Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացական Pepper TV հեռուստաալիքի տնօրեն, բլոգեր Աչիկո Չկոիդզեն ArmDaily.am-ի հետ զրույցի ժամանակ ասաց, որ հայ-վրացական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ պետք էր վաղուց աշխատել, սակայն ոչ վրացական կողմը, ոչ հայկական կողմը բավականաչափ հետաքրքրություն չցուցաբերեցին այս հարցում։ «Հայ-վրացական հարաբերությունների զարգացման ուղղությամբ պետք էր աշխատել դեռևս Սովետական միության փլուզումից անմիջապես հետո։ Հայաստանն ու Վրաստանը միշտ ստրատեգիական կարևոր հարաբերություններով են կապված եղել, ոչ թե որովհետև միշտ սիրել են իրար։ Պետք է ճշմարտությունը խոսել՝ միշտ չէ, որ լավ հարաբերություններ ենք ունեցել, բայց պատմականորեն մեր տարածաշրջանում մենք շրջապատված ենք եղել մուսուլմանական երկրներով։ Այդ իսկ պատճառով «ստիպված են» եղել թե վրացիները, թե հայերը, որ սերտ փոխհարաբերություններ ունենալ։ Եղել են ժամանակներ, երբ միասնաբար պայքարել ենք օսմանցիների դեմ, եղել է, որ միասնաբար պայքարել ենք իրանական շահերի դեմ։ Բայց Խորհրդային միության փլուզումից անմիջապես հետո պետք էր կառուցել ոչ միայն բարիդրացիական հարաբերություններ մեր երկրների միջև, այլ կառուցել ստրատեգիական համագործակցություն։ Ցավալի է, որ ոչ ոք դա չուզեց անել։ Ոչ ոք չուզեց՝ ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում»,-ասաց Չկոիդզեն։
Վրացի փորձագետը պատմում է, որ դեռևս 2014 թվականին Երևան իր այցի ժամանակ պաշտոնատար անձանց հետ հանդիպումների ժամանակ ասել է նրանց, որ Թուրքիայի դերը տարածաշրջանում գնալով աճում է և հետագայում Ռուսաստանը ի վիճակի չի լինի հակազդել ազդեցության այդ աճին ու պաշտպանել Հայաստանը և Վրաստանը։ «Վրաստանի և Հայաստանի համագործակցությունը պետք է խորացվեր դեռ այն ժամանակ, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը նոր էր թափ առնում։ Պետք էր դիմադրություն ցույց տալ, երբ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ֆինանսավորմամբ սկսեցին կոնկրետ ծրագրեր իրագործել։ Ցավոք սրտի, ոչ մի բիզնեսմեն, ոչ մի օլիգարխ, ոչ մի մեցենատ, ոչ մի հայ, ոչ մի վրացի՝ դրանով չզբաղվեց, ու երբ որ առաջարկում էին հայ-վրացական երիտասարդական ֆորում ստեղծել, որպեսզի կապեր ու հարաբերություններ ստեղծեինք, որ Կովկասի այս երկու քրիստոնեական ազգերը միմյանց սերտացնեինք, ոչ ոք նույնիսկ լսել չուզեցին։ Այնինչ այդ ժամանակ ադրբեջանական ընկերությունները՝ այդ թվում «Socar»-ը հսկայական միջոցներ էին ծախսում միլիոններով, միգուցե միլիարդներով դպրոցներ կառուցելով, կրթական ծրագրերով, քաղաքական գործիչներին էին ֆինանսավորում, նույնը նաև հիմա է կատարվում։ Իսկ վրացի և հայ օլիգարխները ոչինչ չեն ձեռնարկում, նրանք մտածում էին, որ Ռուսաստանը մեզ կփրկի, ոչ մի խնդիր չի լինի, Թուրքիան ոչինչ չի կարողանա անել, բայց հակառակը եղավ։ Կարծում եմ, հիմա արդեն շատ ուշ է ինչ-որ բան անել, սակայն միևնույն է պետք է ինչ-որ բան ձեռնարկել։ Պետք է փորձել սկսել ծրագրեր ու միջոցառումներ, որոնց կմոտեցնեն այս երկու ժողովուրդներին։ Հաջորդ քայլը պետք է լինի հայ-վրացական ստրատեգիական միություն կառուցելու անհրաժեշտությունը։ Որովհետև մենք հայտնվել ենք մուսուլմանական երկրների շրջափակման մեջ ենք հայտնվել, ու թուրք-ադրբեջանական տանդեմը հզոր ուժ է, որին չի կարող այլևս հակազդել Ռուսաստանը։ Ռուսաստանը ի վերջո կհեռանա Կովկասից, եթե շարունակեն նույն քաղաքականությունը, ինչ ունեն այսօր»,-ասաց Չկոիդզեն։
