կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-27 18:35
Առանց Կատեգորիա

Ռուսաստանը կմիջամտի միայն Երևանի վրա հարձակվելու դեպքո՞ւմ

Ռուսաստանը կմիջամտի միայն Երևանի վրա հարձակվելու դեպքո՞ւմ

2013թ. հոկտմբերին ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին ՌԴ ՊՆ պաշտոնաթերթ «Կրասնայա զվեզդա»-ին տված հացազրույցում ասել էր, որ եթե Ադրբեջանի ղեկավարությունը որոշում կայացնի ուժային ճանապարհով իրավասություն հաստատել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ռուսական ռազմաբազան հակամարտության մեջ կներքաշվի՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում ՌԴ պայմանագրային պարտականություններին համապատասխան: Դա միակ դեպքն է, երբ Ռուսաստանի որևէ իրավասու անձի մակարդակով Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում միջամտելու հանձնառության մասին հստակ հայտարարություն է արվել: Բայց այդ ժամանակ Հայաստանը դեռևս ԵՏՄ անդամ չէր: Եվ Հայաստանին դեռ չէին ստիպել հայտարարել, որ ԵՏՄ-ին անդամակցում է առանց ԼՂՀ-ի: Դրանից հետո Ռուսաստանը պաշտոնապես դեռևս չի պարզաբանել՝ ԼՂՀ-ն ԵՏՄ-ի սահմաններից դուրս թողնելը նշանակո՞ւմ է, որ այն դուրս է թողնվում նաև իր կողմից անվտանգության ապահովման պարտավորությունների սահմանագծից:

 

Հունվարի 11-ից Ադրբեջանը բացահայտ ագրեսիա է իրականացնում ոչ թե ԼՂՀ-ի, այլ արդեն Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Հայաստանի Տավուշի մարզում ադրբեջանական զինուժը ճակատային գրոհներ է ձեռնարկում հայկական դիրքերի վրա, որոնց հետևանքով զոհեր ենք ունենում ոչ միայն զինվորների, այլ նաև խաղաղ բնակիչների շրջանում: Մինչդեռ` ո'չ ՀԱՊԿ-ն, ո'չ էլ Ռուսաստանը դրանց դեռևս որևէ կերպ չեն արձագանքել: Մոսկվան ոչ միայն չի նկատում, այլ չի էլ ուզում նկատել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը:

 

Ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմական կանխատեսման կենտրոնի տնօրեն Անատոլի Ցիգանոկը օրերս դրան յուրօրինակ բացատրություն է տվել. «Սա սահմանային կոնֆլիկտ է, այլ ոչ թե հարձակում Երևանի վրա: Հետևաբար, ՀԱՊԿ-ը ոչինչ անել չի կարող»: Այսինքն՝ քանի դեռ Երևանը չի հայտվել Ադրբեջանի թիրախում, ո'չ Ռուսաստանը, ո'չ էլ ՀԱՊԿ-ը մատը մատին չե՞ն խփելու: Բայց եթե բանը հասնի արդեն Երևանին, էլ նրանց միջամտելու կարիքը չի լինի, որովհետև, որպես այդպիսին, չի լինի Հայաստանը:

 

Պարզ է, որ Ուկրաինայում ներկայումս ծավալված լայնամասշտաբ պատերազմը Ռուսաստանին ստիպում է ուշադրության մեծ մասը կենտրոնացնել այնտեղ: Սակայն Ադրբեջանի նման վարքագիծը, առավել ևս, հարձակողական զենք վաճառելով, նրան երես տալու պայմաններում, հղի է հենց Մոսկվայի համար երկրորդ հնարավոր ճակատի բացման հեռանկարով: Լարվածության՝ պատերազմի վերաճելու պարագայում Մոսկվան ստիպված է լինելու անդրադառնալ իր պարտավորությունների կատարման հարցին: Այդ հեռանկարն ավելի տեսանելի դարձավ, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը չփոխի իրավիճակն ավելի լարելու` իր ներկայիս մարտավարությունը, Հայաստանն իրեն նախահարձակ լինելու իրավունք է վերապահում:

 

