կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 18:44
Առանց Կատեգորիա

Կմիջամտի՞ Ռուսաստանը ղարաբաղյան նոր պատերազմին

Կմիջամտի՞ Ռուսաստանը ղարաբաղյան նոր պատերազմին

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրեյ Ռուզինսկին Ռուսաստանի ՊՆ-ի «Կարմիր աստղ» պաշտոնաթերթին տված հարցազրույցում հայտարարել էր, թե եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշի ուժային ճանապարհով իր իրավասությունը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինված հակամարտության մեջ՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտավորություններին համապատասխան:

 

Հրամանատարի այս հայտարարությունը Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներն ընդունեցին հրճվանքով` վերջապես Ռուսաստանը ճանաչեց իր պատասխանատվությունը Հայաստանի անվտանգության նկատմամբ, որ ստանձնել էր ՀԱՊԿ շրջանակում: Մաքսային միությանը միանալու` Սերժ Սարգսյանի հայտարարությունից և Վլադիմիր Պուտինի` Հայաստան կատարելիք հնարավոր այցի մասին տեղեկությունների ֆոնին ռուս հրամանատարի այս «բացահայտումն» առանձնակի հմայք ստացավ:

 

Մինչդեռ իրականում Ռուզինսկին ոչ մի նոր, առավել ևս առանձնակի ուրախության տեղիք տվող բան չի ասել: Նախ պետք է նկատի ունենալ, որ հայտարարությունն անում է կադրային զինվորական: Իսկ զինվորականներն ընդհանրապես սովոր չեն իրենց խոսքը պաճուճապատել դիվանագիտական նրբերանգներով: Սա քաղաքական ենթատեքստ կամ ուղերձ չպարունակող հայտարարություն է այն խնդիրների համատեքստում, որը դրված է ռազմակայանի և նրա հրամանատարի առջև: Իսկ այդ խնդիրը որքան պարզ է, նույնքան էլ` երկակի: Ռուզինսկին չի ասում, թե 102-րդ ռազմակայանը կմիջամտի ԼՂ-ի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժ կիրառելու դեպքում: Նա ասում` կարող է միջամտել: Իսկ դա նշանակում է, որ կարող է և չմիջամտել: Այսինքն` դա մինչև վերջ չհստակեցված խնդիր է: Իսկ որ այդ հարցում ոչ մի որոշակիություն չկա, պարզ էր ի սկզբանե: Ոչ ոք առ այսօր նույնիսկ չգիտի` արդյո՞ք ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերը, առանձին վերցրած` Ռուսաստանը, միջամտելու են Հայաստանի դեմ ուղղված ադրբեջանական ագրեսիայի դեպքում, էլ ուր մնաց` ԼՂՀ-ի պարագայում:

 

Հայաստանում թերևս ենթագիտակցորեն հասկանում են, որ կարող է հասունանալ այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանին ձեռնտու դառնա միջամտել հայ-ադրբեջանական երկրորդ հնարավոր պատերազմին հենց ԼՂ-ի հետ շփման գծում: Դա ամենահարմար առիթը կլինի` ապահովելու համար Ադրբեջանի և Իրանի սահմաններին ռուսական ռազմական կոնտինգենտի տեղակայումը:

 

ԱՄՆ-ը` ի դեմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Ջեյմս Ուորլիքի, վերջին շրջանում չափազանց ակտիվ, միակողմանի գործունեություն է ծավալում հակամարտության կարգավորման բանակցային պրոցեսը վերակենդանացնելու ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է վերադարձնել կորցրած դիրքրերը թե' հարավկովկասյան տարածաշրջանում և թե', մասնավորապես, ԼՂ կարգավորման գործընթացում: Ռումինիայում արդեն սկսվել են ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգի տեղակայման աշխատանքները, որը էլ ավելի է նյարդայնացնում Մոսկվային: Հարավային Կովկասի նկատմամբ ավելորդ հավակնությունները կարող են «հյուսիսային արջին» մղել կտրուկ գործողությունների: Եվ հենց այս համատեքստում է, որ ինչ-որ պահի Ղարաբաղի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմական գործողությունների վերսկսումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Սա, իհարկե, այն սցենարի ուրվապատկերն է, որը գծագրել էր Զորի Բալայանը ՌԴ նախագահին ուղղված իր հայտնի բաց նամակում: Գուցե դա այն է, ինչ իսկապես ցանկանում է Հայաստանի ներկայիս իշխանությունը: Եթե անգամ այդպես է, ապա Ռուսաստանը ամենավերջում կանի այդ քայլը, երբ համոզված լինի, որ թելն իր ձեռքերում պահելու այլընտրանք գոյություն չունի:

 

Ռոզինսկու հայտարարությունն ունի երկու հիմնական թիրախ` Հայաստանի հասարակությունը և Ադրբեջանի իշխանությունները: Նախ` ռուս հրամանատարը հաստատում է, որ եթե հայերը խելոք պահեն իրենց, չնեղացնեն Ռուսաստանին, ինչպես դա անում էին իր քթի տակ եվրաինտեգրացիոն խաղերի տեսքով, ապա նա կմտածի թե' ՀԱՊԿ-ի և թե' երկկողմ ռազմական համագործակցության մասին ստրատեգիական նշանակություն ունեցող պայմանագրով իր ստանձնած` ՀՀ զինված ուժերի հետ միասին Հայաստանի անվտանգությունն ապահովելու պարտավորությունը կատարելու մասին: Այս հայտարարությամբ նաև փորձ է արվում մեղմել Ադրբեջանին հարձակողական զենք վաճառելու` հոգեբանական ազդեցությունը և դրա շուրջ Հայաստանում չհանդարտվող կրքերը: Առաջին անգամ է, ըստ էության, որ ռուսական կողմը բացում է փակագծերը հայաստանյան ռազմակայանի բալանսում գտնվող զինատեսակների ու զինտեխնիկայի, հրթիռային կայանքների առկայության վերաբերյալ: Դա չի կարող պատահական լինել, քանի որ այդ բացահայտումներն արվում են ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնաթերթի միջոցով: Ռուս հրամանատարը պարզապես ասում է, որ Հայաստանը հենց Ռուսաստանի օժանդակությամբ ունի Ադրբեջանին մատակարարվող զինտեխնիկային հակակշռող պոտենցիալ: Չնայած իրականում դա ոչ թե Հայաստանի ներուժն է, այլ Ռուսաստանի, քանի որ այդ զինտեխնիկան ոչ թե ՀՀ զինված ուժերի սեփականությունն է, այլ ՌԴ-ի:

 

Ռուզինսկին քննարկման նյութ է տալիս նաև Ադրբեջանի իշխանություններին: Նրանց, կարծես, հասկացնում է, որ ռուսական տարածաշրջանային քաղաքական վեկտորին հակադրվելու պարագայում այն կարող է վերջնականապես զրկվել ԼՂՀ-ն վերագրավելու հնարավորությունից: 102-րդ ռազմակայանի գործոնը ծառայեցվում է որպես Ադրբեջանին ծնկի բերելու, նրան դեպի Մաքսային միությունը տրամադրելու, ինչ-որ տեղ պարտադրելու գործիք: Ադրբեջանին հասկացնում են, որ չի բացառվում ռուս-վրացական 5-օրյա պատերազմի սինդրոմի կրկնությունը ԼՂ հարցում:

 

Գևորգ ԴԱՐԲԻՆՅԱՆ