Վրացի Չկիդզեն նշում է, որ օրինակ է պետք վերցնել տարածքով փոքր Իսրայելից, որից բոլորը վախենում են։ Անհրաժեշտ է սկսել միասնական համատեղ ստրատեգիական համագործակցություն և դրանից հետո արդեն կարող են համատեղ նաև համագործակցել Ռուսաստանի հետ։ «Կարծում եմ, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն երկրորդ տարբերակը նաև համագործակցության՝ դա ԱՄՆ-ն է։ Եթե ամերիկյան բազաները այստեղ կանգնեն, ապա հետագայում Թուրքիան և Ադրբեջանը ոչ մի լուրջ ներխուժում չեն կարող անել, տարբերակները շատ են։ Բայց որ Ռուսաստանն այսօր կարող է աջակցել, իսկ վաղը կարող է իրենց ավելի հետաքրքրական լինել համագործակցությունը Թուրքիայի, Ադրբեջանի կամ Իրանի հետ։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի քաղաքականությունը շատ լղոզված է։ Շատ լավ կլիներ, որ Ռուսաստանը որպես քրիստոնյա երկիր լիներ Վրաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը, որ Վրաստանն ու Հայաստանը լինեին Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցները։ Բայց մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը դեռևս ինքն էլ չգիտի, թե ինչի է ուզում։ Նրանք հասել են այն կետին, որ իրենց համար ամենահարազատ ազգի՝ Ուկրաինայի հետ պատերազմի մեջ են»,-ասաց Չկոիդզեն։
Նա շեշտում է, որ չի կարելի բացառել, որ Ուկրաինայի հետևում հրահրողներ կարող են լինել Արևմուտքն ու մեծ տերությունները, բայց եթե Ռուսաստանն իրեն հռչակում է գերտերություն, ապա նա պետք է բոլոր այդ խնդիրները լուծի։ Այնինչ, Ռուսաստանը խնդիրներ ունի թե Ուկրաինայի, թե Մոլդովայի, թե Բելառուսի հետ։ «Հայաստանն ու Վրաստանը որպես փոքր պետություններ զւոգահեռաբար պետք է բանակցեն թե Ռուսաստանի, թե ԱՄՆ-ի հետ, թե Չինաստանի հետ, որպեսզի նրանց աջակցությամբ կարողանան պահպանել ու պաշտպանել իրենց տարածքային ամբողջականությունը։ Այս պահին պետք է բոլոր ուժերը միավորել ու կարևորը, որպեսզի տարածաշրջանում, ինչպես միշտ եղել է Հայաստանի ու Վրաստանի միջև, հաստատվեն սկզբի համար բարիդրացիական հարաբերություններ։ Այնինչ, այսօր Վրաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ ավելի լավ հարաբերություններ ունի, քանի որ Հայաստանի հետ։ Հաշվի առնելով ԱՄՆ-ի ֆակտորը, Թուրքիան ու Ադրբեջանը ռազմական ուժ չեն կիրառում, դա էր պատճառը, որ սկսեցին գնել ամեն ինչ, փողով գնել վրացական էլիտաներին, քաղաքական ուժերին։ Միևնույն ժամանակ հայ ու վրացի միլիոնատերերը ոչինչ չեն ձեռնարկում, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը կոնկրետ աշխատում են այս ուղղությամբ ու պետք չի նեղանալ, որ իրենք ամեն ինչ անում են իրենց շահերն ու գեոպոլիտիկ շահերն առաջ մղելու համար։ Իսկ վրացիներն ու հայերը միայն միմյանց համար խնդիրներ էին ստեղծում, ու եթե մեր կողմից հակազդում չլինի՝ ծրագրերով, կազմակերպություններով, մասս-մեդիայով, ապա ոչինչ մեզ մոտ չի ստացվի»,-եզրափակեց Չկոիդզեն։
Հայկա Ալոյան