախարար Ջանֆրանկո Ռավազիի հետ հանդիպման ժամանակ:
Դժվար է ասել՝ Հռոմի պապը կընդունի՞ այդ հրավերը, կայցելի՞ Ադրբեջան, սակայն այդ բանի հավանականությունը բավական մեծ է, եթե նկատի ունենանք Վատիկանի մշակույթի նախարարի Բաքու կատարած այցի որոշ դետալներ: Դրանցից թերևս ամենազարմանալին այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարգևատրվել է Վատիկանի բարձրագույն պարգևներից մեկով՝ Medalla Sede Vacante մեդալով: Պատկերացնելն իսկ դժվար է՝ քրիստոնյա ամենահզոր եկեղեցին իր պատվավոր մեդալներից մեկն ամրացնում է այն մարդու կրծքին, ում հրամանով և ում զինվորի ձեռքով 2005 թվականին աշխարհի երեսից ոչնչացվեցին հազարավոր խաչքարեր՝ քրիստոնեական մշակույթի հայկական եզակի արտահայտություններից մեկը: Զավեշտը խորանում է, երբ Ադրբեջանի ղեկավարն այդ մեդալը ստանում է Վատիկանի` հենց մշակույթի նախարարի ձեռքից:
Բայց, ինչպես սովորաբար լինում է այդպիսի դեպքերում, մենք այս զարմանալի ներկայացման հանդիսատեսներն ենք: Ընդամենը: Մինչդեռ նույն Վատիկանում դեսպան ունենք: Եվ այդ դեսպանի գլխավոր առաքելությունը ոչ միայն մեր երկրի ու աշխարհի հզորագույն կրոնապետության միջև սովորական կապեր պահպանելն է, այլև այնպիսի դիվանագիտություն բանեցնելը, որ Հռոմի պապն իր մեդալները շռայլելիս՝ որոշ դեպքերում, ինչպես որ այս, գոնե լավ իրազեկված լինի պարգևատրվողի, նրա «հանդուրժողական քաղաքականության և մշակութանպաստ գործունեության» մասին: Վերը նշված մեդալը դրա համար են տալիս: Գիտե՞ր Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը Վատիկանի մշակույթի նախարարի սպասվող այցի մասին, գիտե՞ր այն մեծարանքների մասին, որոնց պիտի արժանանար հարևան երկրի առաջնորդն այցի շրջանակներում. այս հարցերի պատասխաններն իմանալը մեզ տրված չէ: Սակայն մի բան ակնհայտ է. եթե չգիտեր, ապա իր համար շատ վատ է, իսկ եթե գիտեր ու չի կարողացել անհրաժեշտ դիվանագիտական «սրբագրումներ» անել տալ, է՛լ ավելի վատ:
Կարծում ենք` ՀՀ արտգործնախարարության և Վատիկանում ՀՀ դեսպանի առաջիկա քայլը պիտի լինի բողոքի նոտայով Վատիկանի արտաքին հարաբերությունների գերատեսչությանը դիմելը: Թո՛ղ որ այդ նոտան դիվանագիտական էթիկետի առումով անպատշաճ լինի, թո՛ղ որ այն ընկալվի իբրև Վատիկանի ներքին գործերին միջամտության փորձ, բոլոր դեպքերում հանուն ճշմարտության և արդարության կարելի է նաև էթիկետ խախտել: Նոր Ջուղայում երբ հազարավոր խաչքար ու գերեզման էին ոչնչացնում, թուրք-ազերիները ոչ մի էթիկետ էլ հաշվի չառան:
Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