Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեծ Հայրենականի հերոս, ուկրաինացի օդաչու Գեորգի Կրավչենկոյի հիշատակը կհավերժացվի Լենինգրադի մարզի Սինյավինո քաղաքատիպ ավանում: Հուշարձանի կանգնեցմանն օժանդակելու առաջարկով պետերբուրգաբնակ բարերար Հրաչյա Պողոսյանին են դիմել «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» եւ «Ռուսաստանի Դաշնության ու Խորհրդային միության հերոսների խորհուրդ» կազմակերպությունները՝ հաշվի առնելով նրա զգալի ներդրումը Մեծ Հայրենականում զոհվածների հիշատակի հավերժացման գործում:
«Մեր կազմակերպության անդամների թիվն օրեցօր նվազում է, սակայն ունենք զավակներ եւ թոռներ, ում պետք է հանձնենք պատերազմական սխրանքների հիշատակի էստաֆետը: Հերոսների հիշատակի հավերժացումը նույնպես սխրանք է»,- համարում է «Շրջափակված Լենինգրադի բնակիչներ» ՀԿ վարչության նախագահ Իրինա Սկրիպաչովան` շնորհակալություն հայտնելով հուշարձանի ստեղծմանն աջակցելու համար:
Խորհրդային միության առաջին կրկնակի հերոս Գեորգի Կրավչենկոն զոհվել է 1943թ. փետրվարի 23-ին՝ Սինյավինոյի օդային տարածքում վարած մարտի ժամանակ: Նրա վախճանի տեղում՝ երկու մետրանոց ստելլայի վրա տեղադրվելու է օդաչուի կիսանդրին: Հուշարձանի հիմնարկեքը կատարվեց հոկտեմբերի 29-ին:
Քանդակագործ Լյովա Բեյբությանը պատմում է, որ կիսանդրու վրա աշխատելիս օգտվել է լուսանկարներից, ուսումնասիրել պատմական հուշարձանները: «Իհարկե, նյութերը շատ քիչ են: Կարդացել եմ Կրավչենկոյի մասին պատմական աղբյուրներում եւ, մի քիչ ոգեշնչվելով, ստեղծել եմ նախագիծը, այժմ էլ աշխատում եմ կիսանդրու վրա»,- ասում է նա:
ՌԴ եւ ԽՍՀՄ հերոսների խորհրդի փոխնախագահ, ՌԴ հերոս Անատոլի Զայցեւն իր ուրախությունը հայտնեց այն կապակցությամբ, որ Սինյավինոյում հավաքվել են հայ, ռուս եւ ուկրաինացի ժողովուրդների ներկայացուցիչները, որպեսզի հարգանքի տուրք մատուցեն Հայրենական Մեծ պատերազմի տարիներին զոհված զինվորներին: «Կրակով թրծված այս հողի վրա կռվել են ավելի քան 40 ազգությունների ներկայացուցիչներ, եւ դրանց թվում էր նաեւ Գրիգորի Կրավչենկոն»,- փաստեց նա:
Բարերար Հրաչյա Պողոսյանի միջոցներով եւ նախաձեռնությամբ երկրորդ համաշխարհայինի զոհվածների հիշատակը հավերժացնող մի քանի հուշարձան է կանգնեցվել: Նա նաեւ նախաձեռնել է Արագածոտնի մարզի հայրենի Ագարակ գյուղում «Արարատ-73-ի» հաղթանակների 40-ամյակին նվիրված հուշարձանի կանգնեցումը: Բոլոր այս կոթողները նրա համար կապակցված են մեկ գաղափարով: «Կապը միակն է՝ շնորհակալություն հայտնել մեր հերոսներին: Հերոսները պարտադիր չէ, որ լինեն պատերազմների ժամանակ, նրանք այսօր մեր կողքին ապրում են: Ու մենք պետք է անենք այնպես, որ ապագա սերունդները ճանաչեն նրանց»,-ասում է բարերարը:
Հուշարձանի բացումը նախանշված է 2014թ. փետրվարին:
Գոհար Մարտիրոսյան
Սանկտ Պետերբուրգ