Հայաստանի հետ սահմանին միկրոպատերազմ ծավալելու և դրա մասշտաբներն աստիճանաբար մեծացնելու` Ադրբեջանի նպատակներից մեկն այն է, որ փորձում է հասկանալ՝ լարվածությունը մինչև ի՞նչ աստիճանի մեծացնելու դեպքում Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը կարձագանքեն, կամ կարձագանքե՞ն, արդյոք, ընդհանրապես, թե՞ ոչ: Եվ որքան ուշանում է այդ արձագանքը, այնքան Բաքուն իրեն ավելի է երես առած երեխայի նման պահում:

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը հո չի՞ կարող Ադրբեջանի ամեն սադրանքից հետո հայտարարություն անել: Իբր այնքան են հալումաշ եղել` նախկին նման դեպքում հայտարարություններ անելով, որ հիմա անհարմար է նրանց նեղություն պատճառել: Նալբանդյանը, թերևս, նկատի ունի ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի կողմից նախկինում արած հայտարարությունները: Եթե այդպես է, ապա կա'մ չի հասկացել նրա հայտարարությունների իմաստը, կա'մ պարզապես հանրությանը միտումնավոր մոլորության մեջ է գցում: Որովհետև Բորդյուժայի բոլոր հայտարարությունները եղել են բացառապես այն մասին, որ ՀԱՊԿ-ն ամեն ինչ անելու է հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Ընդամենը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր հրավիրած ասուլիսում պարզաբանել է, որ որպեսզի ՀԱՊԿ-ը միջամտի, անհրաժեշտ է, որ Հայաստանի անվտանգության խորհուրդն այս մասին որոշում ընդունի և նման խնդիր դնի ՊՆ-ի առջև: Իսկ դրա անհրաժեշտությունը ՊՆ-ն դեռևս չի տեսնում: «ՀՀ ԶՈՒ կայացման ողջ ընթացքը ապացուցել է, որ հայկական բանակն անընդհատ հզորացող ու զարգացող է, և չեմ կարծում, թե այս լարվածության փոքր ձևերը կարող են մեզ ստիպել դիմել ՀԱՊԿ-ին: Այդ դեպքում ո՞րն է հայկական բանակի դերը, առաքելությունը, եթե այդ փոքր խնդիրների դեպքում չի կարողանալու չեզոքացնել վտանգը»,- հիմնավորել է Սեյրան Օհանյանը: Պաշտպանության նախարարին հասկանալ կարելի է: Նման դիմումով հիմա հանդես գալը անուղղակիորեն նշանակելու է, որ ոչ միայն իրավիճակը վերահսկել չենք կարողանում, այլև խոստովանում ենք, թե սեփական ռեսուրսներով այսքանից ավելի դիմադրելու ի զորու չենք: Սա ազգային բանակի մարտունակությունը ոչնչացնելու խայտառակ քայլ կլիներ: Եվ պարզ է, որ բուն միջամտության խնդրով ՊՆ-ն ՀԱՊԿ-ին կդիմի միայն ծայրահեղ դեպքում:

 

Բայց հարցը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի կողմից անմիջականորեն ռազմական գործողություններին միջամտելը չէ, այլ բանը դրան չհասցնելը: Այսինքն` Ռուսաստանից և ՀԱՊԿ-ից պահանջը քաղաքական հստակ, միանշանակ դիրքորոշում հայտնելն է, որ, ի վերջո, հասկանանք՝ մենա՞կ ենք դիմակայելու հնարավոր պատերազմում, թե՞, այնուամենայնիվ, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերությունը թղթի կտոր չէ: Այս օրերին նման ուղերձը հոգեբանական-քարոզչական նշանակություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով, որ Գյումրիում հայկական ընտանիքի սպանդի հետ 102-րդ ռազմաբազայի կապ ունենալու, այդ հանցագործության մեջ միակ կասկածյալին հայկական իրավապահ համակարգին չփոխանցելու պատճառով Ռոսւաստանն ուղղակի քարուքանդ է անում իր նկատմամբ հայաստանյան հասարակության վստահության հիմքերը: Իսկ գուցե Ռուսաստանին, մարտավարական առումով, հիմա հենց դա էլ պե՞տք է...

 

Գևորգ Դարբինյան