|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Շաբաթ օրը` 10:20-ին, Հայաստանում խափանվել էր էներգահամակարգը: Արդյո՞ք Հայաստանը խնդիր ունի` էներգետիկ անվտանգության հետ կապված. ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արմեն Մովսիսյանից:
Նախարարը պատասխանեց, որ տեղի է ունեցել Հայաստանի էներգահամակարգի մեկուսացում Իրանի համակարգից, որոնք մինչ այդ գտնվել են զուգահեռ աշխատանքի մեջ: Իրանից մեծ քանակությամբ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր կան, որոնց արդյունքում Հայաստանը առավելագույնս կարողանում է օգտագործել ավելի էժան էլեկտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը: Իրանից մեկուսացված իրավիճակում աշխատելու դեպքում սակագնի վրա ազդեցությունը կազմում է 7-8 դրամ: Եվ քանի որ ատոմակայանը գտնվում էր վերանորոգման մեջ, ըստ նախարարի, տեղի է ունեցել տեխնիկական խնդիր` պարամետրերի խախտում, և անհարկի վթարներից խուսափելու համար համակարգը հոսանքազրկվել էր:
Նախարարը նշեց, որ վերականգնման պրոցեսը տևել է երեք ու կես ժամ` բոլոր կանոնակարգերի համաձայն: Էներգետիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որպեսզի այսուհետ նման իրավիճակներն ավելի մեղմ անցնեն: Մովսիսյանի խոսքով` Հայաստանի էներգետիկ համակարգը բավական ծեր է, ուստի ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի համակարգը արդիականացվի` անհրաժեշտ ներդրումների միջոցով:
«Սա տասներեք տարվա մեջ առաջին դեպքն է: Նման ֆորսմաժորային իրավիճակներ միշտ էլ կարող են լինել: Էներգետիկ անվտանգությունը բացարձակ չի լինում»,- ասաց նա: